Լրահոս
Օրվա լրահոսը

Անսպասելի գործոններ, որոնք գլխացավ են առաջացնում

Նոյեմբեր 02,2023 09:30

Հայտնի ճշմարտություն է՝ գլխացավը մեծամասամբ «այնքան էլ կապ չունի» գլխի հետ, իսկ գլխացավ առաջացնող պատճառներն էլ՝ առողջական լուրջ խնդիրների։ Դիտարկենք գլխացավ առաջացնող այն գործոնները, որոնք առաջին հայացքից կարող են անսպասելի թվալ։

Սթրեսը գլխացավ առաջացնող առավել տարածված գործոններից է, և ինչպես նշվում է մի հետազոտության զեկույցում, գլխացավի դեպքերի մոտ 75 %-ը կապվում է հենց սթրեսի հետ՝ աշխատանքային, ֆինանսական, անձնական խնդիրներով պայմանավորված։ Ընդ որում, կանայք ավելի հաճախ են գլխացավեր ունենում սթրեսի պատճառով։

Եղանակային փոփոխությունները կարող են միգրենի ախտանշաններ առաջացնել որոշ մարդկանց շրջանում։ Պարզվել է, որ գլխացավ կարող է առաջացնել թե՛ մթնոլորտային ճնշման բարձրացումը, թե՛ անկումը։

Երբեմն գլխացավի պատճառ կարող են դառնալ սուր հոտերը։ Միգրեն ունեցող պացիենտների շրջանում անցկացված հարցման արդյունքներով, 10 անձից 9-ը գլխացավի պատճառ են անվանել սուր բույրերն ու օծանելիքները։ 

Շատ հաճախ գլխացավի պատճառը կարող է լինել ջրազրկումը, որից հեշտությամբ կարելի է խուսափել՝ օրվա ընթացքում բավականաչափ հեղուկ օգտագործելով։ 

Պայծառ լույսն ու գծավոր նախշերն ու պատկերները որոշ մարդկանց մոտ կարող են սրացնել միգրենի ախտանշաններն ու գլխացավ առաջացնել։ Այդպիսի դեպքերում խորհուրդ է տրվում նվազեցնել սենյակի լուսավորությունը, դրսում կամ տեքստի հետ աշխատելիս կրել տոնավորված ակնոցներ, այդ շրջանում խուսափել գծավոր հագուստ կրելուց ու գծավոր պատկերներին նայելուց։

Որակյալ քունը շատ կարևոր է, առավել ևս գլխացավեր ունեցող մարդկանց համար։ Որոշ հետազոտությունների տվյալներով քնի ապնոէ ունեցող մարդկանց 80 տոկոսն ունենում է կլաստերային (փնջային) գլխացավեր, քնի պակասը ազդում է նաև միգրեն և այլ տեսակի գլխացավեր ունեցող մարդկանց վրա։ Գլխացավերն էլ իրենց հերթին կարող են հանգեցնել անքնության՝ փակ շրջանակ առաջացնելով։ Նման դեպքերում առավել նպատակահարմար կլինի քնի մասնագետին դիմելը՝  քունը կարգավորելու և այդ պատճառով առաջացող գլխացավերից խուսափելու համար։

Քրոնիկ գլխացավեր ունեցող 300 մարդկանց շրջանում անցկացված հարցման համաձայն՝ 50 տոկոս դեպքերում նրանց գլխացավի պատճառը համակարգչի օգտագործման չարաշահումն է, ահա թե ինչու է կարևոր համակարգչով աշխատելիս պարբերաբար ընդմիջումներ կատարել՝ մարմնին ու աչքերին հանգստանալու հնարավորություն ընձեռելով։

Կան հետազոտություններ, որոնք ընդգծում են, որ օդի աղտոտվածության մակարդակի բարձրացմանը զուգահեռ ավելանում է գլխացավերի պատճառով հիվանդանոց դիմող պացիենտների թիվը։

Մազերը պոչիկ հավաքելը նույնպես կարող է գլխացավ առաջացնել, որից կարելի է ազատվել մազերն արձակելուց հետ կես ժամվա ընթացքում։ 

Նշվում է, որ ֆիզիկական վարժությունները կարող են նպաստել միգրենային և լարվածության գլխացավերի թեթևացմանը, բայց և որոշ մարդկանց շրջանում լարված մարզումները կարող են գլխացավեր առաջացնել։ 

Կեցվածքի շեղումները, գլուխն առաջ թեքված և կորացրած ուսերով նստած դիրքը կարող է լարվածության գլխացավի առաջացման պատճառ դառնալ։

Կարմիր գինին միգրենի խթանման դասական տրիգեր է համարվում․ այս փաստն ապացուցվել է մի շարք հետազոտություններով։

Վերամշակված միսը ևս կարող է գլխացավ առաջացնել, ինչպես նաև քաղցած մնալը։ Ծխելը նույնպես գլխացավի առաջացման պատճառ կարող է դառնալ և ոչ միայն ծխողների, այլև պասիվ ծխողների շրջանում։ 

Գլխացավ առաջացնող գործոններից է նաև կոֆեինի չարաշահումը, իսկ չափավոր օգտագործումն, ընդհակառակը, կարող է նվազեցնել գլխացավը։

Եթե ձեր գլխացավերը հանկարծակի ավելի հաճախակի և ուժեղ են դառնում, ապա ավելի լավ է դիմել բժշկին։ Անհապաղ դիմել շտապբուժօգնության, եթե գլխացավն ուղեկցվում է տեսողական խնդիրներով, խոսքի խանգարմամբ, պարանոցը շարժելու հետ կապված դժվարություններով, ջերմությամբ ու ցնցումներով։ 

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։ 

Աղբյուր՝ Չարլզ Պատրիկ Դևիս

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930