Պետական վերահսկողական ծառայության գործառույթների արդյունքներով՝ այս տարվա 10 ամիսներին վերականգնվել է շուրջ 1 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ շուրջ 200 մշտադիտարկումների եւ 39 ուսումնասիրությունների արդյունքներով՝ նախորդ տարի 78 հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա 77 քրեական վարույթներ են հարուցվել։ «Այդ 77 քրեական վարույթներից 33-ը քննվում են Հակակոռուպցիոն կոմիտեում, եւ 44-ը քննվում են Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում։ Այս տարվա 10 ամիսների արդյունքներով՝ հաղորդումների թիվն արդեն գերազանցել է 80-ը։ Եվ այս պահի դրությամբ արդեն 65 քրեական վարույթներ են հարուցված, որոնցից 31-ը քննվում է դարձյալ Հակակոռուպցիոն կոմիտեում, մնացած՝ Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում։ Անցած տարվա այդ 77 քրեական վարույթները վերաբերելի են շուրջ 38,1 մլրդ պետական միջոցների հետ կապված առերեւույթ իրավախախտումներին։ Այս տարվա շուրջ 70 քրեական վարույթները վերաբերելի են գրեթե 90 մլրդ դրամ պետական միջոցներին»,- ասաց նա։
Ըստ Ռոմանոս Պետրոսյանի՝ միայն ՊՎԾ գործառույթների արդյունքներով՝ կառավարման համակարգի տարբեր մարմիններում տեղի է ունեցել շուրջ 550 մլն դրամի վերականգնում։ Այս թվի մեջ չեն մտնում Գլխավոր դատախազության եւ քննչական մարմինների գործունեության արդյունքում վերականգնումները։ «Իսկ այս տարվա 10 ամիսների արդյունքներով՝ վերականգնվել է 982 մլն դրամ։ Որից շուրջ 500 մլն դրամը վերաբերում է Բարձրավոլտ էլեկտրացանցերին»,- հավելեց նա։
Նա նաեւ հավելեց, որ «Հայփոստ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ քրեական վարույթ է նախաձեռնված, գործը քննվում է Քննչական կոմիտեում։ «Հիմնականում առերեւույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող փաստերը վերաբերում են որոշակի պաշտոնատար անձանց ուռճացված աշխատավարձերին, պարգեւավճարներին, այն դեպքում երբ «Հայփոստ» պետական ՓԲԸ-ն վերջին տարիներին աշխատել է ֆինանսական վնասով։ Բայց իրավասու պաշտոնատար անձինք ստացել են պարգեւավճարներ, պարգեւատրումներ, հավելավճարներ։ Ինչպես նաեւ, ունենք փաստեր մի քանի տասնյակ հազար առաքանիների հետ կապված, դրանց մաքսային ձեւակերպումների եւ մաքսային ձեւակերպումներից դուրս դրանց մատակարարումներին»,- նշեց Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ