Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ սրիկաներին, լկտիներին ու լպիրշներին պետք է տապալել գետնին», «այստեղ մարդ է վատացել, բժիշկների հրավիրեք»․ վիճաբանություն խորհրդարանում

Նոյեմբեր 01,2023 17:28

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  վիճաբանություն տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի միջեւ։

Արեգնազ Մանուկյանը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց ուղղեց բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկվելու ընթացքում ոստիկանության կողմից բռնության կիրառման դեպքերի մասին։

Անահիտ Մանասյանի պատասխանից հետո Արեգնազ Մանուկյանն ասաց․«Կրկին գեղեցիկ խոսքեր ասացիք, եւ ձեր պատասխանը եկավ ամրապնդելու իմ համոզումը, որ իրականում այդ արձանագրումները որեւէ գործնական քայլի չեն վերածվում, որովհետեւ, եթե դրանք գործնական լուծում ստանային, արդյունքում մենք կունենայինք նման դեպքերի բացառում կամ առնվազն կրճատում։ Ես համոզված եմ, որ եթե առաջիկայում կրկին բողոքի գործողություններ իրականացվեն, ոստիկանները նույն կերպ շարունակելու են բռնի ուժ կիրառել, բերման ենթարկել՝ առանց հիմքերը ներկայացնելու եւ նույն կերպ կեղծ ցուցմունքների հիման վրա քաղաքացիներին են պատասխանատվության ենթարկելու։ Ես ձեզ ուզում եմ տեղյակ պահել, որ այս պահին մենք մոտ 4 տասնյակի հասնող քաղբանտարկյալներ ունենք, ունենք նաեւ կին քաղբանտարկյալ՝ հանրության շրջանում հայտնի Տաթեւ Արցախը, ում ինքնազգացողությունն արդեն երկու անգամ վատացել է, նա ուշագնաց է եղել, եւ նրա իրավունքները հենց այս պահին էլ շարունակում են ոտնահարվել։ Մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ այս դեպքի հետ կապված ի՞նչ է իրականացնում եւ ինչպե՞ս է գնահատում այս երեւույթը»։

Միջամտեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը, որը քաղաքացիներին «լկտի» անվանեց։ «Հուսով եմ՝ ներկայումս էլ մեր ոստիկանությունը կշարունակի նույն կերպ վարվել էն լկտիների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաներն են ջարդում։ Եվ, այո, այդ լկտիներին ու լպիրշներին պետք է տապալել գետնին եւ տանել համապատասխան տեղեր, որովհետեւ ոչ մեկն իրավունք չունի ՀՀ քաղաքացու ավտոմեքենան ջարդել»,- ասաց Պապոյանը։

Արեգնազ Մանուկյանն արձագանքեց․ «Դուք ինքներդ եք հիմա ձեզ լկտի պահում։ Դուք իրավունք չունեք քաղաքացիներին որակումներ տալու, դուք հիմա չարաշահում եք ձեր դիրքը, ինքներդ լկտի եք պահում ձեզ»։

Գեւորգ Պապոյանը շարունակեց․ «Այդ լկտիները՝ ի դեմս ձեզ՝ ունեն այսպիսի պաշտպաններ։ Լկտին դուք ինքներդ եք պահում, որովհետեւ ՀՀ քաղաքացու ավտոմեքենան ջարդող մարդիկ այստեղ ունեն պաշտպաններ, եւ էս է ձեր դեմքը։ ՀՀ քաղաքացուն փողոցի մեջտեղում ծեծում են, հայհոյում են, մեքենան ջարդում են, բայց Արեգնազ Մանուկյան անունով պատգամավոր պաշտպան ունեն, ով այստեղ հայտարարում է, թե նրանք իբր թե քաղբանտարկյալներ են։ Ուրեմն նրանք սրիկաներ են, լկտիներ են, հանցագործներ են, եւ իրենք ձեր նման պաշտպան ունեն այստեղ։ Փոխանակ ամաչեք, որ այստեղ դրանց պաշտպանությունն եք հանձն առել։ ՀՀ քաղաքացիներին  հրապարակային ամենավերջին հայհոյանքն են տալիս, փոխանակ գլուխներդ կախեք, եկել եք այստեղ, դրանց պաշտպանությամբ եք զբաղվում, ամոթ ձեզ։ Ես լինեի ձեր տեղը, գլուխս կկախեի, մի հատ էլ եկել այստեղ ելույթ եք ունենում»։

Արեգնազ Մանուկյանը դիմեց Անահիտ Մանասյանին․ «Տիկին Մանասյան, դուք բուժօգնության ծառայություններ մատուցո՞ւմ  եք, թե՞ չէ։ Այստեղ մարդ է վատացել, բժիշկների հրավիրեք»։

Անահիտ Մանասյանը հորդորեց հանրային ծառայողին վայել վարքագիծ դրսեւորել։

«Եթե օրենսդիր մարմինն  է նման հիստերիկ պահվածք դրսեւորում, դուք պատկերացնո՞ւմ եք․․․»,- արձագանքեց Արեգնազ Մանուկյանը։

«Օրենսդիր մարմնում կա պատգամավոր, ով համարձակվում է սեռական բնույթի հայհոյանք տվող մարդկանց համարել քաղբանտարկյալ։ էս լկտիությանը պետք է վերջ տալ, հերիք եղավ, բոլ եղավ»,- հայտարարեց Պապոյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930