Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մշակութային դիվանագիտությունը հզոր ռեսուրս

Նոյեմբեր 01,2023 13:30

Հայաստանյան բարդ իրականության մեջ, երբ կարծես ժամանակ ու եռանդ չկա արվեստին պատշաճ ուշադրություն դարձնելու, հիմնվել ու բեղուն գործունեություն է ծավալում Primavera Foundation of Armenia մշակութային, բարեգործական հիմնադրամը: Այն Հայաստանում գործում է 2022թ.-ից եւ ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի եւ արվեստի մենեջմենթի զարգացմանը: Հիմնադրամի համահիմնադիրներն են միջազգային երաժշտական մենեջմենթի բնագավառում մեծ փորձ ունեցող Անաստասիա Բուդանոկը եւ Ելենա Յակովլեւան, իսկ գեղարվեստական խորհրդի ղեկավարն է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Վասիլի Պետրենկոն:

Մեկ տարվա գործունեության ընթացքում հիմնադրամը կազմակերպել է դաշնամուրի, ջութակի, կիթառի, կամերային անսամբլի անվճար վարպետության դասեր ու համերգներ Տավուշի մարզում՝ Նոյեմբերյան, Իջեւան, Կողբ, Սյունիքի մարզում՝ Մեղրի, Գորիս, Կապան, Ագարակ, ինչպես նաեւ Գյումրիում եւ Երեւանում: Վերը նշված միջոցառումներն իրականացվել են աշխարհահռչակ եւ անվանի երաժիշտների մասնակցությամբ, ինչպիսիք են դաշնակահարներ Լյուկա Դեբարգը, Դմիտրի Մասլեեւը (հիմնադրամի ակադեմիայի դաշնամուրի բաժնի ղեկավար), Պոլինա Օսետինսկայան, կիթառահար Արտյոմ Դերվոյեդը, ջութակահար Մաքսիմիլիան Սայմոնը, կամերային անսամբլի մասնագետ, պրոֆեսոր Իրինա Կրասոտինան (հիմնադրամի ակադեմիայի համանուն բաժնի ղեկավար):

Այս տարվա սեպտեմբերի վերջին, հիմնադրամի գործունեության մեկ տարվա առիթով, աշխարհի տարբեր անկյուններից Երեւան էին ժամանել Primavera Foundation of Armenia-ի խորհրդի անդամները: Զրուցեցինք վերջինիս համահիմնադիր Անաստասիա Բուդանոկի (ԱՄՆ/Ֆրասիա), խորհդի անդամներ Մարկ դը Մոնիի (Ֆրանսիա) եւ Վասիլի Պասեչնիկի (Մալայզիա) հետ:

– Տիկին Բուդանոկ, Դուք միջազգային երաժշտական բնագավառում հայտնի մենեջեր եք, երկար տարիներ աշխատել եք լեգենդար նյույորքյան Columbia Artists Management (CAMI) երաժշտական գործակալությունում առաջին կարգի մեծության արտիստների հետ, ինչպիսիք են Լանգ Լանգը, Յո-Յո Ման, Միշա Մայսկին, Օլգա Պերետյատկոն, Մաքսիմ Վենգերովը, Մյունգ-Վան Չունգը, ինչպես նաեւ տարբեր հեղինակավոր նվագախմբերի հետ: Այնուհետ շարունակել եք Ձեր գործունեությունը Ձեր իսկ հիմնած Primavera Consulting միգազգային գործակալությունում: Հիմնադրամի գործունեության համար ինչո՞ւ ընտրեցիք հենց Հայաստանը:

– Ասօրվա գլոբալիզացիայի պայմաններում Հայաստանի բացառիկ հինավուրց մշակույթը մեծ արժեք է, որը պետք է պահպանել եւ այդ մասին խոսել միջազգային հարթակներում, եւ պետք է աջակցել այդ մշակույթը կրողներին: Չէ՞ որ հենց մշակութային բազմազանությունն է նպաստում երկխոսությանն ու մեր կենսական փորձի հարստացմանը: Համաշխարհային մշակութային ժառանգության մեջ Հայաստանը հսկայական ավանդ ունի: Բացի դրանից, ինձ հաճելի է տեսնել, թե ինչպես են ռեսուրսների անգամ համեստ ներդրումները նշանակալի արդյունքներ տալիս, քանի որ հողը պարարտ է, մարդիկ՝ տաղանդավոր եւ անկեղծորեն սիրում են իրենց երկիրը:

– Հիմնադրամի մեկամյա գործունեության մեջ Ձեզ հատկապես ո՞ր ձեռքբերումներն են ոգեւորում:

– Ամենաշատը ոգեւորված եմ այն գործընկերային հարաբերություններով, որ հաջողվել է ստեղծել վերջին ամիսների ընթացքում, ինչպիսիք են ականավոր երաժիշտներ Վասիլի Պետրենկոյի եւ Դմիտրի Մասլեեւի հետ, նաեւ միջազգային մշակութային կառույցների, օրինակ՝ Վերսալյան պալատի թագավորական կապելլայի, ամերիկյան Bard College-ի, ինչպես նաեւ Հայաստանի հնագույն ձեռագրերի Մատենադարան թանգարան-ինստիտուտի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Երեւանում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ, որոնք երկար ժամանակ է՝ հանդիսանում են մեր մշտական գործընկերները: Նրանց հավատը հիմնադրամի առաքելության հանդեպ եւ աջակցությունը մեզ ուժ են տալիս ու վստահեցնում, որ ճիշտ ուղու վրա ենք:

– Ձեր կենսագրության մեջ նշված է, որ դուք կողմնակից եք արտիստների ավանդական մենեջմենթը ուժեղացնել՝ օգտագործելով թվային տեխնոլոգիաները, սոց-հարթակները, իրականացնել կրթական, բարեգործական եւ մշակութային դիվանագիտական ծրագրեր: Խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ հասկացողություն է «մշակութային դիվանագիտություն»-ը:

– Մշակութային դիվանագիտությունը հզոր ռեսուրս է երկրի միջազգային հաջող դիրքավորման համար եւ երկարաժամկետ հեռանկարում, թերեւս, ամենաարդյունավետը, քանի որ այն հենված է համընդհանուր արժեքների վրա: Միջազգային հարաբերություններում ոչ մի ձեռքբերում իրական չէ, եթե այն հիմնված չէ փոխըմբռնման եւ հարգանքի վրա, իսկ դա ձեռք է բերվում բացառապես մշակութային փոխգործակցության միջոցով, ինչպես բարձրագույն, այնպես էլ կենցաղային մակարդակի վրա: Պատահական չէ, որ այն երկրները, որոնց մշակույթը հիացմունք է առաջացնում, առաջատար դիրքեր են զբաղեցնում աշխարհում, եւ այդպես եղել է միշտ։ Եվ ամենակարեւորը, ստեղծագործական ու ինտելեկտուալ զարգացումը բարենպաստ միջավայր է ստեղծում երկրի տնտեսական աճի եւ ժողովրդի բարեկեցության համար:

– Պարոն դե Մոնի, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հայաստանի մշակութային կյանքի զարգացման համար եւ ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել Primavera Foundation of Armenia-ն մեկ տարի անց:

– Ինձ համար դժվար է գնահատել Հայաստանում մշակութային կյանքի զարգացման հեռանկարները։ Ես մտավախություն ունեմ, որ ստեղծված իրավիճակում կառավարության քաղաքականության մեջ մշակույթին առաջնահերթություն չի տրվի։ Այդ իսկ պատճառով, առավել կարեւոր է դառնում մասնավոր եւ հասարակական կազմակերպությունների դերը։ Ինչ վերաբերում է Primavera Foundation-ին, ապա հուսով եմ, որ գալիք տարվա ընթացքում մենք կկարողանանք ամրապնդել եւ ընդլայնել հիմնադրամի ծրագրերը, ավելացնել մասնակիցների թիվը, այդ թվում՝ ներգրավելով արցախցի երեխաներին, ինչպես նաեւ սկսել Մատենադարանում պահվող հայկական հին երաժշտական ձեռագրերի՝ խազերի, ուսումնասիրության նախագիծը՝ Ֆրանսիական համալսարանի (Ֆրանսիա), Վերսալի թագավորական օպերային ակադեմիայի եւ Ռոյամոն (Royaumont) աբբայության գիտահետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ։

– Նախկինում առնչություն ունեցե՞լ եք Հայաստանի կամ հայերի հետ, ի՞նչը Ձեզ դրդեց միանալ Հայաստանում նման նախաձեռնությանը:

– Իմ ընկերների շրջանում կան հայեր, հիմնականում տաղանդավոր երաժիշտներ են, բոլորն էլ բարեհամբույր, սրտաբաց, առատաձեռն մարդիկ են։ Ինձ համար շատ թանկ են մեր հարաբերությունները։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում, հուսով եմ՝ ոչ վերջին։ Անաստասիա Բուդանոկը եւ Ելենա Յակովլեւան ինձ քաջալերեցին միանալ այս նախաձեռնությանը, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նրանցից։ Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մենք օգուտ կբերենք այս գեղեցիկ ու բացառիկ երկրին։

– Պարոն Պասեչնիկ, Դուք հաջողակ բիզնեսմեն եք, ով մեծ կիրք ունի դասական երաժշտության հանդեպ ոչ միայն որպես ունկնդիր, այլ նաեւ որպես հովանավոր, ինչո՞ւ է կարեւոր բիզնեսմենների համար ներդրումներ անել արվեստում:

– Կարծում եմ, որ գլոբալ առումով, ներկայիս իրավիճակում «գեղեցկությունը կփրկի աշխարհը» արտահայտությունն, առավել քան երբեւէ, արդիական է, ես եւ իմ կինը՝ Բեատրիսը, խորապես հավատում ենք դրան։ Ուստի, յուրաքանչյուր կիրթ մարդու խնդիրն ենք համարում պահպանել ու զարգացնել արվեստը՝ անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում եւ ինչով է զբաղվում։ Արվեստի բնագավառում մեր ներդրումները մեզ համար բիզնես չեն, մենք դրանք անում ենք անշահախնդիր, նախ եւ առաջ սիրուց ու հիացմունքի զգացումից դրդված այն մարդկանց հանդեպ, ովքեր պահպանում եւ շարունակում են աշխարհում տարածել արվեստի բարձրարժեք ավանդույթները եւ անշահախնդիր ծառայում են դրանց։ Կյանքը մեզ հնարավորություն է ընձեռել ընկերանալ հիանալի երաժիշտների եւ հրաշալի մարդկանց հետ, եւ մեզ համար մեծ պատիվ է նրանց աջակցելու հնարավորություն ունենալ:

– 2019թ.-ին հովանավորել եք Մեծ Բրիտանիայի Չելթենհեմի երաժշտական փառատոնը (Cheltenham Music Festival), որի բացումն արեց Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ որպես մենակատար հանդես եկավ տաղանդավոր ջութակահար Էմմանուել Ճգնավորյանը: Ինչպիսի՞ զգացումներ ունեիք բացման համերգին եւ արդյո՞ք մինչ այդ շփվել եք այլ հայերի հետ:

– Մենք հովանավորեցինք այս միջոցառումը ի նշան երախտագիտության Չելթենհեմի մեր ընկերների, եւ այդպիսով նշեցինք Մեծ Բրիտանիայի մշակութային այդ հարուստ քաղաքում անցկացրած մեր 5-ամյակը: Կրկնակի ուրախ էինք, երբ մեզ ասացին, որ նվագախումբը հրավիրել է Էմմանուելին։ Նա ժամանել էր մեկ օրով, հայրիկի՝ Լորիս Ճգնավորյանի հետ եւ համերգից հետո երկուսի հետ շփումը շատ հուզիչ էր։ Իսկ հայերի հետ մտերմություն եմ անում ծննդյանս օրվանից, քանի որ ապրում էինք Լենինգրադում՝ Օրբելի փողոցի վրա, եւ մեր հարեւանները մի քանի հայ ընտանիքներ էին, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի հարազատները։ Ես երկար ժամանակ, ուղղակի, կորչում էի նրանց բնակարանում եւ այն համարում էի իմ տունը։ Այդպիսով, հայկական հյուրընկալությունն ինձ որպես նվեր առատաձեռն կերպով տրվեց դեռ մանուկ հասակում։ Իմ առաջին ինքնուրույն ճամփորդությունը տասնվեց տարեկանում դեպի Հայաստան էր։ Շատ տարիներ անց իմացա, որ պատերազմի ժամանակ Գագրայում հորս ու տատիկիս փրկել է մի հայ ընտանիք: Եղիշե Չարենցի առաջին տողերից, որոնք հայերեն եւ ռուսերեն լեզվով ինձ համար բարձրաձայն ընթերցեց գրականության ուսուցչուհիս, սկսվեց իմ սերը Նաիրի երկրի հանդեպ։

Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930