Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբոխը «ոգու կարգավիճակ է»

Նոյեմբեր 01,2023 10:00

«Ի հեճուկս առողջ բանականության՝ ժողովուրդը մշտապես պաշտպանում է այն, ինչն իր համար փորձանքների աղբյուր է դառնում: Այդպես է տեղի ունենում ժողովրդական ժողովի ընտրություններում. հենց որ ժողովրդականության ալիքը տեղատվություն է ապրում, մենք սկսում ենք զարմանալ, թե ինչպես են պրետորների շարքերը խցկվել մարդիկ, որոնց մենք հենց նոր ձայն էինք տվել»:

Հռոմեացի փիլիսոփա, բանաստեղծ եւ պետական գործիչ Սենական նման վտանգների մասին զգուշացնում էր մեզ 23 դար հեռավորությունից: Փիլիսոփայի վկայակոչած «ժողովրդականության ալիքը» Հայաստանում առայժմ մինչեւ վերջ չի մարել, եւ զարմանալի երեւույթները դեռեւս շարունակվում են: Ամբոխը, Սենեկայի կարծիքով, ճշմարտության վատագույն մեկնաբանն է: Ըստ նրա՝ ամբոխի մեջ կարող է մտնել թե՛ մեծահարուստը, թե՛ աղքատը, թե՛ Սենատի անդամը, թե՛ շարքային քաղաքացին: Ամբոխը, այսպես ասած, «ոգու կարգավիճակ է»:

Հայաստանի ներկայիս իշխանությունն՝ իր առաջնորդի գլխավորությամբ, զրոյացրել է այն, ինչի համար մենք ապրել ենք վերջին տասնամյակներում, բայց այդ աղետը մարդկանց սրտերում համապատասխան արձագանք չի գտնում: Դա թույլ է տալիս ինձ ենթադրելու, որ ասելով «մենք ապրել ենք», ես չափից դուրս շատ եմ ընդլայնում այդ «մենք»-ը, եւ իրականում մեծամասնությունն ապրել է միանգամայն այլ հոգսերով: Կամ, գուցե ավելի ճիշտ կլինի ասել, սկզբից՝ 1988-94 թվականներին, «ոգու կարգավիճակը» բավականին բարձր էր, իսկ այնուհետեւ այդ ոգին «կարգալույծ» եղավ:

Հասարակական դեգրադացիայի մասնավոր, բայց շատ բնորոշ դրսեւորում է վերաբերմունքը Ռուբեն Վարդանյանի հանդեպ: Հայ մարդը, Հայաստանի ու Արցախի համար անգնահատելի վաստակ ունեցող հայ մարդը՝ վտանգի տակ դնելով իր բարեկեցությունը, նյութական կարողությունը, ազատությունը եւ, մեծ հաշվով, կյանքը, բնակություն է հաստատում Արցախում, հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ հասկացնելու համար, որ չի նահանջի, չի փախչի. ի վերջո հայտնվում է թշնամու գերության մեջ: Բայց բազմոցին նստած քաղքենին, ամբոխի ներկայացուցիչը շարունակում է կրկնել պաշտոնական քարոզչության անհեթեթությունները՝ «Պուտինի ուղարկածի» եւ «ռսի շպիոնի» մասին: Դա ոչ թե Ռուբենի, այլ հասարակության խնդիրն է:

…«Ուրեմն, մեզ համար կարեւոր է, – շարունակում է Սենեկան, – չնմանվել ոչխարներին, որոնք միշտ գնալու են հոտի հետեւից՝ ոչ թե այնտեղ, ուր պետք է, այլ այնտեղ, ուր բոլորն են գնում»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nimar says:

    “Ի հեճուկս առողջ բանականության՝ ժողովուրդը մշտապես պաշտպանում է այն, ինչն իր համար փորձանքների աղբյուր է դառնում:…”
    1988-1994 թվականներին համեմատաբար քչերը չէին գնում այնտեղ, որտեղ բոլորը։ Եվ ժամանակը ցույց տվեց, որ նրանք խելամիտ են գործել՝ հասկանալով, թե ինչ փորձանքների դա կհանգեցնի։ Եվ հանգեցրեց:
    Եթե ​​մի կողմ թողնենք պարզունակ կլիշեները, որոնցով «պարգևատրում» են հասարակական և քաղաքական գործիչներին, ապա անձնական արժանիքները չեն փոխհատուցում քաղաքական փորձի պակասը։ Հանկարծ «ներխուժել» ասպարեզ, որտեղ վաղուց արդեն ձևավորվել է հարաբերությունների համակարգ և կառուցվածք, այսպես ասած, «կոտրել գավառականների խաղը» և պարտադրել սեփական կանոնները’
    այս ոճը դատապարտված է մերժման գործընթացի բոլոր մասնակիցների կողմից։ Շատ հաջողակ գործարարների խնդիրն այն է, որ նրանք
    չափից դուրս ինքնավստահ են իրենց քաղաքական ունակությունների վերաբերյալ: Նրանց հաշվարկն այն է, որ իշխանություն ձեռք բերելով՝
    կկարողանան ստիպել նրանց, ում չեն կարող գնել։ Կան հաջողված դեպքեր, բայց սա երկար տարիների աշխատանքի արդյունք է, ինչպես
    Իվանիշվիլին Վրաստանում։ Մտադրությունների անկեղծությունը չի արդարացնում հաշվարկների սխալը։ Ի վերջո, ամեն ինչ միայն վատացավ բոլորի համար:

    • Հ.Շ. says:

      Եթէ լաւ հասկացայ, այ՛ս է, էական պատճառը * 2018*ի չափազանց աղէտալի, լրիւ ողբերգական ձախողութեան:

      Անկարելի՛ էր որ այս վարչակարգի կարողանար անել ինչ որ ասում էր, ինչ որ ցանկանում էր, առանց՝ ներքաղաքական եւ ներազգային, լայնածաւալ համախմբումի, իր շուրջ:

      Սակայն այն ձեւով որ այս մարդիկը հասան իշխանութեան, անկարելի՛ դարձուց նաեւ, այդպիսի որեւէ նշանակալից համախմբում իրենց շուրջ:

      Եւ պէտք է որ իրենք ասիկա հասկնային, եւ հետեւաբար գիտնային՝ ուր կա՛նգ առնել, իրենց այդ Քայլով:

      Քայլ Արա-ն եթէ, ճիշդ կէտին, Հիմա Հէլէ Մի Քիչ Կանգ Արա դառնար, չէինք հասներ այս վիճակին:

      Մ. Հայդուկ Շամլեան

  2. Հ.Շ. says:

    Որպէս երկարատեւ եւ մնայուն դիտորդ, իմ տեսածովս, զուտ հայկական մակարդակի վրայ, Փաշինյանի վարչակարգը մէջտեղ գոյացնողները, ապա զայն վերարտադրող ու պահպանողները՝ * ամբոխը * չէ, միայն:

    Նոյնիսկ կարելի է ասել, նախ եւ առաջ՝ ամբոխը չէ:

    Այլազան տեսակի, այլազան * մակարդակների * հայեր են: Եւ հիմնական այս պատճառով է, որ այսքան դժուար է ձերբազատուիլը սոյն դժոխածին վարչակարգից:

    Իսկ որ խնդիրը * նախկիններն* են, այդ ալ, միայն սովորական բացատրութեամբ չէ. որ, ինչ որ էլ լինի, բաղդատաբար, սրանք նրանցից աւելի լաւն են : Այդ մէկը, կայ, այո: Սակայն անոր վրայ կ’աւելնայ խորունկ եւ շատ ցաւագին յուսախաբութիւնը բոլոր անոնց, որոնք ազգային մասնաւոր խնդիր մը – ոչ ալ որեւէ անձնական շահ – չունէին, այդ նախկինների կապակցութեամբ, սակայն որոնք հիմա կ’անդրադառնան թէ որքան կեղծ, թոյլ, տկար, անզօր, անատակ, պլաֆճի շարլաթաններ էին, նրանք: Եւ ուրեմն, որքան խորապէս անարժան էին՝ որեւէ բարեացակամութեան:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930