Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե մարդը շատ արժեքավոր տեղեկատվության  է տիրապետում, իրեն վարակում են մի քանի անգամ». Արթուր Պապյան

Նոյեմբեր 01,2023 14:24

«Apple ընկերությունն ուսումնասիրում է հեռախոսների ակտիվությունը եւ դրանց հիման վրա ուղարկում է ծանուցումներ այն մասին, որ կոնկրետ այս կամ այն մարդու հեռախոսը ենթարկվել է հարձակման՝ պետությանը սպասարկող հաքերային թիմի կողմից: Նրանք չեն նշում, թե դա ինչ երկրի հաքերային թիմ է, կոնկրետ ինչպես է եղել հարձակումը եւ այլն: Իրականում այդ ծանուցումը կարող է նշանակել տարբեր բաներ, բայց Հայաստանում մեր ուսումնասիրած դեպքերի գերակշռող մասը հաստատ Պեգասուս լրտեսական ծրագրի՝ հեռախոսի մեջ ներդրման փորձն է կամ հաջողված փորձը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետի խոսքով. «Պեգասուսը իսրայելական մասնավոր ընկերության կողմից ստեղծված լրտեսական ծրագիր է, որն իրենք վաճառում են մի շարք երկրների պետական կառույցների: Դա վաճառվում է հանցագործներին գաղտնալսելու համար, մինչդեռ իրականության մեջ տարբեր բռնապետական ռեժիմներ Պեգասուսն օգտագործում են քաղհասարակության եւ ընդդիմադիրների դեմ: Ամենավառ օգտագործողներից մեկն Ադրբեջանն է: Միայն իր երկրի ներսում մոտ 1000 թիրախի դեմ է օգտագործել, որոնք ոչ թե հանցագործներ են, այլ ընդդիմադիր լրագրողներ եւ քաղաքական գործիչներ:  Ինչ վերաբերվում է Հայաստանի դեպքին, այն ամենաարտառոցն է այն առումով, իսկ սա միայն մեր կարծիքը չէ, այլ միջազգային մեծ հետազոտական թիմի, որ Հայաստանի դեմ Ադրրբեջանը Պեգասուսը կիրառում է իբրեւ կիբեր զենք՝ Իսրայելի կառավարության թույլտվությամբ, որովհետեւ դա համարվում է ռազմական արտահանում եւ առանց թույլտվության Պեգասուսը չի վաճառվում երկրներին»:

«CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանի  խոսքով. «Պետք է հասկանալ, որ Apple-ը որպես կենտրոնացված ընկերություն՝ որոշակի դիագնոստիկ տվյալներ է ստանում իր հեռախոսներից, որոնք բոլորն ինքն է արտադրում եւ տիրապետում է օպերացիոն համակարգի: Ի հակադրություն դրան՝ google-ը, որն անդրոիդ օպերացիոն համակարգի ստեղծողն է եւ դա տարածում է բաց կոդով, այդ կարգի վերահսկողություն չունի: Apple-ը կարողանում է իմանալ, երբ հարձակման փորձեր են լինում, իսկ google-ը՝ ոչ: Հետեւաբար google անդրոիդ հեռախոս օգտագործողները երբեք չեն էլ իմանում, որ իրենց դեմ հարձակումներ են եղել: Եթե դուք ծանուցում չեք ստացել, քանի որ անդրոիդ օգտագործող եք, դա դեռ ոչ մի բան չի նշանակում: Ճիշտ հակառակը, դա կարող է նշանակել, որ ձեր հեռախոսը վարակված է, այնտեղից տվյալներ են տանում, բայց դուք այդ մասին երբեք չեք էլ իմանում»:

Արթուր Պապյանը հավելում է. «Երբ մենք իրականացնում ենք հետազոտություններ, տեսնում ենք, որ սովորաբար, եթե շատ կարեւոր թիրախ է՝ մարդ է, ով շատ արժեքավոր ինֆորմացիայի է տիրապետում, իրեն վարակում են մի քանի անգամ: Ինչո՞ւ, որովհետեւ iphone հեռախոսները, երբ  դրանք վերբեռնում ես, ժողովրդական լեզվով ասած՝ ռեստարտ ես անում, այդ ժամանակ վիրուսը, որը գործում է միայն օպերացիոն, այսինքն՝ ակտիվ հիշողության մեջ, վերանում է: Եթե այդ մարդը կարեւոր թիրախ է, ստիպված են լինում նրան վերավարակել: Մենք դրա համար արձանագրում ենք  մի քանի վարակում՝ կարեւոր թիրախների մոտ: Սա լավ նորություն է այն մարդկանց համար, ովքեր ուզում են ազատվել դրանից, բայց չգիտեն՝ ինչ անել: Ուղղակի պետք է վերագործարկեք հեռախոսը: Եվ վատ նորություն է այն մարդկանց համար, ովքեր իսկապես արժեքավոր տեղեկատվության են տիրապետում, կարող եք վստահ լինել, որ նորից են փորձելու վարակել: Որպեսզի կանխվեն հետագա վարակումները, Apple-ը նաեւ մեր նման խմբերի միջոցով, երբ իրականացվում են հետազոտություններ, իսկ մենք մեր գործընկերների՝  Amnesty Tech-ի, Citizen Lab-ի հետ  ենք աշխատում, ինչ-որ տվյալներ իրենց ենք փոխանցում, իրենք արձանագրում են, թե այստեղ կոնկրետ ինչ հարձակման վեկտորներ են գրանցվել, փոխանցում են Apple-ին, Apple-ը թողարկում է անվտանգության թարմացում: Այդ թարմացումները դնելը շատ կարեւոր է, որպեսզի խուսափեք կրկնավարակից: Բացի դրանից Apple-ը հատուկ ստեղծել է այսպես կոչված՝ Lockdown Mode, որը պետք է ակտիվացնել: Այն կանխում է հեռախոսից արտահոսքը ինչ-որ դեպքերում, նաեւ բավական լուրջ քայլեր է ձեռնարկում վերավարակումը դադարեցնելու ուղղությամբ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930