Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր դրոշի ահազանգ՝ Հայաստանի համար․ Լեմկինի ինստիտուտը Ադրբեջանի կողմից ներխուժման վտանգ է տեսնում

Նոյեմբեր 01,2023 14:09

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր դրոշի ահազանգ է հայտարարել Հայաստանի Հանրապետության համար՝ կապված առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման հնարավորության հետ։

«Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր որպես դեպի Նախիջևան տանող և Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցք»-ի մաս: Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքի բռնազավթումը, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում էնդեմիկ ցեղասպանական հայատյացությունը, ադրբեջանական ներխուժումը կարող է վերածվել ցեղասպանության: Աշխարհին հիշեցնում ենք, որ ցեղասպանությունը չի դրսևորվում միայն զանգվածային սպանություններով։ Ինչպես եղավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի/Լեռնային Ղարաբաղի վերջին բռնազավթման ժամանակ, ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագության և բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների հիմքում ընկած գաղափարախոսությունն ուղղված է ինքնության մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը»,-ասված է ինստիտուտի ծավալուն հայտարարության մեջ։

Նշվում է, որ թեև Ադրբեջանի պաշտոնյաները վերջերս չեն խոսում Սյունիքով միջանցք ստանալու ծրագրից, այնուամենայնիվ, անհանգստանալու մի քանի պատճառ կա: «Արցախի հայկական տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից հետո, ինչը հանգեցրեց խաղաղ հայ բնակիչների դաժան սպանություններին և գրեթե ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը, Ադրբեջանը հրապարակայնորեն հայացքն ուղղեց Հայաստանի ամենահարավային՝ Սյունիքի մարզին, որը համարում է իր սեփական տարածքը՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»»։

Հայտարարությունը մեջբերում է ԵՄ-ում Հայաստանի դեսպանի թեկնածու Տիգրան Բալայանի նախազգուշացումն առ այն, որ ադրբեջանական ներխուժումը Հայաստան կարող է տեղի ունենալ «շաբաթների ընթացքում»: Սպառնալիքների մասին նախազգուշացրել են արևմտյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ասվում է հայտարարության մեջ։

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արևմտյան պետություններին կոչ է անում աջակցել Հայաստանին՝ ամրապնդելու իր ինքնիշխան սահմանները և դիվանագիտական դիրքերը տարածաշրջանում՝ պնդելով, որ հայկական կողմը վերահսկի իր տարածքով անցնող ցանկացած միջանցք։ Նրանք կարող են հետագայում աջակցել Հայաստանին իր ինքնիշխանության ապահովման հարցում՝ ստիպելով Ադրբեջանին դուրս բերել իր բանակը սահմանամերձ շրջաններից, պատժամիջոցներ կիրառելով Ալիևների ընտանիքի նկատմամբ և կասեցնելով Ադրբեջանի՝ ներկայիս վիզային և էներգետիկ համաձայնագրերը ԵՄ-ի հետ, ինչպես առաջարկվում է Եվրախորհրդարանի վերաբերյալ բանաձևով։ Կոչ է արվում նաև ճնշում գործադրել ՆԱՏՕ-ի անդամ, Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիայի, ինչպես նաև Բաքվի վրա՝ իրական խաղաղություն հաստատելու համար։

Արևմտյան երկրները պետք է հետ կանգնեն Հայաստանին ուղղված ցանկացած «ամեն ինչ կամ ոչինչ» վերջնագրերից, որոնք կարող են ներկայացվել՝ ճնշում գործադրելու Հայաստանի վրա՝ ամբողջությամբ խզելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի աճող բարեկամական, տնտեսական և ռազմավարական հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Հայաստանը պետք է կարողանա օգտագործել իր ինքնիշխանությունը՝ գործընկերների հետ նոր տնտեսական հարաբերություններ բացահայտելու համար, ասվում է հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930