«Ամփոփել ենք այս տարվա 9 ամիսը, ունենք լավ ցուցանիշներ, բայց պետք է նշեմ, որ դեռեւս համալրված չեն կոմիտեի բոլոր հաստիքները։ Այս պահին օպերատիվը համալրված չէ 50 տոկոսով, իսկ քննչականը ապարատը՝ մոտ 40 տոկոսով»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Նա նշեց, որ, չնայած դրան, իրենց կատարած աշխատանքը բավական լավ տպավորություն է թողնում։ «2023 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է կոռուպցիոն հանցագործությունների 1088 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 606 դեպքի դիմաց։ Այսինքն՝ աճը կազմել է 482 դեպք։ Կոմիտեում 9 ամիսների տվյալներով քննվել են 1498 քրեական վարույթներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 861 վարույթի դիմաց։ Այսինքն՝ վարույթում եղած գործերն ավելացել են 637-ով»,- ասաց նա։
2023 թվականի ընթացքում կոմիտեն քաղաքացիներից ստացել է 1903 դիմում-բողոք, իսկ ընդհանուր առմամբ ստացվել է 2950 հաղորդում։
«Ինչպես գիտենք, իրավական վիճակագրության հանրահայտ կանոնն է, որ հանցավորության վիճակը գնահատելիս՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճը պետք է դիտարկել որպես դրական երեւույթ։ Այսինքն՝ տվյալ դեպքում մենք ունենք ոչ թե կոռուպցիոն դեպքերի իրական աճ, այլ ունենք դեպքերի բացահայտման աճ, ինչը հենց համարում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ցուցանիշ»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Սասուն Խաչատրյանը նաեւ նշեց, որ 9 ամիսների ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 134 քրեական վարույթ՝ 286 անձի վերաբերյալ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 68 վարույթ՝ 160 անձի վերաբերյալ։ Այսինքն՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվը ավելացել է 66-ով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 120-ով։ Դատարան ուղարկված գործերով 286 անձանցից 52-ը մեղադրվել են կաշառք ստանալու, 117-ը՝ կաշառք տալու, 9-ը՝ կաշառքի միջնորդության համար, 14-ը մեղադրվել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մեջ, 15-ը՝ պաշտոնեական կեղծիքի համար, 58-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ հափշտակության համար, 3-ը՝ փողերի լվացման, 18-ը՝ կոռուպցիոն հանցանքներ կատարելու համար։
Սասուն Խաչատրյանը հավելեց, որ այս ցուցանիշներն իրոք աննախադեպ են։ «Մենք գրեթե ամեն շաբաթ ունենում ենք կոռուպցիոն բացահայտումներ՝ բավականին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, բավականին մեծ գումարների հետ կապված կոռուպցիոն բացահայտումներ։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ, այո մեծ քանակի բացահայտումներ կունենանք նաեւ 2024 թվականին»,- հավելեց նա։ Խաչատրյանը նաեւ ասաց, որ 2023 թվականի ընթացքում միայն ապօրինի գույքի բռնագանձման վարչությունում քննված քրեական գործերով նախաձեռնվել է 43 կամ 45 վարույթ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ