Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Քյարամյանը՝ Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի մասին

Նոյեմբեր 01,2023 16:22

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին լրագրողները հարցրեցին՝ Սամվել Բաբայանին հրավիրե՞լ են հարցաքննության ՔԿ, ինքը հայտարարություն էր տարածել, որի մասով քրեական վարույթ էր նախաձեռնվել: Նա ասաց, որ չի պատասխանի այդ հարցին, քանի որ կան գործեր, որոնց մասով նախաքննությունը հրապարակման ենթակա չէ:

Երեկ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել, որ Ադրբեջանի գործողությունները Արցախի հետ կապված ուսումնասիրվում են, դրանք կարո՞ղ են միջազգային դատարանում պետք լինել, Քյարամյանը պատասխանեց. «Խոսքը վերաբերում է բացառապես էթնիկ զտման համատեքստում հարուցած քրգործին, որովհետեւ ՔԿ-ն Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ քննություն իրականացնելու իրավունք չունի: Բայց կան միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ՝ ագրեսիվ պատերազմ, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, օրինակ, էթնիկ զտումը, որը ցեղասպանության տարր է, որը մեր ազգի հետ տեղի ունեցավ: Դրա վերաբերյալ կա հարուցված քրեական վարույթ, ընդ որում, դա վերաբերում է ինչպես մինչեւ ռազմական գործողությունները տեղի ունեցած դեպքերին, խոսքը վերաբերում է 2022-ի դեկտեմբերին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը եւ այդ կերպ էթնիկ զտման համար նախադրյալներ ստեղծելուն, այնպես էլ՝ դրանից հետո: Բոլորս ականատես եղանք, որ կարճ ժամանակահատվածում մեր ազգաբնակչության 100 հազար ներկայացուցիչներ լքեցին իրենց բնօրրանը՝ մահվան սպառնալիքի տակ»:

Հարցին՝ հաղորդագրության մեջ 16 անձի ապօրինի գերեվարման մասին է խոսք գնում, որից 9-ն է հաստատել Ադրբեջանը, Քյարամյանը պատասխանեց. «Պետք է քննություն անենք, կան նաեւ ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գերեվարված են, եւ այդ անձանց գերությունը հաստատված է: Մենք ինտենսիվ զբաղված ենք ե՛ւ պաշտոնյաների, ե՛ւ մնացած մարդկանց գերեվարման հարցով»:

Հարցին՝ Սամվել Բաբայանի հայտարարությունների հետ կապված քրեական գործ է հարուցվել, մասնավորապես՝ մարտ վարելու միջոցները հակառակորդին թողնելու եւ զինվորական պաշտոնեական անփութության մասով, բայց հաշվի առնելով, որ խոսքը Արցախում առերեւույթ կատարված հանցագործությունների մասին է, իսկ Արցախը Ադրբեջանի մաս եք ճանաչել, իրավական առումով այստեղ խնդիր չկա՞, Քյարամյանը պատասխանեց. «Ես նշեցի մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին, այդ մասով ես կարող եմ մեկնաբանություն տալ, մնացած մասով տեղեկացված չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930