Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամասիայի վերջին հայը․ Ռաֆայել Ալթընյան

Նոյեմբեր 01,2023 23:23

Ռաֆայել Ալթընյանը (Ֆարուք Ալթընօղլուն) Ամասիայում բնակվող վերջին  հայն է։ Նա ծնվել և մեծացել է Ամասիայում և աշխատում է որպես կոշկակար։ Ամուսնացած է, կինը մուսուլման է  ու թեև ասում է, որ հոգով հայ է, բայց երբեք չի կարողացել ազատ ասել, որ հայ է։  Այս մասին գրում է թուրքական ընդդիմադիր «Artı Gerçek» պարբերականը։

Նշենք, որ Ռաֆայել Ալթընյանը Թուրքիայում հայտնի հայ ձախակողմյան գործիչ, հեղափոխական Կարպիս Ալթընյանի (Գարբիս Ալթինօղլու) եղբայրն է։

Ալթընյանի խոսքով, Ամասիան իր հայրենիքն է ու ինքն էլ այդ հողի մարդը։

«Դպրոցական ընկերներս գիտեին, որ ես հայ եմ, երբ ուզում էի բռնել թուրքական դրոշը նրանք չթողեցին։ Կարծում եմ չեն թողել, քանի որ հայ եմ, ես դա զգում էի։ Ես հայրենասեր եմ, իմ հայրենիքը ավելի շատ եմ սիրում, քանի իմ կյանքը, սա էլ է իմ հայրենիքը, ես էլ եմ այս հողի մարդ, այս հողի տանուտերը։ Պապիս նախնիների պատմությունը սկիզբ է առնում 1500-ականներից»,-նշել է նա։

Նախակրթարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանքի գիշերօթիկ դպրոցում, սակայն մինինգիտ և տուբերկուլյոզ հիվանդության պատճառով դադարեցրել է ուսումը և վերադարձել Ամասիա։ Նա ու Հրանտ Դինքը  դպրոցական ընկերներ են եղել։ Ալթնյանը իր հուշերում Դինքին այսպես է հիշում․ «Հրանտը բարձրահասակ, գանգուր մազերով ընկեր էր։ Ես նրա հասակակիցն եմ, բայց նրա մասին շատ բան չեմ հիշում։ Դպրողում Թուրքիայի տարբեր շրջաններից  կային հայեր՝ Հայկոն էր, Ամասիայից Օհաննես Չըրողլուն էր, Հրանտ Դինքն էր»։

Հիշատակելով մեկ այլ դեպք արդեն ծառայության տարիներից, նա պատմում է, որ զինվորական ծառայությունն անց է կացրել Սարիղամիշում, որտեղ սերժանտը բահով ծեծել է իրեն և ինչպես նա է նշում․ «Ես զգացի, որ նա դա դիտմամբ արեց, որովհետև ես հայ էի»։

Ալթընյանին վշտացրել է քաղաքապետարանի կողմից իրենց տան քանդումը, որտեղ ինքը ծնվել և մեծացել է, իսկ ամենաշատը տխրություն է պատճառել հայկական գերազմանատան վրա կրոնական ավագ դպրոցի կառուցումը։ «Ես չկարողացա նույնիսկ պապիս գերեզմանը պաշտպանել։ Լավ հիշում եմ, հայոց տոնին խմբերով գնում էինք Իմամ Հաթիփ դպրոցի կառուցման վայրը։ Ինձ ոչ ոք չի զանգել և հարցրել այս մասին։ Ստիպված էի մորս թաղել թուրքական գերեզմանոցում ու եթե հնարավորություն տրվեր ես կթաղեի հայկական գերեզմանոցում»։

«Երբ իմանում են, որ հայ եմ շատերը հեռանում են ինձնից և իմ միակ ցանկությունն այն է, որ կարողանամ ազատ բարձրաձայնել իմ ինքնության մասին։ Երբ հարցնում են, թե որտեղից եմ, միշտ խուսափողական պատասխաններ եմ տալիս, չեմ ուզում բոլորին պատմել իմ ազգության մասին, որովհետև ոմանց դա կարող է դուր չգալ։ Ես չեմ ընտրել հայ լինելը, բայց հպարտ եմ որ այդպիսինն եմ»,- նշում է Ալթընյանը։

«Կցանկանայի ապրել այնպիսի  կյանքով, որտեղ ազատ կարտահայտեմ իմ ինքնությունը։ Գուցե հայ եմ, բայց ես Թուրքիայի քաղաքացի եմ, այս հողի մարդ եմ և մարդ պետք է մնա այնպիսին ինչպիսին կա իր հիմքում և ազատ արտահայտի իր ինքնությունը ու այն չպետք է թաքցնի, պետք է ազատ ապրի»,-ասում է Ալթընյանը։

Ի հավելում խոսքերի, Ալթընյանը ասում է․ «Ես խաղաղության, ժողովրդավարության և ազատության կողմնակից եմ։ Ինձ բոլորը պետք է ընդունեն այնպիսին, ինչպիսին կամ, ոչ թե օտարեն կամ թշնամաբար վարվեն։ Ես ուզում եմ, որ այս հասարակության բոլոր մարդիկ ունենան նույն իրավունքները, ոչ մեկի իրավունքները չոտնահարվեն, և բոլորն ապրեն մարդավայել։ Ես այս երկրի իսկական քաղաքացին եմ։ Ես չեմ ուզում ինձ օտար զգալ իմ երկրում։ Ինձ շրջապատող մարդկանցից շատերն ինձ ասում են՝ «դու ներգաղթյալ ես», ծիծաղում եմ ու անցնում: Ես Ամասիայի իսկական զավակն եմ, բայց իմ ներսում ապրում եմ ներգաղթյալ կյանքով։ Ես բոլորին ընդունում էի այնպիսին, ինչպիսին նրանք էին և ոչ մեկի նկատմամբ խտրականություն չէի դնում։ Սակայն ինձ չի ցուցաբերվում այն ​​հարգանքն ու հանդուրժողականությունը, որ ես ցուցաբերում եմ այս հասարակության նկատմամբ։ Շատերը երես թեքեցին ինձնից, երբ իմացան, որ հայ եմ»։

Աղբյուր`    Ermenihaber/artigercek.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930