Արմինե Անդան՝ հրաշքի, դեպի երազանք ճանապարհ կառուցելու կամքի մասին
«Զարմանալիորեն այսքան դժվար ժամանակներում երկու ֆիլմերն էլ՝ «Կապույտի միջով» եւ «Թռչող տերեւների երգը» երկու ամսում բազմաթիվ մրցանակներ ստացան: Սրտումդ կես ուրախություն է, կես տխրություն, բայց ամեն դեպքում մտածում եմ, որ հաջողությունները պետք է կիսել մարդկանց հետ, որպեսզի ոգեւորության աղբյուր ունենան: Մարդը, ժողովուրդը, իրավունք ունի երազանք ունենալու, ուղղակի այդ երազանքին հավատալն ու գնալը շատ կարեւոր է: Երբ մի բան կորցնում ես, ոչ թե պետք է հրաժարվես երազանք ունենալուց, այլ պետք է ավելի մեծ երազանք ունենաս ու ավելի մեծ քայլեր անես: Ես իմ կյանքում ոչ մեկ անգամ եմ դա արել»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր եւ դերասանուհի Արմինե Անդան:
«Ես կուզեի, որ մեր ողջ ժողովուրդը դա աներ, այնքան հավատար, որ հրաշքի ճանապարհներ փնտրեր, որովհետեւ հրաշքներ աշխարհում միշտ լինում են, ու տիեզերքում անհնար բան չկա: Ես հեքիաթասաց եմ եւ հրաշքին հավատում եմ, ես գիտեմ, որ աշխարհում անհնար բան չկա……Անհնար է եղել ինքնաթիռ ունենալ, անհնար է եղել, որ մարդը թռչի, ինձ թվում է, որ Արցախը վերագտնելն ավելի դժվար բան չէ, քան այն, որ մարդը թռչում է: Իսկ մարդը թռչում է, որովհետեւ մեկը երազել է, որ մարդը պետք է թռչի: Ես անձամբ հավատում եմ, որ մեր ժողովուրդը կարող է վերադարձնել կորցրած երազանքը, ուղղակի դրա համար անհրաժեշտ է 2 բան՝ հավատ եւ դեպի երազանքը ճանապարհ կառուցելու կամք, քանի որ կամքն է ճանապարհները տեսանելի դարձնում»,-հավելում է մեր զրուցակիցը:
«Այսօր անիմացիոն ֆիլմերն ինձ համար նույնքան կարեւոր են դարձել, որքան դերասանուհի լինելը, ես հիմա հավատում եմ, որ մեր ժողովրդին ավելի շատ պետք է հեքիաթ, որտեղ երազանքը եւ իր ճանապարհը տեսանելի են: Ոչ գիրքը, ոչ ֆիլմը, ոչ մրցանակն ինձ համար ինքնանպատակ չեն, ինձ համար դրանք ճանապարհ են դեպի երազանք:
«Թռչող տերեւների երգը», որը երազանքի ճանապարհի մասին պատմություն է, հուլիսին ստացավ «Ոսկե ծիրան», որն ինձ համար կարեւոր մրցանակ է, իսկ մարտի վերջին ունեցավ համաշխարհային պրեմիերա Կաբում` մեծ հեղինակություն ունեցող անիմացիոն կինոփառատոնում (Ամստերդամ): 7 ամսական երեխա է ֆիլմը, բայց արդեն հաստատվել է 38 կինոփառատոնի կողմից՝ աշխարհամասից աշխարհամաս, այդ թվում նաեւ 4 կինոակադեմիայի որակավորման մրցույթում՝ այդ թվում նաեւ Անիմեստը, Չիկագոյի մանկական կինոփառատոնը»: Ընդ որում, «Թռչող տերեւների երգը» միայն հոկտեմբեր ամսին ընտրվել է 11 կինոփառատոնի կողմից:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Թռչող տերեւների երգը» հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է, որի սցենարի հեղինակներն են Արմինե Անդան եւ Ռոման Բալայանը։ Բեմադրող նկարիչն է Աննա Հակոբյանը, իսկ կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը։ Դերասանական ձայները Գագիկ Ղազարէինն ու Արմինե Անդայինն են։
Ֆիլմի մրցանակներն են՝ «Ոսկե ծիրան» եւ Գենադի Մելքոնյանի հատուկ մրցանակ, Անիմացիայի ոսկե կրակ՝ Լապտեր եւ լույս միջազգային մանկական կինոփառատոն (Ավստրալիա, 2023), Պրդյուսերների մրցանակ, Լապտեր եւ լույս միջազգային մանկական կինոփառատոն (Ավստրալիա, 2023), Հատուկ հիշատակում, Շորթս (Մեքսիկո, 2023), Հատուկ հիշատակում, Կորտո լավր (Իտալիա, 2023), Հատուկ հիշատակում, Աջայու միջազգային անիմացիոն փառատոն (Պերու):
Արմինե Անդան ընդգծում է. «Թռչող տերեւների երգը» ֆիլմը ոչ միայն անձնականորեն շատ կարեւոր էր, որ հայրիկիս հետ է կապված, ու հայրիկիս եմ նվիրել, այլ այն պատճառով, որ ուզում էի այդ պատմությունը մարդկանց եւ երեխաներին հասնի, պատմություն, որտեղ մեծի ու փոքրի ընկերության միջոցով հրաշքների հասնելու թեման է արծարծվում: Ես միշտ մտածել եմ, որ երբ հասարակության մեջ փոքրի ու մեծի փոխադարձ հարգանքն այն աստիճանի է, որ հասնում է ընկերության, ուրեմն անհնարինը կարող է հնարավոր դառնալ»:
Մեր զրույցի ընթացքում Արմինե Անդան նաեւ անդրադարձավ իր նոր գրքին. «Եթե ոչինչ չխանգարի, երեխաները մինչեւ Նոր տարի կունենան մի լավ գիրք՝ նոր տարվա պատմություն: Ես փոքր ժամանակ շատ եմ սիրել նոր տարվա հեքիաթներ: Նոր գրքումս առաջին ձյան գիշերը տոնածառը զարդարելու շուրջ տեղի ունեցող հեքիաթ է: Ես ուզում եմ, որ մեր երեխաները ունենան իրենց Նոր տարվա հեքիաթը՝ Հայաստանում ծնված: Գիրքը կոչվում է «Գաղտնիքների գիշերը», նկարազարդումները Հեղնար Պետրոսյանինն են»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Արմինե Անդան
«Առավոտ» օրաթերթ
01.11.2023