Այսօր լրագրողները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին հարցրեցին՝ արդյոք ձեր կառույցն ուսումնասիրո՞ւմ է այս իշխանության ներկայացուցիչների ունեցվածքի ձեռքբերման դեպքերը, այդքան հրապարակումներ եղան: Նա պատասխանեց. «Մեր կառույցը ուսումնասիրում է ամեն ինչ՝ անկախ դեմքերից, զբաղեցրած պաշտոններից»: Հարցրեցինք՝ օրինակ, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի ունեցվածքի հետ կապված ուսումնասիրություն արե՞լ եք, թե ոնց է նրա քեռին 32 մլն փոխանցել իրեն, կամ իր կինը 28 մլն «օժիտ» բերել՝ նա արձագանքեց. «Եկեք այսպես պայմանավորվենք՝ եթե կա վարույթ հարուցելու հիմք, բոլոր դեպքերով վարույթ հարուցվում է»:
Լրագրողները փոխանցեցին այլ տվյալներ, օրինակ, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը բնակարան է գնել, բայց պետությունից գումար է ստանում, որ վարձով է ապրում, սա արդյոք կոռուպցիա չէ՞, նա պատասխանեց. «Դիմեք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, կարծում եմ, ձեր դիմումի հիման վրա կուսումնասիրվի, եթե ինչ-որ անհամապատասխանություններ կան, կուղարկեն դատախազություն, գործ կհարուցվի: Մենք ուսումնասիրում ենք, ուզում եք անպայման անուննե՞ր ասեմ: Ձեզ խորհուրդ կտամ բացել վերջին տարվա մեր հրապարակումները, ճիշտ չեք ասում, որ իշխանական գործիչ չկա, անկեղծ չեք»:
Օրինակներին, որ ուսումնասիրեիք Ալեն Սիմոնյանի եղբոր բիզնեսը, որ այսքան ասֆալտի տենդեր էր շահում, Սուրեն Պապիկյանի տան հարցը, Սասուն Խաչատրյանը հակադարձեց. «Սուրեն Պապիկյանի տունը՝ ի՞նչ, իմ ունեցած տեղեկություններով՝ նա վարկով է ձեռք բերել: Դուք բնակարան ձեռք բերե՞լ եք, վարկո՞վ եք ձեռք բերել, բա ինչո՞ւ կարաք դուք ձեռք բերեք, նա՝ չէ»:
Ասացինք՝ մեր ձեռք բերած հիփոթեքով տները միլիարդների չեն: «Նա էլ միլիարդների չի»,- ասաց Սասուն Խաչատրյանը: Իսկ այն, որ ավելի էժան է ձեռք բերել բնակարանը, քան այլ քաղաքացիներ նույն տարածքում ու այդտեղ կոռուպցիոն ռիսկ կա, Սասուն Խաչատրյանն ասաց, որ դա չի ուսումնասիրել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ