Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյան. «Ես տեսնում եմ մի իրականություն եւ մի երկիր 2018-ից հետո, որտեղ մարդիկ ազատ քաղաքական հայտարարություններ են անում»

Նոյեմբեր 01,2023 14:35

Այսօր լրագրողները արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցրեցին՝ հետաքրքրվե՞լ եք Տաթեւիկ  Վիրաբյանի առողջական վիճակով, ի՞նչ վիճակում է կալանավորը, երկու անչափահաս երեխայի մայր է, ուզում եք Հաց բերողի, Արմեն Գրիգորյանի օ՞րն ընկնի: Նախարարը պատասխանեց. «Իհարկե, հետաքրքրվել եմ: Տիկին Վիրաբյանը ուշագնացություն է ունեցել, շատ արագ ճնշումը չափել են, ճնշումն ընկել էր, համապատասխան դեղամիջոցը տրամադրվել է, այժմ նորմալ վիճակում է գտնվում»:

Լրագրողները փոխանցեցին ահազանգերը՝ երկու անչափահաս երեխա ունի Վիրաբյանը, առողջական խնդիր ունի, նրան ինչո՞ւ են կալանքի տակ պահում,  նախարարը մեջբերեց օրենսդրական կարգավորումը, որ եթե սրվեն առողջական խնդիրները կտեղափոխվի հիվանդանոց: Դիտարկմանը՝ նրա արարքը այդպես վտանգավոր հանցա՞նք էր, որ կալանք են կիրառում, մի շարք քրեական հանցագործներ ազատության մեջ են, երկրի վարչապետն ասում է՝ ասֆալտ կլիզեն եւ այլն, ազատության մեջ է, Մինասյանը պատասխանեց, որ դատավորը հենվում է իր ներքին համոզմունքի վրա. «Այս գործով կոնկրետ դատարանը այդ որոշումն է կայացրել, ես՝ որպես նախարար, ապահովում եմ ՔԿՀ-ում գտնվող մարդու պատշաճ պահման վայրի ապահովումը»:

Լրագրողները հարցրեցին՝ ե՞րբ է, ի վերջո, մեր երկրում ընտրովի արդարադատությունը վերանալու, ՔՊ-ական պատգամավորը քաղաքացու կարտոֆիլը տշում է, հայհոյում, խուլիգանություն է անում, նա ազատության մեջ է, որեւէ քրվարույթ չկա, իսկ ընդամենը զանգվածային անկարգությունների մասնակցող կնոջը, երկու անչափահաս երեխաների մորը կալանքի տակ են պահում՝ նախարարը պատասխանեց. «Քրեական գործերով, որպեսզի կարողանաք գնահատական տալ, առաջինը պետք է լինել մասնագետ: Ես լսեցի ձեր քաղաքական հայտարարությունը: Պետք է գործի նյութերին ծանոթ լինել, ձեզանից ոչ մեկը ծանոթ չէ: Նյութերին ծանոթ է դատավորը»:

Հարցին՝ ձեզ համար մտահոգիչ չի՞, որ խափանման միջոց կալանքը դարձել է մահակ ընդդիմադիրների դեմ՝ Մինասյանը պատասխանեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր դատական համակարգը այսօր անկախ է, այսօր դատավորների վրա որեւէ ներգործություն գործադիրը չունի»: Լրագրողները հիշեցրին, որ վարչապետի գլխավորությամբ դատարանների առաջ ակցիա է իրականացվում, ասում եք՝ ներգործություն չունի՞: Ըստ Մինասյանի, եթե անձը դժգոհ է, կարող է դիմել արդարադատության նախարարին կամ էթիկայի հանձնաժողովին ու ապացուցել, որ դատավորը գործել է օրենքին հակառակ:

Նախարարն ասաց, որ այսօր այնպիսի գործընթացներ են, որ երբեւէ չենք տեսել, օրինակ, կալանավորվում են գործող նախարարներ, փոխնախարարներ, փոխքաղաքապետեր:

Հարցին՝ վարչապետն ասում է ընդդիմադիրներին՝ պետք լինի՝ Բաքու կուղարկենք, քրեակատարողական կուղարկենք, ինչո՞ւ սա գնահատականի չի արժանանում, խտրականություն չե՞ք տեսնում, նախարարը պատասխանեց. «Ես տեսնում եմ մի իրականություն եւ մի երկիր 2018-ից հետո, որտեղ մարդիկ ազատ քաղաքական հայտարարություններ են անում: Իմ կարծիքով որեւէ քաղաքական գործիչ չի կարող այսօր մտահոգվել իր նկատմամբ բռնությամբ, որովհետեւ գիտի՝ եթե նման բան տեղի ունենա, կարող է դիմել իրավապահներին, եթե կա վիրավորանք, պաշտպանել իր իրավունքները քաղհայցի շրջանակներում»:

Հարցրեցինք՝ այսօրվա արդարադատությանը ձեր գնահատականը ո՞րն է, նախարարը պատասխանեց. «Մեզ ժառանգություն է հասել բավականին խարխլված արդարադատություն, բայց այսօր մեր քաղաքականության շնորհիվ գնում ենք լավ ուղղությամբ, ճիշտ ուղղությամբ: Բնականաբար, խնդիրներ կան, դրանք շատ են, բայց պրոցեսը գնում է դեպի առողջացում: Լրատվական դաշտում առողջացումն այն է, որ այստեղ կանգնում է 11 լրատվամիջոց, նույնիսկ չկա երկուսը, որ մեկ խմբի  կամ մեկ տիրոջ անդամ լինի, բոլորդ տարբեր եք»:

Հակադարձեցինք՝ ինչո՞ւ եք ԶԼՄ-ների տերերից խոսում, մենք մի տեր ունենք, դա Աստված է, ու ընդհանրապես սա ի՞նչ որակում է, Մինասյանը պատասխանեց. «Դա գովասանք էր»:

Հիշեցրինք, որ նախկիններին էին մեղադրում զանգովի արդարադատության մասին, բայց փաստեր՝ ձայնագրություններ կան, թե ինչպես են այս իշխանությունների օրոք փորձում միջամտություններ անել: Նախարարը պատասխանեց. «Ես հավատում եմ, որ մեր իշխանությունը գործում է անկաշառ ու օբյեկտիվ: Ինչ վերաբերում է  զանգովի արդարադատությանը, ես վստահեցնում եմ, որ գործադիր իշխանության որեւէ ներկայացուցիչ նույնիսկ հնարավորություն չունի ներազդել դատական պրոցեսներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930