Բավականին մեծ հոսք կա, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերը եւ եղբայրները դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հարցով: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կառավարության քաղաքականությունն այն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չեն ունենալու վերադառնալ, ապա կառավարության ցանկությունն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանում, ապրեն ու աշխատեն այստեղ․«Իհարկե, այդ գործընթացը, բնականաբար, մենք սպասում էինք, որ պետք է տեղի ունենա: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործընթացը կազմակերպենք: Կան օրենսդրական որոշ նրբություններ, որոնք պետք է պահպանվեն, այստեղ նաեւ մեզ բոլորիս՝ կառավարությանը եւ պետական մարմիններին, պետք է հնարավորինս արագ աշխատել։ Բայց նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերից եւ եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի ամեն ինչ ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք»:
Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքների շրջանակներում նախատեսվում է նաեւ 50+50 ծրագրի իրագործումը․«Հետագայում արդեն նաեւ քաղաքացիություն եւ կարգավիճակ ստանալու բերումով պետք է մտածենք, թե կենսաթոշակառուների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ