Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամենամեծ հարցը Արցախի ժողովրդի հարցն է, ՀՀ նախագահը մտադի՞ր է ծրագրեր իրականացնել կամ ինչո՞ւ ուղերձով չի դիմում ԱԺ-ին»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 01,2023 12:08

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանին։

«Նկատի ունենալով Հանրապետության նախագահի սահմանադրական կարգավիճակը՝ համազգային շահերով ու նպատակներով առաջնորդվելու, այսօր հիմնական ամենամեծ հարցը Արցախի ժողովրդի հարցն է։ Ցեղասպանված ու բռնի տեղահանված մի ժողովրդի հարցը։ Եվ այստեղ Հանրապետության նախագահի կարեւոր գործառույթներից մեկը պետք է լինի համազգային շահերից բխող այս կարեւոր հարցը։ Արդյոք քննարկվե՞լ է այս ուղղությամբ նախագահի ինստիտուտի միջոցով որոշակի ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։ Կամ, եթե չի քննարկվել, գոնե մտադի՞ր եք այդ ուղղութամբ ինչ-որ քայլեր իրականացնել, թեկուզեւ ելնելով այն բանից որ Հանրապետության նախագահը հնարավորություն ունի իրեն հատկացված բյուջեի շրջանակներում որոշակի ձեւով նաեւ նպաստել Արցախի Հանրապետության որոշ սահմանադրական մարմինների աջակցությանը, չեմ ասում ուղիղ ֆինանսավորմանը, բայց աջակցությանը գոնե այնպիսի հարցերում, որպեսզի պահպանվի կարեւորագույն կարգավիճակ»։ Արծվիկ Մինասյանը նաեւ ասաց, որ Սահմանադրությամբ նախատեսված է Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովին ուղերձով դիմելու իրավասությունը։ «Մենք այս ընթացքում չենք տեսել գործող նախագահի ուղերձը ԱԺ-ին, արդյո”ք 2024 թվականին նախատեսվում է ուղերձով ԱԺ դիմելու գործառույթի իրացումը»,- հարցրեց նա։

Խաչատուր Պողոսյանն ասաց, որ այս ԱԺ քննարկումների հարթակն այսօր իրենք դիտարկում են որպես մասնագիտական հարթակ՝ նախատեսված ֆինանսական միջոցների ու դրանց արդյունքում նախատեսված ծրագրերն իրականացնելու մասին խոսելու համար։ «Ձեր հարցին՝ Հանրապետության նախագահի մոտեցումների եւ քաղաքական գործունեության վերաբերյալ, ես զերծ կմնամ պատասխանելուց»,- ասաց նա։ Պողոսյանը հավելեց, որ եթե լինի անհրաժեշտություն, նախագահը կամք կդրսեւորի եւ ուղերձով կդիմի Ազգային ժողովին։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ «Դուք ոչ միայն սխալվում եք, որ այս հարթակը բացառապես ֆինանսական միջոցների քննարկման մասնագիտական հարթակ է, սա առաջին հերթին պառլամենտ է եւ քաղաքական հարթակ։ Եվ այդ ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը մեծամասամբ պայմանավորված է Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված լիազորությունների իրականացման արդյունավետ մեխանիզմների գնահատականով։ Ես ընդամենը հարցնում եմ՝ նախատեսվա՞ծ է արդյոք բյուջետավորման շրջանակներում արդյունքային ցուցանիշներում այդպիսի բաներ։ Եվ սա շատ վատ է, որ դուք այդպես եք պատասխանում, իսկ ինչո՞ւ պետք է Հանրապետության նախագահը չգա եւ չներկայացնի, ինչո՞ւ գերատեսչությունների ղեկավարներն իրենք չպետք է գան ու ներկայացնեն։ Հանրապետության նախագահը չի կարող ապաքաղաքական լինել, սահմանադրական իր կարգավիճակը ամենաբարձր քաղաքական կարգավիճակն է։ Նա պարտավոր է ապակուսակցական լինել, զերծ լինել այս կամ այն խմբի շահերով առաջնորդվելուց, բայց ինքը չի կարող քաղաքական չլինել»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930