Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի Դրամատիկ արվեստի կոնսերվատորիայի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ղեկավարության միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2024 թվականի ամռանը ԵԹԿՊԻ-ի 8 ուսանողներ կմեկնեն Ավինյոն՝ մասնակցելու կոնսերվատորիայի ամառային դպրոցին: Այս մասին հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից:
ԵԹԿՊԻ-ի հանրային կապերի պատասխանատու Վովա Արզումանյանի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի Դրամատիկ արվեստի կոնսերվատորիայի ամառային դպրոցին մասնակցելու համար դիմել է 81 ուսանող: Հաշվի են առնվել ուսանողների առաջադիմությունը, մոտիվացիան, մեծ կարևորություն է տրվել օտար լեզուների իմացությանը, ներկայանալու և ճկուն մտածելու ունակությանը։
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ նույն ժամանակահատվածում անցկացվելու է Ավինյոնի փառատոնը և ամառային դպրոցի մասնակիցները կկարողանան անվճար այցելել բոլոր ներկայացումներին։
-Մասնակիցների ճանապարհածախսը, կացությունն ու սնունդը մասամբ կապահովի Ավինյոնի կոնսերվատորիան, մասամբ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Բուհը միջազգային համագործակցությունն ընդլայնում է, ինչը լավ առիթ է մեր ուսանողների համար` մասնագիտական ոլորտում հմտանալու, նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերելու, ժամանակակից արվեստի նորագույն միտումներին առնչվելու առումով,-նշել է Վ. Արզումանյանը:
Կարդացեք նաև
Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ