Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է։ Եվ ճիշտ է՝ ՏՏ ոլորտը տարիների ընթացքում էական աճ է գրանցել, սակայն դրա նշանակությունը շատ հաճախ չափազանցվում է, իսկ թերությունները՝ անտեսվում։ Խնդիրն այն է, որ Հայաստանն ավելի մեծ պոտենցիալ ունի տեխնոլոգիական ոլորտում՝ ի համեմատ այն ներուժի, որը ներկայում գործի է դրվում։ Բայց դա չի խանգարում, որ, օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարի, թե Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ուղղակի մրցակից չունի: Նույն կերպ ժամանակին նույն Արշակյանը հայկական արտադրության եզակի անօդաչուների տեսանյութեր էր տեղադրում ու փիառվում՝ ներկայացնելով դրանց բացառիկ հնարավորությունները։ Ու մարդկանց էլ թվում էր, թե շատ հզոր ԱԹՍ-ներ ունենք, որոնք ի վիճակի են պատերազմի ժամանակ լուրջ խնդիրներ լուծել, բայց ռազմական գործողությունների ժամանակ պարզվեց, որ դրանք բեկումնային նշանակություն ունենալ չեն կարող։
Ավելին՝ հակառակորդն ավելի մեծ տեխնիկական հնարավորություններով օժտված անօդաչուներ էր կիրառում ընդդեմ հայկական կողմի զինված ուժերի։ Մյուս կողմից էլ՝ հայաստանյան ՏՏ ոլորտի հետ կապված ավելի շատ խոսվում է դրա աճի տեմպերի, քան այս բնագավառում առկա խորքային հիմնահարցերի մասին։ Չէ՞ որ այդ հիմնահարցերի հետ հաշվի նստելու արդյունքում է, որ հնարավոր կլինի ոլորտի խթանմանը նոր տեմպ հաղորդել։ Օրինակ՝ երկարաժամկետ իմաստով լուրջ խնդիր է, որ տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների մի ահռելի մասն ուղղակի արտասահմանյան ընկերությունների համար է աշխատում, որոնք էլ ստանում են հայ մասնագետների ստեղծած արդյունքը ու երկրից դուրս հանում, այնինչ անհրաժեշտ է, որ հայկական ընկերություններն աճեն ու թողարկեն իրենց սեփական արտադրանքը։ Իսկ հայկական ընկերությունների հզորանալու համար պետք է, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Այս հարցում առաջին նախադրյալը գաղափարների գեներացումն է, բայց անհրաժեշտ պայմաններ ստեղծված չեն, որ լավագույն մասնագետները մնան ու իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանում։
Մեր երկրից ուղեղների արտահոսք է տեղի ունենում, քանի որ արտասահմանում հետազոտական կենտրոններում կամ ընկերություններում այդ մարդկանց համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում։ Ուստի, պետք է մտածել, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, որ լավագույն մասնագետները մեր երկրից չհեռանան։ Մյուս կողմից էլ՝ արտասահմանում իրենց գործունեությունը ծավալելով՝ հայ մասնագետները նախընտրեն վերադառնալ հայրենիք և իրենց ներուժն ու գիտելիքները ներդնեն հայկական տնտեսության մեջ։ Երկրորդ խնդիրը համապատասխան ֆինանսական միջոցների տրամադրման և, այդ թվում, նաև վենչուրային ֆոնդերի ստեղծումն է՝ կոնկրետ ուղղություններով ծրագրեր իրականացնելու համար։ Այնինչ Հայաստանն ընդամենը արտասահմանյան որոշ ընկերությունների սպասարկելու խնդիր է լուծում։ Որպես կանոն, մենք ուրախանում ենք նրանից, որ դրսի ինչ-որ կազմակերպություն որոշում է մասնաճյուղ բացել Հայաստանում, իսկ զուտ հայկական ՏՏ սեկտորի ձևավորման հարցը մնում է անտեսված։ Իսկ, օրինակ՝ Իսրայելին հաջողվեց հասնել սեփական ՏՏ ինդուստրիայի ձևավորմանը, որը շատ մեծ հաջողությունների է հասել։
Հ.Գ.-Ի դեպ, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու բարձր տեխնոլոգիաները տարբեր բաներ են: Սա՝ ի գիտություն ՔՊ-ականների:
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։