Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պետրոսյան. «Որեւէ մեկը, մասնավորապես, իշխանությունը, իրավասու չէ քննարկելու Արցախի սուբյեկտայնության հարցը, առավել եւս, փակել Արցախի էջը»

Նոյեմբեր 01,2023 17:38

Արցախի  ճակատագիրն, ըստ էության, դուրս է մղվել Հայաստանի քաղաքական օրակարգից՝ փոխարինվելով մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներով: Դրանք, անշուշտ, ունեն չափազանց կարեւոր նշանակություն այս ծանրագույն ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն չպետք է թույլ տալ, որ այս շղարշի ներքո վերջնականապես փակվի Արցախի էջը: Եթե փակվեց Արցախի էջը, փակվելու են նաեւ Հայաստանի Հանրապետության էջը եւ հայկական գործոնի էջը՝ որպես այդպիսին: Հետեւաբար, առաջնային խնդիր է Արցախի պետականությունն ու ձեւավորված պետական ինստիտուտները պահպանելը: Այստեղ մեծ դերակատարություն ունեն Արցախի նախագահը եւ Արցախի ԱԺ պատգամավորները:

Մոտ երեք շաբաթ առաջ ձեւավորվել է Արցախի պետականության պահպանման հանձնախումբը: Այսօր Մարիոթ-Արմենիա հյուրանոցում կայացավ հանձնախմբի առաջին նիստը, որին մասնակցեցին նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ պատգամավորներ, Հայաստանի քաղաքական եւ հասարակական ուժերի ներկայացուցիչներ, մտավորականներ:

Նիստը դռնփակ էր, որի ավարտին հանձնախմբի համակարգող, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

Ի՞նչ հարցեր քննարկեցիք եւ ի՞նչ արդյունքների հասաք:

-Բովանդակության մասին չեմ կարող արտահայտվել: Բայց գործընթացները անպայման լինելու են շարունակական:

-Այս իշխանությունները փորձում են ամեն գնով չեզոքացնել արցախցիների սուբյեկտայնությունը՝ ժամանակ չունենալու պատճառաբանությամբ անգամ Արցախի նախագահին չընդունելով եւ խնդիրները սոցիալական շղարշով ծածկելու փորձերով: Քննարկվեցի՞ն Հայաստանի իշխանությունների հետ  գործակցելու տարբերակներ, եւ արդյո՞ք դա հնարավոր է:

-Շատ հարցեր քննարկվեցին ու դեռ քննարկվելու են: Բայց մի շատ կարեւոր խնդիր կա, որ մենք պետք է ֆիքսենք: Այս գործընթացի շրջանակում որեւէ մեկը չպետք է Արցախի մեր հայրենակիցներին դիտարկի որպես ներքաղաքական որոշ պրոցեսների ռեսուրս: Սա շատ հստակ է: Ինչ վերաբերում է իշխանությանը, որեւէ մեկը, մասնավորապես, իշխանությունը, իրավասու չէ քննարկելու Արցախի սուբյեկտայնության հարցը, առավել եւս փակել Արցախի էջը:

-Արցախը լուծարելու փաստաթուղթը, որ ստորագրվել է, իրավական հիմքեր չունի, որովհետեւ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է հանրաքվեով:

-Կարծում եմ, մոտ ժամանակներս մենք այդ հարցի պատասխանը անպայման կտանք: Հիմա միայն ասեմ, որ ժողովրդի կողմից ստեղծված եւ ձեւավորված Արցախի Հանրապետությունը որեւէ մեկը ուղղակի չի կարող լուծարել:

-Ադրբեջանից հնչող սպառնալիքները եւ հնարավոր հետեւանքները հաշվի առե՞լ եք:

-Վտանգների առումով այդ օրակարգը կեղծ է, որովհետեւ այս գործընթացը իշխանության կողմից չի կազմակերպվել, որի հետեւանքով կարող են տեղի ունենալ պատերազմական գործողություններ: Այս հանդիպումը ավելի շատ հասարակության ինքնակազմակերպման արդյունք է: Եվ եթե մենք խնդրին նայենք ակնարկվածի տեսանկյունից, ուրեմն մշտապես պետք է վախենանք որեւէ բան կազմակերպելուց, թե Ադրբեջանը կարող է դրան բացասական արձագանքել:

-Իշխանությունների հեռացման խնդիր այսօր քննարկե՞լ եք:

-Այդ մասին այսօր խոսք չի եղել: Մեր օրակարգը բացառապես Արցախի պետականությունը պահպանելն է

– Եթե հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը լուծարվելու է, եթե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ադրբեջանի դրոշն է կանգնեցված, եթե Արցախի բանակը լուծարվել է, բնակչությունն էլ այնտեղ չէ, ինչպե՞ս է պահպանվելու Արցախի հայկականությունը, պետականությունը:

-Պետությունը գլոբալ առումով ունի երկու բաղադրիչ՝ հողը եւ ժողովուրդը: Այս պահին Արցախը օկուպացված է: Բայց Արցախի մեր հայրենակիցները կա՛ն եւ Հայաստանում են: Համայնքը գոյություն ունի: Այստեղ է նաեւ արցախցիների կողմից լեգիտիմ ընտրված իշխանությունը: Եվ եթե մենք իրականում ուզում ենք պահպանել մեր իրավունքները Արցախի նկատմամբ, երկրորդ բաղադրիչը անպայման պետք է կարողանանք պահպանել, որովհետեւ Արցախի մեր հայրենակիցների հավաքական շահերը ներկայացնողը եւ ամրագրողը ոչ միայն ներքին մակարդակում, կազմավորված այն իշխանությունն է, սահմանադրական այն կարգը, որը կա:

Կարծում եք, որ այս ծրագիրը կարող եք իրականացնել այս իշխանությունների օրո՞ք, որոնք ըստ էության դեմ են դրան:

-Միշտ հնարավոր է իրականացնել ամեն ինչ: Պետք է առաջնորդվել մի շատ հստակ բանաձեւով. պետք է անենք անհրաժեշտը, հետո՝ հնարավորը: Եվ կտեսնենք, թե ոնց է իրագործվում անհնարինը: Դրան տանող անհրաժեշտ, բայց ոչ բավարար  քայլը Արցախի ինստիտուտների կենսագործունեությունն ապահովելն է: Եվ այսօրվա հանդիպումը հենց դրան է վերաբերվում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930