«Ուսուցիչների վերաորակավորման, ատեստավորման պրոցեսի հետ կապված կարող ենք արձանագրել, որ ֆանտաստիկ արդյունք ունենք: Մենք հիշում ենք, որ այս պրոցեսի հետ կապված բավականին քաղաքական շահարկումներ եղան, ուսուցիչների շրջանում հուզումներ եղան: Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ ունենք ամբողջապես կայացած ծրագիր»,- այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Նա նշեց, որ կառավարությունը, բարձրացնելով նախապես նշված շեմը չհաղթահարած ուսուցիչների աշխատավարձը եւս, ցույց է տալիս, որ կարեւորը գումարը չի, այլ՝ ուսուցիչների պատրաստակամությունը. «Ես ուզում եմ մի փոքրիկ դրվագ պատմել՝ մի առիթի էի, որտեղ իմ բարեկամուհիներից մեկը նույնպես պիտի ներկա լիներ, շատ կարեւոր իրադարձություն էր, ինձ ասացին, որ նա չի եկել, որովհետեւ վաղը ատեստավորման քննություն ունի, պատրաստվում է այդ քննությանը: Սա ինձ համար ցուցանիշ է, որ ուսուցչուհին կարող է նույնիսկ իր համար ամենակարեւոր անձնական առիթներին էլ չմասնակցել, որովհետեւ պետք է վերապատրաստվի: Գոհ ենք եւ շնորհակալ ենք այսպիսի արդյունքների համար»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասաց. «Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեր բարեկամուհուն, որ այդ կարեւորությունը տվել է»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, խոսելով նորակառույց դպրոցների մասին, ասաց, որ լավ է՝ կարգադրիչը փոխվում է, որովհետեւ մի շարք դպրոցներ որակյալ չեն: Նա հորդորեց ուշադրություն դարձնել դպրոցների, բուհերի մուտքերին ու ելքերին, որոնք ճաղավանդակներով են: Հաշվի առնելով, որ մենք սեյսմիկ գոտում ենք, եթե հանկարծ մի աղետ եղավ, շատ դժվար կլինի տարհանումը, առանց այդ էլ դասամիջոց է լինում, զանգը հնչում է, մուտքերի մոտ մեծ հերթեր են գոյանում:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հաստատեց՝ ասելով, որ գողությունից խուսափելու համար են ճաղավանդակներ դրել, բայց իսկապես, խնդրահարույց է դա. «Մի դեպք լինի՝ շատ դժվար է լինելու շենքից դուրս գալ»:
Ժաննա Անդրեասյանը պատասխանեց. «Մեր դպրոցները, կրթական հաստատությունները ամբողջական դիագնոստիկայի կարիք ունեն: Երբ մենք նոր շենքերը կառուցում ենք, այդ ամենը հաշվի առնված են լինում, բայց քանի որ շենքերի մեծ մասը, այնուամենայնիվ գոյություն ունեն, հատկապես քաղաքում լուրջ խնդիր է: Հիմա, երբ մենք Երեւանում փորձում ենք նոր շենք կառուցել դպրոցի համար, բախվում ենք շատ լուրջ խնդիրների տարածքի համար: Դպրոցի սկզբնական տարածքը այդքանը չի եղել: Մենք մանկապարտեզների մասին ենք դա լսել, օրինակ, դատախազության հաղորդումներից, բայց այն, ինչ կատարվել է Երեւանում դպրոցների տարածքների հետ կապված, դա ուղղակի, կներեք, իրավական գնահատական չհնչեցնեմ, բայց ունեցել ենք դպրոցի շենք, որ ամբողջությամբ վերակառուցել ենք, կաթսայատուն չենք կարողացել ունենալ, որովհետեւ կաթսայատան տարածքն օտարվել է: Մենք չենք կարողանում Երեւանում դպրոցներում մարզահրապարակներ կառուցել, որովհետեւ ուղղակի տարածքներ չկան: Մենք ստիպված ենք լինում ուղղակի եղած տարածքներում ստանալ լավագույն արդյունքը: Սա հետեւանք է նրա, որ տարիներ շարունակ կրթական հաստատությունների շենքերը դիտվել են իբրեւ ոչ մեկի սեփականություն եւ յուրաքանչյուրը, ըստ իր հայեցողության, շահերի, նպատակների, այլեւայլ ցանկությունների, այդ շենքերն օգտագործել են՝ մի մասը տվել են անհատույց օգտագործման, մի մասը սեփականաշնորհել են, օտարել են եւ սա ուղղված է եղել մեր երեխաների կրթության դեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ