«Ես ձեզ հանցագործության մասին հաղորդում տվող չեմ, ես ձեզ չեմ վստահում»,- այսօր դատարանում, դիմելով դատախազին, ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Երեւանի քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր շարունակվեց Նարեկ Սամսոնյանի գործի քննությունը: Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությունն է տարածել՝ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել լրատվամիջոցներով առերեւույթ բռնության կոչեր անելու եւ բռնության հրապարակային արդարացման համար: Խոսքը վերաբերվում է խորհրդարանում, ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սահակյանի եւ իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Հաղորդագրության մեջ գրված է. «AntFake.am» կայքում հրապարակվել է ««Զարկեց ճակտին, փռեց գետնին», ո՞ւմ պռոեկտն է Էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում: Այս կապակցությամբ ստացված հաղորդման առթիվ 2023թ․ ապրիլի 06-ին ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ»:
Վարույթի շրջանակում ՔԿ-ն պարզել է, որ տեսագրությունում առկա են բռնության հրապարակային կոչ ու բռնության արդարացում. «Մասնավորապես, հաղորդման ընթացքում Ն․ Ս․-ի կողմից հնչեցվել են հետևյալ արտահայտությունները՝ «Ես ուզում եմ ասել, որ ես աջակցում եմ Մհերին, Մհերի արածը ողջունում եմ, բավականին բարձր եմ գնահատում Մհերի արածը, որովհետև Մհերը արել է մի բան, ինչը վաղուց պետք էր անել և ինչը ընդհանրապես պետքա հաճախ անել» և «ես շուտափույթ ազատություն եմ մաղթում Մհերին, ողջունում եմ նրան, տոկունություն եմ մաղթում և հորդորում եմ մնացած պատգամավորներին ևս հետևել Մհեր Սահակյանի օրինակին: Թույլ մի տվեք շները Ձեր վրա հարձակվեն և կծեն: Կատաղած շանը նախականխելու համար կան բազմաթիվ ոչ, հա՞, ֆիզիկապես սպանելու օրինակներ, մեկը Մհերը Ձեզ բոլորիդ ցույց է տվել»:
Ապրիլի 10-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ Ն․Ս․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգքրի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»:
Կարդացեք նաև
Դատախազն այսօր ներկայացրեց մեղադրանքը, ապա դատարանն անցավ խնդրո առարկա տեսագրության հետազոտմանը, որը դրված է մեղադրանքի հիմքում, որը ներկայացրել է մեղադրանքի կողմը:
«Փոդքաստը քաղաքական սատիրայի ժանր է պարունակում նաեւ եւ կծող շան մետաֆորան, որը փոդքաստում օգտագործվել է՝ որպես բռնության օրինակ, տիպիկ բնութագրում է ինքնապաշտպանության իրավիճակը»,- ներկայացված ապացույցի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց Նարեկ Սամսոնյանը:
Նրա գնահատմամբ՝ իր հրապարակային հնչեցրած յուրաքանչյուր խոսքը բազմաթիվ կառույցների կողմից է ուսումնասիրվում. «Այս հինգ տարիների ընթացքում, իմ ընդդիմադիր գործունեության պատճառով, այնպիսի հետապնդումներ են եղել, որ դա ինձ համար շատ նորմալ է դարձել եւ դրանից ելնելով, ես իմ խոսքում շատ զգույշ եմ, որպեսզի մարդիկ իմ նկատմամբ հավելյալ հետապնդում հարուցելու պատճառ չունենան: Չեմ ասում ես իմ քաղաքական խոսքը սահմանափակում եմ, քավ լիցի, ես իմ քաղաքական խոսքում այնքան ազատ եմ, որքան իրենք ազատ չեն իրենց ողջ կյանքում»:
Նարեկ Սամսոնյանը հիշեցրեց, որ ԱԺ-ում իշխանական պատգամավորները մի քանի անգամ հարձակվել են եւ ծեծել են ընդդիմադիր պատգամավորներին՝ հետեւից, կողքից, դարանակալած հարձակվել են, ոչ թե եղել է ծեծկռտուք ու որեւէ քրեական գործ չկա: Նա տարակուսեց՝ բոլորի համար ԱԺ իշխանական պատգամավորի նման պահվածքը նորմատիվ է դարձել. «Այն, ինչ ես եմ ասել, հարյուր հազարավոր մարդիկ, հանրային բազմաթիվ գործիչներ ասել են նույն բանը. ես չեմ ասում, որ նրանք պետք է դատվեն, ես ասում եմ, որ ես չպիտի դատվեմ: Բայց այն, որ ես այստեղ եմ կանգնած, դա խոսում է նրա մասին, որի վերջին հինգ տարվա ընթացքում իմ նկատմամբ քաղաքական հետապնդումները նոր թափ են ստանում: Ավելին, չորս տարի ինձ զրկել են երկրից դուրս գալու հնարավորությունից՝ վաղեմությունն անցած գործով: Ես լրիվ ունեմ իրավունք պնդելու, որ սա այդ գործի շարունակությունն է»:
Նարեկ Սամսոնյանը նաեւ մի քանի օրինակներ բերեց, որոնք բացահայտ բռնության կոչ են՝ ոչ պակաս հանրային գործիչների կողմից եւ դատախազության ներկայացուցչին հորդորեց՝ զբաղվել դրանցով. «Ռուբեն Մեհրաբյանը, որը կուսակցության փոխնախագահ է, լրատվամիջոցներով, իր ֆեյսբուքյան էջում, գրում է՝ այդ 22 դեպուտատ ստահակները պետք է ստանան ոչ թե աշխատավարձ, այլ չափալախ, ընդ որում՝ մարդաշատ տեղերում»: Նա հիշեցրեց, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, քանի որ վերջինս հրապարակային արտահայտվել է Գեբելսի ճակատագրի մասին, որը ինքնասպան է եղել եւ ենթադրաբար, դա դիտարկվում է իբրեւ բռնության կոչ, բայց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է. «Սամվել Շահրամանյանն ինքնասպան լիներ, ավելի ճիշտ էր». խոսքը կոնկրետ ինքասպանության մասին է, ու որեւէ քրեական գործ այս մարդու վրա չկա: Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյան՝ «Մենք ենք որոշելու, թե իշխանությունը երբ ծեծ ուտի. այսօր՝ ոչ»: Հաջորդը՝ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ, իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին ասում էր՝ «լեզուդ կպոկեմ», «վիզդ կկտրեմ»:
Այս ամենից հետո իր խոսքը ներկայացնել՝ իբրեւ բռնության կոչ… Նարեկ Սամսոնյանը սա անտրամաբանական է համարում եւ այս գործը որակում է խայտառակ: Նաեւ հայտարարում է, որ հետազոտված տեսանյութում ակնհայտ երեւում է, որ ինքը բռնության կոչ չի արել, բռնությունը խրախուսելով չի զբաղվել:
Նարեկ Սամսոնյանը դատարանին ու դատախազին փոխանցեց իրական բռնության կոչի փաստաթղթերը, այն օրինակները, որոնք ինքը բերեց՝ դատարանին հորդորելով դրանք կցել իր գործին, դատախազին հորդորելով՝ զբաղվել այդ դեպքերով: Դատախազը հայտարարեց, որ Նարեկ Սամսոնյանը կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իր նշած դեպքերով: Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն առարկեց՝ հայտարարություն անողները հրապարակային գործիչներ են, նրանք ունեն անուն-ազգանուն եւ արել են հայտարարություններ. «Ի պաշտոնե գործեք՝ վերցրեք եւ քրեական վարույթ իրականացրեք»:
«Ես ձեզ հանցագործության մասին հաղորդում տվող չեմ, ես ձեզ չեմ վստահում»,- այսօր դատարանում՝ դիմելով դատախազին, ասաց Նարեկ Սամսոնյանը:
«Մենք բոլորս համոզվեցինք, որ չնայած դատախազության կողմից ներկայացված փաստաթղթում անընդհատ ներկայացվում է իբրեւ Նարեկ Սամսոնյանն ասում է՝ «այո, ես ողջունում եմ Մհերին», եւ տպավորությունը կարող է այլ լինել, բայց տեսագրության ամբողջական հետազոտությունն այլ բան ցույց տվեց. տեսագրության մեջ չորս անգամ խոսվում է ինքնապաշտպանության մասին, եւ այդ ողջույնները վերաբերում են ինքնապաշտպանությանը: Ինքնապաշտպանությունը հանցագործություն չէ, եւ ՀՀ օրենսդրությամբ արգելված չէ ինքնապաշտպանությանն աջակցելը»,- կարծիք հայտնեց Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Նարեկ Սամսոնյանն ասաց, որ դատավորի կողմնակալության մասով մինչ օրս կայացած նիստերի արդյունքում կանխակալ վերաբերմունք չի տեսել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ