Այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԿԳՄՍ նախարարն ասաց, որ դպրոցների ֆինանսավորումը էական աճ է գրանցել՝ շուրջ 10 մլրդ: Նա նշեց՝ մենք էապես փոխում ենք դպրոցների ֆինանսավորման ձեւը, անցում ենք կատարում դասարանների թվով ֆինանսավորման. «Այս տարվա օգոստոսին կառավարության որոշմամբ մենք ընդունել ենք դասարանների կազմավորման կարգը, որով սահմանել ենք, որ դասարաններում երեխաների առավելագույն թիվը պետք է լինի 25, եթե խոսում ենք տարրական եւ հիմնական դասարանների մասին եւ 20, եթե խոսում ենք ավագ դասարանների մասին»:
Նախարարի խոսքով, դպրոցներից «անբավարար» գնահատականը դուրս է եկել. «Եթե որեւէ առարկայից երեխան գրանցում է «2» գնահատական մինչեւ 1-3 շրջակայքում, ապա նա պարտավորված պետք է լինի երկարօրյա ուսուցում անցնել այդ առարկայից, թեման յուրացնել ու իր ընկերներից հետ չմնալ: Այս բոլոր ծախսերը, այդ թվում՝ լաբորատորիաների ֆինանսավորումը, լաբորանտների հաստիքի ներդրումը, հոգեբանի հաստիքի ներդրումը, այս ամենը բերել է նրան, որ դպրոցների ֆինանսավորումն աճել է: Հանրակրթության ֆինանսավորման նոր չափորոշիչով մենք 10-20 տոկոսով բարձրացնում ենք բոլոր ուսուցիչների աշխատավարձը: Նոր չափորոշիչով դրույքաչափը տարրական դասարանների համար սահմանվում է 18 ժամ՝ 22-ի փոխարեն, ինչը բերում է 20% ավելացման, միջին դասարանների համար 20 ժամ՝ 22-ի փոխարեն, ինչը բերում է 10% ավելացման»:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց, եթե որեւէ ուսուցիչ 22 ժամ է շարունակում դասավանդել, նա ավել գումա՞ր կստանա: Անդրեասյանը բացատրեց, որ եթե մի դրույքը 18 ժամն է շաբաթական ու դրանից ավելի է դասավանդում, կստացվի, որ դրույքից ավելի է ծանրաբեռնվածությունը, հետեւաբար կվարձատրվի ըստ այդմ:
Ըստ նախարարի՝ լավ կլինի, եթե ուսուցիչը շատ չծանրաբեռնվի, որ ժամանակ ունենա դասին պատրաստվել, վերլուծել աշակերտի կատարած աշխատանքը, այդպես ավելի որակյալ կրթություն կտա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ