Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ աշխատանքից հեռացրել են իշխանական թեւի համակիր լինելու համար. Ջրային կոմիտեի ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

Նոյեմբեր 01,2023 15:49

Վերջին մեկ ամսում ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության  (ՏԿԵ) Ջրային կոմիտեի միանգամից մի քանի աշխատակից է աշխատանքից ազատվել:

Աշխատանքից ազատվել են կոմիտեի նախագահի՝ ոռոգման վարչությունը համակարգող տեղակալը, վարչության պետը, վարչության ավագ մասնագետ եւ նոյեմբերի մեկով նաեւ կոմիտեի նախկին մամուլի խոսնակ, վերջին մեկ ամսում կոմիտեի ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու Վարսենիկ Դավթյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իր աշխատանքային պայմանագիրը պարզապես չի երկարացվել: Վարսենիկ Դավթյանը կոմիտեում էր աշխատում արդեն 13 տարի, աշխատանքից ազատման հստակ պատճառ չգիտի, բայց կարծում է, որ ՔՊ-ի համակիր լինելու պատճառով է: Պետական համակարգից սովորաբար ընդդիմադիր հայացքների համար են հեռացվում՝ մեր այս դիտարկմանը Վարսենիկ Դավթյանն  այսպես արձագանքեց. «Ճիշտ եք նկատում, բայց ինձ աշխատանքից ազատելը կրում է քաղաքական ենթատեքստ: Ինձ աշխատանքից հեռացրել են իշխանական թեւի համակիր լինելու համար: Ինձ կապում են իշխանության հետ»:

Կոմիտեի աշխատակիցները նշում են, որ Աբովյանի նախկին քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի ընկեր ու թիմակից համարվող կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանը (լուսանկարում) կոմիտեում պաշտոնը ստանձնելուց հետո աստիճանաբար ԲՀԿ-ականներով է լցնում  կոմիտեն:

Մեր հարցին՝ այսինքն՝ պետական հիմնարկում ԲՀԿ-ՔՊ հակամարտությո՞ւն եք տեսնում, ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ միայն կարող է փաստերն արձանագրել, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակահատվածում, վերցնելով արձակուրդ ու մասնակցելով ՔՊ թեկնածուի քարոզարշավին, դրանից հետո աշխատանքի վերադառնալով, փաստորեն, աշխատանքից ազատվեց. «Իրենք մտադրություն չունեին իմ պայմանագիրը լուծարել, որովհետեւ  վերջին մեկ ամսում ինձ նշանակում են արել: Չէին կարող նշանակել, եթե չուզենային աշխատել հետս: Ընթացքում՝ որպես ՔՊ համակիր, ներկայացուցիչ, մեկ-երկու անգամ մասնակցեցի ավագանու ընտրությունների քարոզարշավին, դրանից հետո հետ եկա, ու սկսվեց այդ ամեն ինչը, ինձ ընթացքում ծանուցեցին, որ ազատվելու եմ աշխատանքից ու պայմանագիրս չերկարացրին»:

«Առաջին դեմքեր էլ են երկրում փոխվում, բոլորն իրենց թիմն են հավաքում, էդ բոլորին հայտնի չէ՞, ո՞ւմ հայտնի չէ: Բոլորն էլ իրենց թիմն են հավաքում, հավատարիմ մարդիկ են հավաքում, որ բեռ տանեն: Մեծ բեռ է դա, իսկ մեծ բեռը հավատարիմ մարդկանց հետ պետք է տանել: Դա բնական բան է»,- Aravot.am-ին ասաց Կոմիտեի ոռոգման վարչությունը համակարգող, արդեն աշխատանքից ազատված տեղակալ Կարեն Դաղբաշյանը : Միաժամանակ նա վստահեցրեց, որ կադրային ջարդի արդյունքում չի ազատվել, այլ սեփական դիմումի համաձայն՝ այլ նպատակներով ու դեռ չի աշխատում:

Ինչ վերաբերում է վարչության պետի ու գլխավոր մասնագետի՝ աշխատանքից ազատմանը, պարոն Դաղբաշյանն ասաց, որ նրանք այլ աշխատանքի են անցել, իրենց սեփական դիմումի համաձայն: Մեր զրուցակիցն ասաց՝ նրանց փոխարեն չի կարող ասել՝ արդյոք կոմիտեի նախագահի թիմակիցներին իրենց տեղը զիջելու համար են աշխատանքից ազատման իրենց դիմումները գրել ու հեռացել:

«Նրաքնք բարձր կարգի մասնագետներ են, դուրսը չեն մնա, մրցույթին մասնակցել ու անցել են անմիջապես ուրիշ աշխատանքի»,-հավելեց Դաղբաշյանը:

ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կոմիտեում կադրային ջարդ չկա: Նրա խոսքով՝ երկու կադրային փոփոխություն է եղել, երկուսն էլ իրենց դիմումի համաձայն այլ աշխատանքի անցնելու հիմքով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930