Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր երկրի քաղաքացիներ են արցախցիները. «Հրապարակ»

Նոյեմբեր 02,2023 11:10

ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը երեկ պատասխանելով մեր լրագրողի հարցին, թե ինչու արցախցիներին չեն ընդունում ոստիկանություն՝ ծառայության, ասել է, որ ոստիկանությունում ծառայության կարող են անցնել միայն ՀՀ քաղաքացիները։ Այսինքն՝ ստացվում է, որ պետությունն արցախցիներին չի համարում ՀՀ քաղաքացիներ՝ այն դեպքում, երբ նրանց ՀՀ անձնագրեր է տվել՝ ճիշտ նույն անձնագրերից, ինչ ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները, պարզապես՝ 070 կոդով, իսկ հաշվառման հասցեն Արցախն է։ Տեսակետը, ըստ որի՝ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, հիմնավորում են նրանով, որ նրանք երբեւէ չեն մասնակցել Հայաստանում անցկացվող համապետական ընտրություններին, Հայաստանի պաշտպանությանը, չեն ունեցել նույն սոցիալական երաշխիքները, ինչ Հայաստանի քաղաքացիները։

Նախկին փոխոստիկանապետ, ներկայում փաստաբան Հովհաննես Քոչարյանին հարցրինք՝ արցախցիներն ի վերջո ՀՀ քաղաքացինե՞ր են, թե՞ ոչ։ Քոչարյանը նշեց, որ բարդ հարց է՝ մի քանի տեսանկյունից գնահատման ենթակա․ «Արցախը դե ֆակտո ՀՀ-ի կողմից ճանաչված է։ Հանրության մեջ տեսակետ կա, որ Արցախը ՀՀ-ն չէր ճանաչել, բայց դե ֆակտո ճանաչումը դե յուրե ճանաչումից տարբերվում է նրանով, որ այն կրում է ժամանակավոր բնույթ։ Այսինքն՝ այդ պետության կարգավիճակի փոփոխության հետեւանքով դե ֆակտո ճանաչումը կորցնում է իր իրավաբանական ուժը։ Հիմա դե ֆակտո ճանաչված Արցախի սահմանադրության մեջ Արցախի քաղաքացիության մասին է խոսվում, որտեղ նշված չէ, որ Արցախի քաղաքացին ՀՀ քաղաքացի է։ Այսինքն՝ պետության այն մոտեցումը, որ իրենք Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ես չէի ասի, որ իրավունքից ու ողջամտությունից դուրս մոտեցում է։ Քանի որ դե ֆակտո ճանաչված արցախցիների ազատ տեղաշարժը հնարավոր չէր ազգային անձնագրերով, որովհետեւ ոչ մի պետություն չէր ճանաչել, եւ որպեսզի նրանք այդ բարդության առջեւ չկանգնեն, ժամանակին մի շատ ճկուն լուծում էին գտել, որ ավելի լավ է նրանց տան ՀՀ անձնագրեր, բայց 070 կոդով, որը նույնականացվում էր Արցախ պետության հետ, եւ մեզ այն ժամանակ հաջողվել էր դիվանագիտական լուծումներ գտնել, որպեսզի այդ մարդիկ տեղաշարժվելիս խնդիրներ չունենային։ Եվ դե յուրե Արցախի քաղաքացիները փաստացի ունենալով ՀՀ քաղաքացու անձնագրեր, այդ փաստաթղթի ճամփորդական հնարավորություններից էին օգտվում։ Հիմա եթե մենք նրանց դիտարկեինք որպես մեր քաղաքացիներ, ապա նրանք պետք է Հայաստանի հետ իրավական կապի մեջ լինեին, որը հիմնականում դրսեւորվում է ընտրություններին, պաշտպանությանը մասնակցելով եւ այլն․․․ բայց քանի որ այն հայկական պետականության դե ֆակտո մաս է եղել, բայց իրավական փաստաթղթերով մնացել է որպես պետական ինքնուրույն կազմավորում, հետեւաբար՝ այն տեսակետը, որ իրենց չենք կարող դիտարկել որպես ՀՀ քաղաքացի, ես չեմ կարծում՝ հակաիրավական մոտեցում է։ Այստեղ ուրիշ խնդիր կա․ այդ մարդկանց դե յուրե ՀՀ քաղաքացի դարձնելու ընթացակարգերը շատ պարզեցված պետք է լինեն, գուցե օրենսդրական կամ փաստացի լուծման ճանապարհով գնան։ Օրինակ՝ 2 լուծում ասեմ․ ավելի պարզեցված ընթացակարգ է սահմանվում օրենքով, եւ Արցախի հաշվառում ունեցող մեր հայրենակիցները պարզապես հաշվառման վայրը փոխելով՝ դառնում են ՀՀ լիիրավ քաղաքացիներ՝ առանց բյուրոկրատական քաշքշուկների եւ առանց ավելորդ վարչարարության։ Սա, կարծում եմ, կլինի հարցի վերջնական եւ ճիշտ լուծումը»։

Ապա նա անդրադարձավ հարցի մյուս կողմին․ արցախցիների՝ Արցախ հնարավոր վերադարձին․ «Ես չեմ կարծում, որ այլեւս օրակարգային չէ նրանց հետվերադարձի հարցը, եթե այդ մարդիկ հետ են վերադառնում, նրանց կարգավիճակի հստակություն պիտի լինի, այդ հետվերադարձը պետք է չլինի որպես ՀՀ քաղաքացիների հետվերադարձ, պետք է լինի հենց այդ տարածքի մշտական բնակիչների հետվերադարձ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ եթե բոլորին քաղաքացիություն տան, ապա այդ խնդիրը կարող է շահարկվել մեր հակառակորդների կողմից, որ նրանք այլեւս ձեր քաղաքացիներն են, եւ հետվերադարձի հնարավորությունները կսահմանափակվեն։ Կարծում եմ՝ արցախցիներին պետք է դիտել որպես Արցախի քաղաքացիներ, դա նաեւ Արցախի Սահմանադրությունից է բխում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում պետք է խնդիրների առաջ կանգնեն, ընդհակառակը՝ նրանց ինտեգրումը մեր հասարակության մեջ պետք է տեղի ունենա շատ արագ, օպերատիվ եւ շատ պարզեցված վարչարարությամբ»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930