Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը պետք է հասկանա, որ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բրենդը չպետք է փոշիացվի». Հակոբ Ղազանչյան 

Նոյեմբեր 01,2023 18:06

«Ես բոլորովին չէի ցանկանա, որ միայն Հայաստանի թատերական գործիչների միությունը տեր կանգներ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնին: Ես կարծում եմ, որ պետությունը պետք է ի վերջո հասկանա, որ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բրենդը չպետք է փոշիացվի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

«Դա լեգենդար թատրոն է՝ իր լեգենդար պատմությամբ, հայ թատրոնի ոսկե էջերից մեկն է, եւ մենք իրավունք չունենք այն փոշիացնելու, որովհետեւ հետո մեզ չենք ների: Տարբեր ճանապարհներ կան հարցը լուծելու: Իմ համոզմամբ, իրատեսական ճանապարհն այն է, որ կառավարությունն իր հովանու ներքո վերցնի այս թատրոնը, հաստիքներ տրամադրի: Եթե այս պահին փորձատեղիի խնդիրներ լինեն, իրենք այսպես թե այնպես գալիս են միություն, փորձեր են անում, Թատերական գործիչների միությունն իրենց տունն է, մենք տրամադրել ենք մեր շենքը իրենց գործունեության համար: Բոլոր թատրոնները մեծ սիրով իրենց ոչ միայն դահլիճ կտրամադրեն, եթե ներկայացում լինի, այլեւ տեխնիկապես կօգնեն, որովհետեւ այս մարդիկ ոչ մի բան չեն կարողացել բերել: Թատրոնի ողջ հանդերձարանը, ռեկվիզիտները, ամեն բան մնացել է Արցախում»,-հավելեց Թատերական գործիչների միության նախագահը:

«Շուտով վարչության նիստ է լինելու, մենք սպասում ենք, որ ԱՄՆ-ից իրենք (Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը-Գ.Հ.) վերադառնան, վարչության նիստին թատրոնի ղեկավարները ներկա լինեն, միասին ուղիներ փնտրենք: Պարզ է, որ պետական կրագավիճակը մեկ-երկու օրվա խնդիր չէ, այդ ընթացքում թատրոնները պարտավոր են օգնել, այնպես անել, որ դերասանները աշխատավարձ ստանան, ապրուստի միջոց ունենան »,-ասաց Հակոբ Ղազանչյանը:

Նա կարծում է, որ Արցախի ներկայացուցչության շենքը, որը Խորհրդային տարիներին ադրբեջանական թատրոնի բազան էր, կարելի է տրամադրել թատրոնին:

Հիշեցնենք, որ Aravot.am-ի հարցմանը ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունից պատասխանել էին, որ առանձին հաստատությունների հարց չի քննարկվում:

Նաեւ նշենք, որ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը ստեղծվել է  1932թ՝ Կ․ Ալվարյանի ղեկավարությամբ։  Թատրոնում, ի թիվս այլոց, հյուրախաղերով հանդես են եկել  այնպիսի երեւելիներ, որոնց թվում են Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Արուս Ոսկանյանը,  Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930