«Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնության» (ԿԻՔՆ) կրթական կազմակերպությունները մեկնարկել են «Կրթության իրավունքի իրացումը` պայմանավորված Արցախի ճգնաժամային իրավիճակով» խորագիրը կրող համաժողովների շարքը, որի առաջին հանդիպմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Միջոցառումը բաղկացած էր երկու պանելային քննարկումից, որոնց ընթացքում պետական և հասարակական ոլորտի ներկայացուցիչներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացման մարտահրավերներին, դրանց լուծմանն ուղղված ծրագրերին ու համատեղ միջոցառումներին: Քննարկվել են նաև ուսուցչամեթոդական անձնակազմի ու աշակերտների ներգրավվածության ապահովման խնդիրներն ու լուծման առաջարկները:
Պանելային առաջին քննարկմանը մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, «ԹՈՒՄՈ» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը և ՄԱԿ-ի կրթության փորձագետ Ալվարդ Պողոսյանը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է ոլորտում գործունեություն ծավալող թե՛ միջազգային, և թե՛ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ պետության համագործակցությունն ու իրականացվող ծրագրերի համընթաց կազմակերպումը:
Կարդացեք նաև
«Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրականացնում են մի շարք ծրագրեր՝ հիմնվելով առկա խնդիրների վրա, բայց շատ կարևոր է, որ քաղհասարակությունը պետության հետ համընթաց գնա և իր նախաձեռնած ծրագրերում փորձի աջակցել պետությանը՝ այս կամ այն խնդիրների լուծման հարցում: Մենք ունենք կրթության հստակ տեսլական, սահմանված հստակ նպատակներ, որոնց շարքում ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ներգրավումն ամենակարևորներից է: Մեր բոլոր ռեսուրսները կենտրոնացրել ենք՝ լուծելու այն խնդիրները, որոնք կարող են ծագել այդ երեխաների կրթության կազմակերպման ընթացքում: Բնականաբար, խնդիրները բազմաշերտ են»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:
Նրա խոսքով՝ առաջնային խնդիրը հանրակրթական դպրոցներում դեռևս չընդգրկված երեխաների հայտնաբերումն ու նրանց կրթական համակարգ ուղղորդելն է: Այս գործընթացում նախարարի տեղակալը կարևորել է եռակողմ համագործակցությունը՝ քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և պետության միջև:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 16.561 սովորող: Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ կրթության շարունակականության ապահովումն ի սկզբանե եղել է նախարարության գերակա խնդիրներից մեկը, ու այժմ մտահոգիչ է այն հանգամանքը, որ դեռևս կան երեխաներ, որոնք դպրոցներում չեն. «Աշխատում ենք թե՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, և թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ՝ այս երեխաներին հայտնաբերելու ու դպրոցներում ընդգրկելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և նշել՝ որոշ բնակավայրերում խնդիրներ են եղել դպրոցների ծանրաբեռնվածությամբ պայմանավորված:
Հաջորդ խնդիրը, ըստ պանելային քննարկման մասնակիցների, լրացուցիչ կրթական ծառայությունների տրամադրումն է, որովհետև տևական ժամանակ շրջափակման մեջ լինելու, պատերազմական իրավիճակում գտնվելու հետևանքով շատ երեխաներ ունեն բավականին մեծ բացթողումներ ու կարող են կրթական ծրագրի յուրացման խնդիրներ ունենալ: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը կարևորել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումը:
ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների կրթության կազմակերպման մասով մյուս կարևոր խնդիրը, ըստ ներկաների, սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված ծրագրերն են, որոնք կազմակերպվում են թե՛ պետության, թե՛ կրթական ոլորտի այլ կազմակերպությունների կողմից:
«Բնական է՝ լրացուցիչ ռեսուրսներն ու ծրագրերը, որոնք կօգնեն ուժեղացնել այս համակարգը, շատ կարևոր են: Հայաստանի ամբողջ տարածքում գործում են 20-ից ավելի մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, որոնք առաջին իսկ օրից հանձնարարական են ստացել՝ անմիջապես աշխատանքներ իրականացնելու իրենց կցված դպրոցներում: Այս տարվանից դպրոցների ֆինանսավորման նոր կարգով հանրապետության բոլոր դպրոցների համար սահմանվել է նաև հոգեբանի հաստիք: Շատ դպրոցներում արդեն ունենք հոգեբաններ, որոնք կարող են անմիջապես արձագանքել խնդիրներին»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակին, ինչպես նաև ուսանողների աջակցության կրթաթոշակային ծրագրերին:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ նախնական քննարկումները ցույց են տվել՝ կրթության շարունակականության ապահովման համար օրենսդրական բացեր առկա չեն: Հիմնական խնդիրը, ըստ Սիսակ Գաբրիելյանի, բովանդակային է՝ կապված, օրինակ, ԼՂ-ում գործող ռուսական դպրոցների հետ:
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ թեև Հայաստանում հստակ սահմանված է, թե ովքեր կարող են այլալեզու կրթություն ստանալ, բայց այստեղ ևս կիրառվել են բավականին ճկուն մեխանիզմներ. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շարքում նաև լեզվական խնդիրներ ունեցողներն են: Բոլոր այն երեխաները, որոնք 5 տարի անընդմեջ այլ լեզվով կրթություն են ստացել, կարող էին շարունակել նույն գործընթացը նաև այստեղ, իսկ մինչև 5 տարի սովորած երեխաներն առանձին գնահատում են անցել, և մասնագիտական խումբն է որոշել՝ տվյալ երեխայի կրթությունը նպատակահարմար է կազմակերպել հայերենո՞վ, թե՞ ռուսերենով»:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են խնդիրների լուծման ճանապարհին միասնական գործելու, ինչպես նաև արցախահայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված կրթական մարտահրավերների ու խոչընդոտների հաղթահարման համար միասնական ռազմավարությունների նախագծումը:
Նշենք՝ ԿԻՔՆ նախաձեռնությունը ձևավորվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում։ Նախաձեռնության անդամներն են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը և կրթական ոլորտի մի շարք այլ կազմակերպություններ:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ