Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պարեկներն այս պահին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ չեն տեսնում»․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Նոյեմբեր 01,2023 16:12

«Սահմանին այս պահին իրավիճակը հանգիստ է։ Մեր պարեկները, որոնք ամենուր են, չեն տեսնում որևէ լարվածության աճ այս պահին»,-հարցին՝ ձեր դիտորդներն ի՞ նչ են զեկուցում՝ այս պահին հայ-ադրբեջանական սահմանին ի՞նչ իրավիճակ է, Եղեգնաձորում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը( լուսանկարում)։

Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն, այլ՝ ԵՄ ոչ անդամ երկրներ կմիանա՞ն առաքելությանը, Մարկուս Ռիտերն այսպես պատասխանեց․ «Մենք հիմա 23 անդամ երկիր ունենք, որոնք մասնակցում են այս առաքելությանը։ Որոշվել է, որ Կանադան ևս կմասնակցի և այլ հետաքրքրված պետություններ։ Դա կքննարկվի Բրյուսելում, ոչ թե այստեղ»։

Հարցին՝ արդյոք դիտորդական առաքելության մանդատի ընդլայնման հարց քննարկվո՞ւմ է, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը պատասխանեց՝ այդ հարցը ևս Բրյուսելում կքննարկvի մինչև տարեվերջ։ Խոսելով ԱՄՆ-ի ներգրավման մասին, ինչպես նաև ԵՄ առաքելության ղեկավարի՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի ու դեսպանի հետ հադիպման մասին, Մարկուս Ռիտերն ասաց․ «Մենք մեր մանդատի մասին ենք խոսել, իրավիճակի մասին, բայց հատկապես ԱՄՆ-ի՝ առաքելությանը միանալու հարցով և այդօրինակ այլ հարցեր Բրյուսելում պիտի քննարկվեն։ Ես հանդիպումներ եմ ունեցել նաև այլ երկրների ներկայացուցիչների հետ, որոնք ԵՄ անդամ չեն»։

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը փաստեց՝ մեծ ուշադրություն կա առաքելության նկատմամբ։ Իսկ առաքելությունը միշտ բաց է իր կատարած աշխատանքը ներկայացնելու հարցում։

Լրագրողների հարցին՝ Երասխի մետալուրգիական գործարանի տեղափոխումից հետո հիմա իրավիճակը հանգի՞ստ է, Մարկուս Ռիտերը պատասխանեց․ «Այն, ինչ մենք արել ենք օգոստոսին, դա կատարել ենք ԱԳՆ պահանջով։ Երբ մենք այն ժամանակ այնտեղ էինք, որևէ միջադեպ չկար, խաղաղ ու հանգիստ էր։ Հիմա այնտեղ ևս խաղաղ է, որևէ միջադեպ չկա։ Նույնիսկ մեր ներկայության ժամանակ էլ չկար միջադեպ»։

Հարցին՝ կա՞ն թվեր, թե մոտ ի՞նչ ծավալի է հասնելու ԵՄ առաքելությունը ՀՀ-ում և արդյոք մանդատի ընդլայնում նախատեսվո՞ւմ է, Մարկուս Ռիտերը պատասխանեց․ «Մենք ամեն օր 6 կետերում իրականացնում ենք դիտարկում, այն համայնքներում, որոնք տուժել են հակամարտությունից։ Մանդատի ընդլայնման և այլ հարցեր Բրյուսելում սեղանին են։ Բայց սրանք պետք է քննարկվեն 27 անդամ պետությունների կողմից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930