«Պետությունը ձեզ տրամադրում է 412 մլն դրամ, իմ խորին համոզմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար դա քիչ է։ Բայց ես ձեր հաշվետվության մեջ չեն տեսնում հստակ նյութական ապացույցներ առ այն, որ արվելու է կարեւոր գործ, եւ այդ գործը պետք է իրոք ստա անհրաժեշտ ֆինանսավորում»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Վարդանյանն ասաց, որ արդեն չորրորդ անգամ հանձնաժողովի բյուջետային հայտը մնացել է նույն մակարդակում։ «Չի էլ փոխվելու, պարոն Վարդանյան»,- արձագանքեց Հայկուհի Հարությունյանը։ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց՝ ի՞նչ է նշանակում՝ չի փոխվելու։ «Այլ մարմին լիներ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չլիներ, մենք չէինք քննարկի այս հայտը, կարող էինք հետաձգել»,- ասաց Վարդանյանը։
Հայկուհի Հարությունյանը նշեց, որ հանձնաժողովն իրականացնում է օրենքով վերրապահված լիազորություններ։ «Ի տարբերություն քրեական վարույթների, վարչական վարույթների համար կոնկրետ ընթացակարգ ու ժամկետ է սահմանված, որը համընկնում է բյուջետային հայտի ժամկետի հետ։ Եթե 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցի 10 վարույթ՝ հայտարարագիր չներկայացնելու կամ հայտարարագրում սխալ ու ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու վերաբերյալ, եւ այդ վարույթները ժամանակին ու օրենքով սահմանված կարգով չիրականացվեն, դա կնշանակի, որ հանձնաժողովն օրենքով սահմանված լիազորությունը չի կատարել։ Դրա համար առավելագույն կանխատեսելիությունը բյուջետային հայտով այն է, որ դրանք 100 տոկոս կատարման ենթակա են։ Ի տարբերություն քրեական վարույթ իրականացնող մարմնի՝ մենք չենք կարող կանխատեսել հայտարարագիր չներկայացնելու թիվ եւ ասել՝ 4000 անձի նկատմամբ կհարուցենք վարույթ»,- ասաց նա։
Հայկուհի Հարությունյանը նշեց, որ 2022 թվականին ունեցել են 240-ը գերազանցող վարույթ՝ հայտարարագիր չներկայացնելու հիմքով, այս տարի այսօրվա դրությամբ այդ թիվը 24 է կազմում։ «Ես հիմա պիտի ենթադրեմ, որ վարչական իրավախախտման 5 վարույթ կհարուցվի հաջորդ տարի, հետո՞։ Բայց դա կարող է լինել 50, կարող է բացարձակ զրո լինել։ Հետեւաբար, փորձ է արվել ոչ թե հայտով, այլ հետագա ներկայացված հաշվետվությամբ ցույց տալ, թե կատարողականն ինչքանով է իրական եղել»,- հավելեց Հայկուհի Հարությունյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ