Գյումրիի քյալլան հասել է Կոստանայ
Հայկական խոհանոցը համարվում է հնագույններից Ասիայում, իսկ Անդրկովկասում՝ ամենահինը։ Մեզ հետ զրույցում ոլորտի մասնագետները մշտապես նշել են, որ խոհարարությունը սննդի պատրաստման գիտություն է ու արվեստ։ Հավաստիացրել են նաեւ, թե մեր երկիր այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացած իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանն առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից, հատկապես նշելով, թե հայկական խոհանոցին հատուկ է համի ու ձեւի նուրբ արվեստը։ Ասվածի հավաստումն է վերջին շրջանում համացանցում պտտվող մի տեսահոլովակ, որը ներկայացնում է Ղազախստանի Կոստանայ քաղաքի «Տոպոլ» ռեստորանում առաջին անգամ մատուցվող մեր քյալլա ուտեստը։ Մեծ էր զարմանքը, երբ մեկնաբանություններում նշվում էր, որ հայկական այս ուտեստը ղազախներն առաջին անգամ վայելել են Գյումրիում, իսկ վերադառնալուն պես նշյալ ռեստորանին առաջարկել են հայկական այլ ուտեստների թվում պատրաստել նաեւ քյալլա։
Մենք կապվեցինք «Տոպոլ» ռեստորանի մենեջեր Սուրեն Գեւորգյանի հետ, որը 30 տարի ապրում է Կոստանայում, զբաղվել է մանր ու միջին բիզնեսով, բայց արդեն 10 տարի է՝ մասնագիտությամբ շինարարը իրեն նվիրել է խոհանոցային արվեստին։ Պարոն Գեւորգյանը տեղեկացրեց, որ առաջին հայերը Կոստանայի շրջանում հայտնվել են 20-րդ դարի սկզբին, եղել են ընդամենը 7-ը, ներկայումս՝ ոչ պաշտոնական տվյալներով, Կոստանայում բնակվում է շուրջ 3000 հայ։ «Մեր ռեստորանում ոչ միայն հայ կամ ղազախ, այլեւ այլազգիներ հաճույքով են համտեսում հայկական կերակրատեսակները, օրինակ՝ տոլման, որի առաջին բաղադրատոմսը թվագրվում է 8-րդ դար, հարիսան, որն ունի բազմաթիվ տարատեսակներ, իսկ արմատները շատ հին են։ Մեր ավանդական ծիսական կերակրատեսակներից մեծ պահանջարկ ունի ղափաման, որը, ինչպես գիտեք, ըստ հին հավատալիքի՝ պատրաստվել է, որպեսզի աշխարհում խաղաղություն ու բարություն լինի, էլ չեմ խոսում խորովածի կամ խաշի մասին։ Իհարկե, կարող եմ շարունակել թվարկումը, թե այստեղ ուրիշ ինչ հայկական կերակուրներ են սիրում ու հաճախ պատվիրում»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է քյալլային, մենեջերը տպավորիչ ներկայացրեց. «Պատկերացրեք այսպիսի պատկեր. հայկական սեղան, դուք հաճույքով ուտում եք սուջուխ, բաստուրմա, խորոված ու հանկարծ ներս են բերում կենդանու եփած գլուխ՝ քյալլա։ Նշեմ, որ այս ուտեստը, իմ տեղեկություններով, Ղազախստանի ողջ տարածքում մատուցվում է միայն մեզ մոտ։ Այն պետք է նախօրոք պատվիրել, որովհետեւ քյալլան եփվում է մոտ 8 ժամում։ Գյումրիում այն վաղուց գաստրոնոմիկ հիթ է, որի բաղադրության մեջ մտնում է ամեն ինչ՝ լեզու, ուղեղ…»։
Հետաքրքրությանը՝ ովքե՞ր են պատրաստում այդ կերակուրը, մեր զրուցակիցը բարձրաձայնեց երիտասարդ խոհարար Հայկ Մնացականյանի անունը, որը Ղազախստանում ձեռք է բերել մասնագիտական կրթություն եւ արդեն երկու տարի է, ինչ աշխատում է իրենց ռեստորանում։ Ժպիտով էլ հավելեց, թե քյալլայի պատրաստման գործին ինքն էլ է մասնակցում։ Հավաստիացրեց նաեւ, թե իրենց քյալլայի համբավը տարածվել է Ղազախստանով մեկ եւ այն համտեսելուց հետո հաճախորդները գովեստի ու բարձր գնահատանքի խոսքեր չեն խնայում։ «Չեմ կարծում, թե կգտնվեն մարդիկ, որ համաձայն չեն լինի, բայց ես վստահորեն ասում եմ, որ ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է»,- խոսքը եզրափակեց Սուրեն Գեւորգյանը։
Զրույցի ընթացքում մենեջերը փաստեց, որ հայկական մշակույթում խոհանոցը սերտորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ, որ միայն հայերս ենք մեր դիցաբանության մեջ ունեցել հյուրասիրության ու հյուրընկալության աստված՝ Վանատուրը: Հավանաբար ակնարկելով, թե իրենք օտար հողում էլ հավատարիմ են նրա դիցաբանական պատգամին:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.11.2023