Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական կաբինետներում է որոշվում Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու հարցը. պաշտպան

Նոյեմբեր 01,2023 19:30

«Այս քրեական գործը 2019 թվականից հարուցված է, կոնկրետ այս դրվագը 2021 թվականից քննարկման առարկա է դառնում: Գրիգորի Խաչատուրովն այս դրվագով իմ մասնակցությամբ 2022 թվականի նոյեմբերին հարցաքննվում է, այսինքն՝ որեւէ գործողություններ չկան ու 2023 թվականի մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը որոշում է նրան կալանավորել՝ հիմնավորմամբ, թե դեռեւս նախաքննությունն ակտիվ փուլում է, վկաներ պիտի հարցաքննվեն, առերեսումներ պիտի տեղի ունենան, որոնց կարող է Գրիգորի Խաչատուրովը անօրինական ազդեցություն ունենալ»,- անազատության մեջ գտնվող գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամանակագրությունն այսօր հետաձգված դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը:

Ժամանակագրությունը շարունակելով՝ փաստաբանը նկատեց, որ Խաչատուրովը մեկ ու կես ամիս մնաց քննչականում, բայց այդպես էլ որեւէ առերեսում, որեւէ նոր հարցաքննություն չեղավ. «Այսինքն՝ այն միֆը, որով Վերաքննիչ դատարանը հիմնավորելով կալանավորեց , միանգամից պայթում է»:

Փաստաբանը նշեց, որ 2023թ. մայիսի 2-ից, երբ գործը դատարան հասավ, պարզվեց, դեռևս վկաներ կան հարցաքննվելու. «Մայիսի 2-ից որևէ գործողություն չի կատարվել: Մայիս ամսից մինչև այս պահը քննարկվում է միմիայն խափանման միջոցի հարց: Ընդ որում, որոշումը կայացվում է, հետո պաշտպանի կամ մեղադրյալի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվում է: Ոչ մի գործողություն տեղի չի ունենում»:

Նա նկատեց, որ առաջին օրից պնդել են՝ այս վարույթով դռնփակ նիստեր անցկացնելու որեւէ հիմք չկա , ասաց՝ պնդել են նաեւ, որ դիտավորյալ են դռնփակ նիստեր անում, որ հանրությունը, ներկա չգտնվելով գործընթացին, չպատկերացնի, թե ներսում ինչ է տեղի ունենում. «Ու այս ամենը խոսում է այն մասին, որ մարտի 16-ից սկսած Գրիգորի Խաչատուրովին մեկուսացնելը քրեական գործով նպատակ չի հետապնդել: Դա քաղաքական իշխանությանը ձեռնտու ու իր կողմից հրահանգված գործողություն է եղել: Քանի որ վախ ունեն Գրիգորի Խաչատուրովից, փորձում են վերջինիս երկարաժամկետ արգելանքի տակ պահել, որպեսզի իրենց վախերն այդ մասով ապահովագրեն, ուրիշ ոչ մի գործընթաց չկա»:

Իսկ ինչի՞ց են վախենում իշխանությունները, արդյո՞ք նրանից, որ Խաչատուրովը, ազատության մեջ լինելով, կարող է խոչընդոտել «խաղաղության օրակարգին», լրագրողի այս հարցին Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել իշխանության վախերը, թե ինչից են վախենում: Բնականաբար, Գրիգորի Խաչատուրովը հաստատակամ, շատ ուժեղ, ՀՀ Զինված ուժերի սպա է: Հիմա դրանից ինչ վախեր է տեսնում քաղաքական իշխանությունը, ես այս պահին չեմ կարող մեկնաբանել: Բայց ակնհայտ է, որ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը քրեաիրավական ընթացակարգերի շրջանակում չի իրականացվում: Այն քաղաքական ենթատեքստ ու նախաձեռնող ունի: Քաղաքական կաբինետներում է որոշվում Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը»:

Պաշտպանը վերջում նաեւ հավելեց՝ վստահ է, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական խելապակասների կույտը շատ չէ, և, վերջիվերջո, մի օր այդ ողջամտությունը վեր է կանգնելու քաղաքական իշխանության հրահանգներից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930