Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում. 8֊րդ դասարանցի մի տղա Պարույր Սևակ փողոցում «Տիր»-ի հրացանով պատահաբար կրակել է նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհու։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ ժամը 18.56-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած վերք, պնեւմոթորաքս հարցականով, հիպովոլեմիկ սինդրոմ» ախտորոշմամբ Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց» բուժօգնության է տեղափոխվել 2012թ.ծնված անչափահաս աղջիկ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժ.17.30-ին։ Ըստ տեղեկությունների՝ 2010 թ.-ին ծնված անչափահաս տղան պատահաբար գետին է կրակել, սակայն մետաղյա փամփուշտը հետ հարվածով դիպչել է 11-ամյա աղջկա կրծքավանդակի աջ մասին։
«Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Կարեն Գևորգյանն Aravot.am-ին փոխանցեց, որ օտար մարմինը հայտնաբերել են աղջկա մարմնի միջնորմում` սրտի և թոքերի արանքում, նրան երեկ տեղափոխել են մայրաքաղաք` «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»։
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ նաև փոխանցեցին, որ «Տիր» հրացանը վերցվել է, փաթեթավորվել, կնիքվել և փաստաթղթերի հետ ներկայացվել է Ախուրյանի քննչական բաժին։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱն