Հայաստանով անցնող տարածաշրջանային եւ միջազգային ենթակառուցվածքներով անցնող բեռների եւ մարդկանց անվտանգությունն ապահովող ԱԱԾ նոր ստորաբաժանումը երեկվանից սկսել է իր աշխատանքը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլորովին վերջերս մենք ներկայացրեցինք «Խաղաղության խաչմերուկ» մեր նախագիծը։ Մենք տեղեկացրել էինք, որ նախատեսում ենք Հայաստանի Հանարպետության ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթներից մեկը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային եւ միջազգային կոմունիկացիաների՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, նաեւ այս կոմունիկացիայով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը»,-ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այդ ստորաբաժանումն արդեն ստեղծված է․«Մենք նախկինում այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ իրականացրել էինք, որովհետեւ մեր պլաններում դա կար, բայց այսօր ստորաբաժանումը ձեւավորված է եւ բավականին շոշափելի մասով համալրված է։ Ստորաբաժանումը երեկվանից սկսել է իր աշխատանքները»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ