Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ներկայասցրեց ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը. «Այս տարի ունեինք 6320 դիմորդ, 4324-ը մասնակցել են կամավոր ատեստավորմանը, 1855 ուսուցիչ, կամ՝ մասնակիցների 43%-ը, շեմը հաղթահարել է եւ կունենա աշխատավարձի բարձրացում: 60-69% հավաքածները նույնպես դրույքաչափի բարձրացում կունենան»: Նախարարը նշեց, որ այս փոփոխությունը կվերաբերի նախորդ տարիներին կամավոր ատեստավորմանը մասնակցած 650 ուսուցիչներին եւս, նրանք կունենան դրույքաչափի բարձրացում՝ 200 հազար դրամի չափով:
Գիտության ոլորտի աշխատողների համար, ըստ նախարարի, նույնպես նախատեսվում է աշխատավարձի բարձրացում, չնայած 2022-ի հունվարին էին բարձրացրել: Նվազագույնը կբարձրանա լաբորանտի աշխատավարձը՝ 78%: Ավագ գիտաշխատողի աշխատավարձը կբարձրանա 267 %-ով. «Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը հունվարից կդառնա 424 հազար դրամ, այն պարագայում, երբ 2021-ին 114 հազար 300 դրամ էր: Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը հունվարից դառնում է 500 հազար դրամ, մինչեւ այս գործընթացը 138 հազար դրամ էր»:
Սպորտի ոլորտում 213 հոգի սպորտային նպաստ է ստանում, պատվովճարներ ստանում է 114-ը: Բոլոր մարզիկները, որոնք հեռանկարային եւ եւ բարձր արդյունք են ցույց տալիս, խրախուսվում են՝ իրենց մարզիչների հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ