Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ «Խենթը» ներկայացման պրեմիերան՝ ըստ Րաֆֆու համանուն գործի, որը, ինչպես եւ սպասվում էր, ընդունվեց մեծ ոգեւորությամբ: Այս դժնի օրերում կա խենթերի, ազգի հարմարվողականությունը կոտրելու եւ ոգին բարձրացնելու կարիք: «Խենթը» բեմադրել է ինքնատիպ ձեռագիր ունեցող ռեժիսոր Դավիթ Հարությունյանը: Այդ վեպը Րաֆֆու ծրագրային գործերից էր, ռուս-թուրքական պատերազմի գեղարվեստական արձագանքը, ու ցավոք, այսօր եւս պատերազմի ու ազգային անվտանգության նույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, ուստի ծրագրային պետք է լինի հուսահատությանը վերջ դնելը, նվաստացմանը չհամակերպվելը, ազգային արժեքներից չհեռանալը: Իսկ թատրոնը, կինոն, արվեստն ընդհանրապես, այդ գաղափարին մոտեցնելու ամենաիրական ուղիներն են:
Դավիթ Հարությունյանի բեմադրած «Խենթը» սպասված էր, տեղին ու գլոբալիզացման, ապազգայնացման օվկիանոսում ակամա կամ կամավոր հայտնված մարդկանց համար փրկօղակի պես մի բան: Ներկայացումը «բացում» է Լալան՝ Խենթի սիրած աղջիկը, նուրբ, քնքուշ, եւ ոգեշնչող, ինչը շատ գեղեցիկ սկիզբ է: Վերջերս մի առիթով հետախույզ, հասարակական եւ ռազմական գործիչ, ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովն ասել էր, որ լավագույն զինվորը հաղթանակած պիտի գա ու սիրի ամենասիրուն կնոջը:
Իսկապես, էլ ուրիշ ո՞ւմ համար պիտի հայրենյաց զինվոր դառնա տղամարդը, եթե ոչ հայրենիքի ու սիրած կնոջ: Լալայի սիրած տղան Խենթը, նույն ինքը՝ Վարդանը, մահապարտի պարտրաստակամությամբ օգնություն խնդրող նամակը հասցնում է գեներալ Տեր-Ղուկասովին: Խենթեր են նաեւ պոլսեցի Միքայել Դուդուկջյանը եւ Մելիք Մանսուրը. առաջինը անձնազոհաբար պայքար ու ազգային գիտակցություն է քարոզում, փորձում դպրոցներ հիմնել գյուղերում՝ հիմքից ձեւափոխելու համար հայի մտածելակերպը, երկրորդը, չարչի ձեւանալով, համապատասխան տեղեկատվություն է տարածում ու զենք մատակարարում:
Դավիթ Հարությունը «քամել» էր Րաֆֆու «Խենթը» վեպի սերուցքը ու շեշտադրելով ամենակարեւորը՝ ինքնատիպ լուծումներով ներկայացրել: Համոզիչ էր եւ դերասանների խաղը, եւ ընդհանրապես ամեն մանրամասն հաշվի էր առնված, մեծ աշխատանք էր կատարվել: Դավիթ Հարությունյանի բեմադրությունը, կարելի է ասել, ակադեմիկան որակի էր, այն հաջողված էր նաեւ մյուսների ջանքերի՝ պիեսի հեղինակ Սուրեն Տավրոսի (Հարությունյանի), բեմադրող նկարիչ Գարեգին Եվանգուլյանի, զգեստների նկարիչ Մարինա Թադեւոսյանի, կոմպոզիտորը Վահան Արծրունու, խորեոգրաֆ Անահիտ Ենոքյանի, գեղարվեստական գծով խորհրդական ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի շնորհիվ:
Կարդացեք նաև
Թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը բեմից հնչեցրեց բոլորի անունները, որոնք որեւէ ներդրում են ունեցել ներկայացման կայացման համար: «Մեր առաջ դրված բոլոր խնդիրները, որ կոչված ենք որպես Պատանի հանդիսատեսի թատրոն, փորձում ենք մեր խաղացանկային քաղաքականությամբ արդարացնել: Այսօր ձեր դատին ենք հանձնում մի շատ հետաքրքիր աշխատանք, որն այսօրեական է, այժմեական եւ մեր այս իրադարաձությունների ընթացքում շատ կարեւոր ասելիք ունի համախմբման ու միակամ լինելու առումով: Խոսքը Րաֆֆու «Խենթի» մասին է, որը, կարծում եմ, մեր հասարակությանն ունի կոնկրետ ասելիք»,-ասաց թատրոնի տնօրենը:
Դավիթ Հարությունյանը ներկայացման վրա աշխատել է ամիսներ, տարբեր հարցազրույցներում նա Րաֆֆուն որակել է մարգարե, քանի որ պատմությունը կրկնվում է, իսկ Րաֆֆին ի սկզբանե ներկայացրել է բոլոր խնդիրների սկզբնաղբյուրներն ու պատճառները, եւ հարկ է, որ վերջապես դասեր քաղենք պատմությունից: Գուցե կլինեն այլ կարծիքներ, թե ներկայացման շուրջ լավ իմաստով՝ աղմուկը պայմանավորված է նրանով, որ ռեժիսորը շատ է «խաղացել» հանդիսատեսի հույզերի վրա, բայց միեւնույն է՝ ապատիայի մեջ գտնվելու ու հաճախ անտարբերության հասնող այս համազգային հոգեվիճակը կարիք ունի արթնացման՝ ցանկացած բնույթի միջամտությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ