Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին բուժակն ինչով է մեղավոր, որ բուժսանմասի անձնակազմին վերաբերող փաստաթղթերն ազգային արխիվ չեն հանձնվել

Նոյեմբեր 02,2023 13:30

Վիճելի ժամանակահատվածում աշխատանքային գրքույկը հանդիսացել է նախկինում այն փաստաթուղթը, որում ներառվում էին աշխատողի աշխատանքային գործունեության մասին բոլոր տեղեկությունները, իսկ մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը աշխատանքային գրքույկների վարումը կրել է իմպերատիվ բնույթ, եւ հանդիսացել է գործատուի օրենսդրական պարտականությունը: Աշխատանքային գրքույկը հանդիսացել է այն թույլատրելի եւ վերաբերելի ապացույցը, որում տեղ էին գտնում աշխատողների աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները, հետեւաբար, անգամ այլ փաստաթղթերը պահպանված չլինելու կամ թերի պահպանված լինելու պարագայում անձի աշխատանքային գրքույկում կատարված գրառումները համարվում են թույլատրելի, վերաբերելի եւ արժանահավատ:

Ֆլորա Գալոյանը դիմել էր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` «իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի» մասին: Դիմումը դատարանում մուտքագրվել է 2023 թվականի մարտի 27-ին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է մարտի 29-ին: Դատավոր Ս. Երիցյանի ապրիլի 7-ի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ: Դատարանը օգոստոսի 23-ին ավարտել է գործի քննությունը եւ նշանակել վճռի հրապարակման օր սեպտեմբերի 13-ին:

Ֆլորա Գալոյանը «Առավոտին» տեղեկացրել էր, որ այս տարվա հունվարի 27-ին դիմել է ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու նպատակով: Նա 1982 թվականի մայիսի 1-ին ընդունվել է աշխատանքի թիվ 3-րդ բուժսանմասում, որպես բուժակ:

ՀՀ միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության 1-ին բաժնից փետրվարի 21-ի թվագրությամբ ստացել է թիվ 06/Դի/9032-23 պատասխան գրություն այսպիսի բովանդակությամբ. «Համաձայն 04.05.1982թ. լրացված թիվ կՁ-I 0468130 աշխատանքային գրքույկի գրառումների (բացակայում է աշխատանքային գրքույկը տալու համար պատասխանատու անձի ստորագրությունը եւ կնիքը)՝ 01.05.1982թ.-ից մինչեւ 15.01.1996թ. աշխատել եք թիվ 3-րդ բուժսանմասում, սակայն աշխատանքից ազատման վերաբերյալ գրառումը հաստատված է մասամբ ընթեռնելի ՀՍՍՀ կնիքով, որը իրավաչափ չէ եւ չի կարող հիմք ընդունվել, որպես աշխատանքային ստաժը հաստատող պատշաճ գրառում նշված ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու համար:

Ազգային արխիվ կատարած հարցման պատասխանի համաձայն՝ թիվ 3-րդ բուժսանմասի անձնակազմին վերաբերող փաստաթղթերն ազգային արխիվ չեն հանձնվել»:

Ֆլորա Գալոյանն ասում է, որ ինքն աշխատանքից ազատվել էր 1996 թվականի հունվարի 15-ին՝ կապված այլ աշխատանքի փոխադրվելու հետ:

Միասնական սոցիալական ծառայության գրությունից պարզվում է, որ Ֆ.Գալոյանը հնարավորություն չի ունեցել այլ կերպ հիմնավորելու, հաստատված համարելու՝ 1982 -1996 թվականը թիվ 3-րդ բուժսանմասում որպես բուժակ աշխատած լինելու փաստը, չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակահատվածում աշխատած լինելու փաստը հաստատվում է իր աշխատանքային գրքույկում արված գրառմամբ: Արժե հիշեցնել, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ: Իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 2015 թվականի հունիսի 22-ի թիվ ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների մասով»:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվածը նախկին խմբագրությամբ այս բովանդակությամբ էր. «1. Աշխատանքային գրքույկը աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթն է:

2.Գործատուն պարտավոր է հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարել աշխատանքային գրքույկ»:

Ֆ.Գալոյանի գործի նյութերում կար նաեւ այն ուղեգիրը, որը նույնպես համարվում է նրա աշխատանքային ստաժը հիմնավորող գրավոր ապացույց:

Խոսքը Հայկական ԽՍՀ Երեւանի քաղաքային խորհրդի ժողովրդական դեպուտատների գործադիր կոմիտեի 1982թ. մարտի 25-ի թիվ 141 ուղեգրի մասին է՝ Գալոյանն ուղեգրվել է գլխավոր բժշկի տրամադրության տակ, բուժակի պաշտոնում աշխատելու համար:

Որպեսզի ապացուցվեր, որ Գալոյանը բուժակ է աշխատել, դատարանը լսել է վկաների:

Վկա Ն.Հարությունյանը 2023 թվականի օգոստոսի 15-ի դատական նիստում հայտնել է, որ Ֆլորա Գալոյանն աշխատել է, որպես ֆելշեր, աշխատել են միասին, գտնվել են նորմալ հարաբերությունների մեջ:

Վկա Ս. Հովհաննիսյանը նշյալ դատական նիստի ժամանակ հայտնել է, որ 1973 թվականից աշխատել է թիվ 3 բուժսանմասում, որը գտնվել է «Հայէլեկտրո» գործարանի ներսում, մինչեւ 1989 թվականի մարտը, որից հետո աշխատել է նույն գործարանի պրոֆիլակտորիայում, որպես բուժքույր եւ տնտեսուհի։ Բուժքրոջը՝ Ֆլորա Գալոյանին ճանաչում է 1980 թվականից հետո, սկզբում աշխատել է թերապեւտիկ բաժանմունքում, ամենասկզբում վիրաբուժական էին ընդունել, ուղղակի սովորելու համար, շատ երկար աշխատել է բուժկետում, որպես շտապօգնության նման մի բան, մինչեւ 1996 թվականը, երբ ինքը պարետ է աշխատել։ Գործարան գնալ-գալը շատ է եղել, իրենք հենց բուժկետի մոտով էին գնում, որտեղ Ֆլորա Գալոյանն էր:

Աշխատանքային գրքույկի գրառման հիմքերը ստուգելու նպատակով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ կատարած հարցմանն ի պատասխան ստացված՝ 25.01.2023թ. թիվ Ս-23924 գրությամբ տեղեկացվել է, որ թիվ 3-րդ բուժսանմասի անձնակազմին վերաբերող փաստաթղթերը արխիվ չեն հանձնվել:

Սակայն որտեղ է Ֆ.Գալոյանի մեղքը, երբ գործատուն պարտավոր էր այդ ամենն օրենքով սահմանված կարգով անել:

Դատարանի իրավական գնահատականներն էին. «Դատարանն արձանագրում է, որ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին եւ 1.1-րդ մասերի վերլուծությունից բխում է, որ մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, իսկ 1992 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ եւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի: Այսինքն՝ մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատելու համար անհրաժեշտ է աշխատանքային գրքույկ կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, իսկ 1992 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատելու համար անհրաժեշտ է ոչ միայն աշխատանքային գրքույկը կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, այլ նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի, որպիսի պայմաններում դատարանը փաստում է, որ սույն գործով հիմնավորվել է այն հանգամանքը, որ դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով ստանալու 01.05.1982 թվականից մինչեւ 15.01.1996 թվականն ընկած ժամանակահատվածն աշխատելու փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր»:

Դատարանը հղում էր կատարել նաեւ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված կանոններին: Մասնավորապես, 10-րդ կետի համաձայն՝ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ եւ ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են արխիվային տեղեկանքներ, աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ հրամանների քաղվածքներ, ինչպես նաեւ համապատասխան իրավահարաբերությունների առաջացման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր եւ համաձայնագրեր կամ ըստ տարիների եւ ամիսների վճարված աշխատավարձի չափի վերաբերյալ արխիվային տեղեկանքներ, կամ օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում առկա տեղեկատվությունը: Ընդ որում, աշխատավարձի չափին վերաբերող արխիվային տեղեկանքների հիման վրա աշխատանքային ստաժում հաշվառվում են այն ամիսները, որոնց համար վճարվել է աշխատավարձ, իսկ աշխատանքային գործունեության ժամանակահատվածի սկիզբը համարվում է աշխատավարձ վճարած առաջին ամսվա առաջին օրը, վերջը՝ վերջին ամսվա վերջին օրը:

Դատարանը վճռել է՝ Ֆլորա Գալոյանի դիմումը` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, բավարարել. հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Ֆլորա Հովհաննեսի Գալոյանը 01.05.1982 թվականից մինչեւ 15.01.1996 թվականն աշխատել է թիվ 3-րդ բուժսանմասում (աշխատանքային ստաժ), որպես բուժակ:

Ֆ.Գալոյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ հոկտեմբերի 23-ին ստացել է Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Ն.Դավթյանի գրությունը հետեւյալ բովանդակությամբ. «Միասնական սոցիալական ծառայություն հասցեագրված դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ ի կատարումն ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 13-ի կայացված վճռի՝ թիվ Ներքին /ԼԱ/82191-2023 գրությամբ Ծառայության համապատասխան ստորաբաժանման է ներկայացվել եզրակացություն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930