Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը, որպես առաջնահերթ ուղղություն, նշել է բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը

Նոյեմբեր 01,2023 20:35

ՄԻՊ գրասենյակի կողմից նախատեսվում է իրականացնել երկու հիմնական միջոցառում: Առաջինը «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրում» միջոցառումն է, որը հիմնական մասն է կազմում, մոտավորապես` 99 տոկոսը: Երկրորդը «ՄԻՊ աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառումն է, որը շատ փոքր տոկոս է կազմում, մոտավորապես` 3 մլն դրամ:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` նոյեմբերի 1-ին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ներկայացնելով իր ղեկավարած կառույցի բյուջետային ծրագրերը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի ներկայացմամբ 2024 թվականի պետական բյուջեով ՄԻՊ աշխատակազմի համար նախատեսված է 587 մլն 82 հազար դրամ: Ծախսերի 99,3 տոկոսը ընթացիկ ծախսերն են, եւ 0,6 տոկոսը կամ 3 մլն 981 հազար դրամը կապիտալ բնույթի ծախսերն են:

Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի կարողությունների բարելավման տեսանկյունից երկու հիմնական հայեցակարգային լուծումներ պահանջող հարց կա: Առաջինը ՄԻՊ աշխատակազմին հատկացված շենքի պայմանների բարելավումն է կամ գուցե շենքի փոփոխությունը: Երկրորդը պատշաճ բարեփոխումներ իրականացնելն է հանրային ծառայության համակարգում` այն դարձնելով առավել մրցունակ:

Անդրադառնալով հաջորդ տարի իրականացվելիք մի քանի կարեւոր ուղղություններին` ՄԻՊ-ը, որպես առաջնահերթ ուղղություն, նշել է բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը: Նրա խոսքով մի քանի ամիսների ընթացքում շեշտակի ավելացել է գրասենյակի աշխատանքների ծավալը, քանի որ ներկա պահին ՀՀ-ում ունենք մեծ քանակությամբ բռնի տեղահանված անձինք, որոնց բոլոր իրավունքների հետ կապված հարցերն առաջնահերթություն են:

Հաջորդ ուղղությունը, որ իրականացնում է գրասենյակը` բռնի տեղահանված անձանց հետ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ փաստահավաք աշխատանքն է: Ըստ հիմնական զեկուցողի՝ ներկա փուլում բավականին տվյալներ են հավաքագրվել: Նախնական զեկույցի տեսքով այն ոչ միայն հրապարակային ներկայացվել է միջազգային գործընկերներին, այլեւ Արդարադատության միջազգային դատարանում որոշակի հարցերի հետ կապված ծառայել է որպես հիմնական ապացույց:

Անահիտ Մանասյանը նշել է, որ զուգահեռաբար իրականացնում է մնացած բոլոր այլ ուղղություններով աշխատանքներ, որոնք պաշտպանի աշխատակազմի համար առաջնահերթություն են: Դրանք վերաբերելի են թե’ քրեական արդարադատության բնագավառին, թե’ քաղաքացիական, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվել է` արդյո՞ք ռեսուրսների խնդիր չի ունենալու ՄԻՊ գրասենյակը, որպեսզի 2024 թվականին շարունակի զբաղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով: Արթուր Հովհաննիսյանը մտահոգություն է հայտնել, որ այս համատեքստում կվատթարանա մյուս քաղաքացիների իրավունքների պաշտպանության որակը:

«Հաշվի առնելով հանրապետության` այս պահին եղած իրավիճակը` առաջնահերթ եմ համարել, որ կենտրոնանաք որակական չափանիշների բարելավման վրա: Եվ որպեսզի մեր մյուս քաղաքացիները չզգան, որ իրենց իրավունքների պաշտպանությունն ավելի ցածր մակարդակի վրա է, քան բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, ի սկզբանե փորձել եմ, որ մենք կարողանանք զուգահեռաբար իրականացնել բոլոր գործառույթները: Անկեղծ լինեմ` շատ բարդ է եղել»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Անահիտ Մանասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, ներկայացրել մանրամասներ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի, իրազեկման, ՄԻՊ առընթեր Երեխաների եւ երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի, մարզային գրասենյակների աշխատանքների վերաբերյալ:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930