Լրահոս
Օրվա լրահոսը

Կիբեր հարձակման են ենթարկվել պաշտոնյաներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, ՀՀ-ում  գործող միջազգային կառույցներ եւ դեսպանատների աշխատողներ. Սամվել Մարտիրոսյան 

Նոյեմբեր 01,2023 16:34

«Եղել է զգուշացումների 5, թե 6 ալիք Apple-ից: Սա մի բան է, որ տեւում է արդեն 2 տարի: Կան մարդիկ, որոնք այդ նամակը ստանում են, բաց գրում են ֆեյսբուքում, կան մարդիկ, որոնք դրա մասին հարցազրույցների ժամանակ են ասում: Նամակ ստացողների ցանկում հայտարարություն արածների մեջ կա ԱԱԾ նախկին տնօրեն, ներկա վարչապետ, ԱԺ խոսնակ, ներկա նախագահ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ, տարբեր կառույցների աշխատողներ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Պեգասուս լրտեսական ծրագրով կիբեր հարձակումներ դեպքերին:

Նրա խոսքով. «Դրանք այն մարդիկ են, որոնք ստացել այդ նամակը, կամ մեզ դիմել են գաղտնի ձեւով եւ չեն ուզում, որ դա հանրային լինի, մեզ դիմողների թիվը հարյուրների է հասնում, դեպքերի մի 30 տոկոսը անհաջող վարակումներ են: Մեզ դիմած մարդիկ պաշտոնյաներ են, լրագրողներ, խմբագիրներ, մեդիաների տնօրեններ, իրավապաշտպաններ, Հայաստանում գործող արտասահմանյան միջազգային կառույցների, դեսպանատների աշխատողներ: Պարզ է, որ նաեւ պետական կառույցներ են, ուժայիններ: Երբ լայն նայում ես, վարակում են բոլորին, ով հասարակության մեջ ինչ-որ դիրք ունի, վարակում են ինչպես իրենց, այնպես էլ նրանց ընտանիքի անդամներին: Խոսքը գնում է նաեւ երեխաների հեռախոսների վարակման մասին՝ ընդհուպ մինչեւ զոքանչներին է հասնում գործը»:

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ վարակվածների թիվը մի քանի հազարի է հասնում:

«Պատերազմի ժամանակ Ադրբեջանն ունեցել է տվյալներ՝ վերեւից ներքեւ բոլոր կառույցներում ու հաստատություններում տիրող կարծիքների եւ տեղեկատվության մասին: Դա աղետալի ազդեցություն ունեցող հարձակում է, որի ամբողջ պատկերը նույնիսկ հնարավոր էլ չէ հասկանալ: Մարդ կա, որ մի քանի ամիս առաջ է նամակ ստացել, բայց պարզվել է՝ վարակումը եղել է պատերազմի ժամանակ»,-ասում է տեղեկատվության անվտանգության փորձագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930