Լրահոս
Օրվա լրահոսը

«80 տարիները քիչ չեն, բավականին լեցուն կյանք մը եղած է». Հայր Լեւոն արքեպիսկոպոս Զեքեան

Նոյեմբեր 02,2023 13:00

Մեծանուն անհատին հանձնվեց ԳԱԱ հուշամեդալ

Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Հռոմի պապական արեւելագիտական ինստիտուտի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Գերապայծառ Հայր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանի համար այս տարին հոբելյանական է. լրացավ նրա ծննդյան 80-ամյակը, բայց ելնելով մեր օրերի անօրինակ ծանր, տխրաթախիծ, անորոշությամբ լեցուն մթնոլորտից, իր իսկ որոշմամբ չկայացավ ոչ մի հանդիսություն, ոչ մի բարձրաձայնում:
Այնուամենայնիվ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը չէր կարող գոնե չնշել  մեծ հայի, բացառիկ անհատի ծննդյան 80-ամյակը փոքր հանդիսություն-նիստով: Բանախոսները չափազանց բարձր գնահատեցին Հայր Լեւոնի բազմաբնույթ աստվածահաճո, հայրենանվեր գործունեությունը, նա հայ հոգեւոր դասի մեծ անհատներից է:

Նա՝ Ս.Գրիգոր Նարեկացու՝ Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակման արարողության աստվածաբանական պատվավոր միջնորդը լինելով, պատրաստել եւ ներկայացրել է սուրբ Աթոռին հայ մեծանուն սրբի՝ Տիեզերական եկեղեցու ուսուցիչ հռչակման դիմումը: Մեծ է նրա ներդրումը այդ դիմումի կայացման գործում:

ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը միջոցառման ժամանակ նշեց, որ տարին հոբելյանական է ակադեմիայի համար, այդ առիթով ստեղծվել է ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված հուշմեդալ եւ առաջինը այն շնորհվում է Հայր Լեւոն Զեքիյանին: «Վաստակաշատ անհատականություն է Լեւոն Զեքիյանը, որն ունի վիթխարի ներդրում գիտության ասպարեզում եւ մարդկային բարձր հատկանիշներ։ Ես բախտ եմ ունեցել ներկա գտնվելու Կոստանդնուպոլսում նրա օծման փառահեղ արարողությանը։ Մենք հպարտություն էինք զգում, որ ունենք հայազգի նման գործիչ», – ասաց ակադեմիկոս Սուվարյանը։

«Հիշողությանս մեջ, ավելի ճիշտ ենթագիտակցության մեջ որոշ շերտերում ծածկված է, թաքնված ապագան, այլ ներքին շերտերում՝ կուտակ-կուտակ հուշեր: Պետք է անկեղծորեն ընդունեմ, որ 80 տարիները քիչ չեն, բավականին լեցուն կյանք մը եղած է, կյանք մը ապրած եմ զանազան ոլորտներով, որովհետեւ ես ուրիշ մի սկզբունք ինձի համար դրած եմ, որ կյանքը միայն մասնագիտություն մը չէ: Ղեւոնդ Ալիշանի մեկ տողը շատ խորունկ է. «Եթե կըրցա երգերովս շարժե նոր երիտասարդ սիրտ մը, այդ էլ բավարար է, ես ալ կըսեմ, եթե ըրածներս մեկ հոգի սրտի մեջ հույս կշարժե, կարթնցնե, այդ էլ բավարար է»: Շնորհակալ եմ բոլորից, հաճելի հուշեր արթնցան, կուզեի ամեն մեկի հետ առանձին զրուցել, վեր հանել, վերամշակել հուշերը, բայց ժամանակը չի ներե, սուղ է: Բայց ես մի սովորություն մը ունիմ տարիներե ի վեր, ամեն մեկուն կտակ մը կգրեմ, խղճի պարտականություն կընեմ»,-ասաց Հայր Լեւոն Զեքիյանը: Նա նաեւ հանդիպումներ ունեցավ Մայր Աթոռում, Մատենադարանում, Սիլվա Կապուտիկյանի թանգարանում եւ այլուր:

Գայանե ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930