Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը բարձրաձայնեց հարցը, որ «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում ու միջազգային այլ ատյաններում ՀՀ շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարում» հոդվածով նախատեսվում է 3,8 մլրդ դրամ հատկացնել։ Այս տարվա համեմատ հատկացումն ավելանալու է 1,8 մլրդ դրամով։ «Սա ինչի՞ հետեւանք է, ո՞ր տարիների վճիռներն են, որ այդ սխալ կատարված վճիռների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օրինակ, այս տարի պետք է վճարեն մոտ 4 մլրդ դրամ կամ մոտ 10 մլն դոլար: Եվ սա մինչեւ ո՞ւր է գնալու։ Չկա՞ ինչ-որ մեխանիզմ, որ մենք այս ծավալը չունենանք։ Մենք անընդհատ աճ ենք ունենում, իսկ սա արդեն երկրաչափական աճ է»,- ասաց Պապոյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը նշեց, որ այդ ծրագիրը երկու միջոցառումից է բաղկացած, դրա գերակշիռ մասը վերաբերում է ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը։ «Մենք հենց այս միջոցառման գծով ավելի մեծ ավելացում ունենք։ Այսինքն՝ 1,8 մլրդ դրամը վերաբերում է տարբեր միջազգային ու արբիտրաժային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանությանը։ Սա իրենից ենթադրում է որոշակի խորհրդատվական ծառայությունների ձեռք բերում, այսինքն՝ 1,8 մլրդ դրամ ավելացումը դրան է վերաբերում։ Ինչ վերաբերում է վճիռներով համապատասխան փոխհատուցումների իրականացմանը, այս մասով ավելացումը 210 մլն դրամի չափով է 2023 թվականի բյուջեի նկատմամբ»,- ասաց Պողոսյանը։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի տեղակալ Տոնոյանն էլ հավելեց, որ ավելացումը եւ բյուջեի գերակշռող մասը վերաբերում են միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը։ Նա մասնավորապես հիշատակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցերը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ