Ուկրաինայում պատերազմն «իր ողջ դաժանությամբ լույս է սփռել ռուսական կայսերական եւ գաղութային գործելաոճի վրա», նկատում են միջազգային համաժողովի մասնակիցները
Հոկտեմբերի կեսերին Կիեւում անցկացվել է Միջազգային համաժողով` «Գլոբալ Ղրիմ. Ուկրաինայի ըմբռնում` Հարավի միջոցով»: Համաժողովի կազմակերպիչներն էին` «Ուկրաինական հաղթանակ» միջազգային կենտրոնը, Հանուն մարդու իրավունքների Մեդիա նախաձեռնությունների ՀԿ-ն, Ուկրաինայի Հելսինկյան մարդու իրավունքների միությունը, Հանուն մարդու իրավունքների Միջազգային գործընկերության ՀԿ-ն, ZMINA Մարդու իրավունքների կենտրոնը, Ուկրաինա 5 AM կոալիցիան:
Համաժողովի մասնակիցները քննարկել են Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա, որն առաջացրել է Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությունն աշխարհի տարբեր երկրների մոտ, ինչպես նաեւ ոչ կառավարական հատվածի կողմից` ԵՄ-ից եւ Հյուսիսային Ամերիկայից դուրս գտնվող տարբեր տարածաշրջանների նկատմամբ: Ըստ կազմակերպիչների՝ դա դրսեւորվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությամբ, որով նա գլոբալ Հարավի երկրների հետ աշխատանքը հռչակեց որպես ուկրաինական դիվանագիտության առաջնահերթություններից մեկը: Ուկրաինայի պետական ներկայացուցիչների բարձր մակարդակի այցեր եղան Աֆրիկայի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներ, հանդիպումներ ունեցան Կոպենհագենում եւ Ջիդդայում՝ նվիրված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած Խաղաղության բանաձեւին:
Ուկրաինայի ԱԳՆ-ն Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով Ուկրաինայի հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Որոշ երկրներ միացել են Ղրիմի պլատֆորմին վերջերս (օրինակ՝ Գվատեմալան, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները): Նշված տարածաշրջանների երկրների համար Ուկրաինան կարեւոր երկիր է` պարենային եւ էներգետիկ անվտանգության համատեքստում, քանի որ բազմաթիվ երկրներ, հատկապես Աֆրիկյան մայրցամաքի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի, հացահատիկի կամ էներգետիկ ռեսուրսների զգալի պակաս ունեն` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի պատճառով:
Կարդացեք նաև
Ըստ համաժողովի կազմակերպիչների` բազմաթիվ երկրների համար ներկայիս պատերազմն իր ողջ դաժանությամբ լույս է սփռել ռուսական կայսերական եւ գաղութային գործելաոճն ի ցույց դնելու առումով, փաստ, որը շատերը մինչ այդ ակնհայտ չէին համարում։ Այնուամենայնիվ, Ուկրաինային անհանգստացնում է ռուսական քարոզչության ակտիվացումը, որն առաջ է մղվում մանիպուլյատիվ նարատիվներով:
2014 թվականին Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան` Ղրիմի օկուպացիայով, կայսերապաշտական Ռուսաստանի Դաշնության կողմից դրսեւորվող գործողություններն առանձին երկրների նկատմամբ` համաժողովի քննարկումների հիմնական նպատակներն էին: Համաժողովի կազմակերպիչները Ղրիմը դիտարկել են որպես Գլոբալ Հարավի մի մաս՝ պայմանավորված աշխարհագրական եւ պատմական հանգամանքներով, քանի որ Ղրիմում բնակվում են բնիկ ժողովուրդներ, այնտեղ են Ուկրաինայի ամենամեծ մուսուլմանական համայնքը՝ Ղրիմի թաթարները եւ ըստ քննարկման մասնակիցների` «այսօրվա Ռուսաստանի եւ Վլադիմիր Պուտինի գաղափարախոսության հիմնաքարերից մեկը` «Русский мир»-ն ունի քաղաքական մեծ արժեք, իսկ Ղրիմը ներկայումս վերապրում է իր երրորդ գաղութացումը Ռուսաստանի կողմից»։
Քննարկման մասնակիցների կարծիքով՝ Ղրիմի հարցը կարող է պարզապես հանդիսանալ ռուսական ավելի մեծ ագրեսիայի պատճառ, ռուսական կեղծ քարոզչության եւ գաղութային քաղաքականության հեռանկարների ընդլայնման ուղղությամբ:
Համաժողովը հավաքել էր փորձագետների ամբողջ աշխարհից: Նրանք քննարկել են Ուկրաինայի առջեւ ծառացած խնդիրները, Ղրիմի հարցը եւ ռուսական ագրեսիային ի պատասխան ուկրաինական դիմադրության հնարավորությունները։
Հայաստանից համաժողովին մասնակցել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նրան հարց են ուղղել Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման որոշման վերաբերյալ: Ըստ Արա Ղազարյանի` Հռոմի ստատուտի վավերացմամբ Հայաստանը միջազգային պաշտպանության է ձգտում ՀՀ տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունների, ռազմական հարձակումների կանխման նպատակով, քանի որ Հայաստանը շրջապատված է հարեւաններով, որոնք Հայաստանից միջանցք են պահանջում, անգամ ուժով այդ միջանցքը բացելու հայտարարություններ են անում: «Մենք հիմա ուղիղ հարձակման սպառնալիքի տակ ենք գտնվում, Հայաստանին անհրաժեշտ է ապահովել միջազգային-իրավական պաշտպանություն, դա արդյունավետ գործիք է` ընդդեմ Հայաստանի Հանրապետության հնարավոր հարձակման»,- նշել է Արա Ղազարյանը, նկատելով, որ Հայաստանի դաշնակից երկրի կողմից սույն որոշման ընդունման առիթով քննարկումներ ծավալվեցին, նախազգուշացումներ արվեցին:
Արա Ղազարյանը նշել է, որ թե՛ Հռոմի ստատուտի ընդունումից առաջ, թե՛ հիմա այդ քննարկումները շարունակվում են իրավական եւ քաղաքական տեսանկյունից: Իրավական առումով, ըստ միջազգային իրավունքի մասնագետի` հարկավոր է ունենալ որոշակի հավասարակշռություն դրական եւ բացասական հետեւանքների ուղղություններով: «Քաղաքական թիվ մեկ գործոնը` Ռուսաստանն է, որը դեմ էր, որպեսզի Հայաստանն ընդուներ Հռոմի ստատուտը, եւ դրա ընդունումից ընդամենը օրեր առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշեց, որ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ոչ կոռեկտ» որոշում է, պաշտոնական Երեւանին ուղղված հարցեր են առաջացել»:
«Հայաստանն, այսպիսով, ընդունեց Հռոմի ստատուտը եւ հիմա գտնվում է Ռուսաստանի կողմից քաղաքական ճնշման ներքո, եւ հիմա չգիտենք` կձերբակալե՞նք Պուտինին, եթե նա Հայաստան գա…»,- նկատել է Արա Ղազարյանը:
Իսկ ի՞նչ են ակնկալում Հայաստանում Հռոմի ստատուտի ընդունումից: Այս հարցին պատասխանելիս, Արա Ղազարյանը նշել է, որ նախեւառաջ Հայաստանը ձգտում է անվտանգության հաստատման հարցում միջազգային իրավունքի կիրառման երաշխիքներ ստանալ: Միջազգային-իրավական գործիքների լիարժեք կիրառմամբ Հայաստանը ձգտում է օգտվել բոլոր հնարավոր գործիքներից` ի նպաստ մեր պետության»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.11.2023