«Խնձորեսկ» ամրոց (մոտ XIII-XVIII դ․)
Խնձորեսկ գյուղի վերաբերյալ հնագույն հիշատակությունը պահպանվել է XIII դ․ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատությունում, իսկ ամրոցը որոշակիորեն նկարագրել է Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը, որը 1735 թ. Մուղանից Նախիջևան գնալիս անցել է Խնձորեսկով։ Ամրոցի կառուցման թվականը հայտնի չէ։
Վերջինիս հետ կապված միակ հայտնի իրադարձությունն այն է, որ Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդ Դավիթ Բեկի մահից հետո շարժման գլուխ անցած Մխիթար Սպարապետը 1728 թ․ գալիս և ամրանում է Խնձորեսկի ամրոցում՝ դարձնելով իր զորակայանը:
Սակայն գյուղի բնակիչները, չցանկանալով ընդհարվել Գանձակի խանի հետ, մարդ են ուղարկում Մխիթար Սպարապետի մոտ և խնդրում հեռանալ։ Սպարապետը հրաժարվում է լքել ամրոցը և 1730 թ․ դավադրաբար սպանվում։ Թաղված է Խնձորեսկի «Անապատ» եկեղեցու բակում։
Կարդացեք նաև
Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի մահից հետո մուսուլման խաներն իրենց ենթարկեցին ողջ Սյունիքը և այնտեղ իշխող հայ մելիքներին, թեև նրանցից ոմանք հետագայում ևս շարունակում էին կիսանկախ մնալ։ Սյունիքի ազդեցիկ մելիքներից էին Խնձորեսկի Մելիք Բարխուդարյանները, որոնց հենակետն էր թերևս այդ ամրոցը։
Գրականություն
Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս․, Բարսեղյան Հ. 1988, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հտ․ 2, Երևան, Երևանի համալսարանի հրատ․, էջ 748։
Հովհաննիսյան Մ․ 1970, Հայաստանի բերդերը, Վենետիկ, Ս․ Ղազար, էջ 398-399։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն