Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որոշել ես կյանքդ կապել մի կնոջ հետ, ուրեմն պետք է այնքան տղամարդ լինես, որ գնահատես նրան ու հարմարվես»

Նոյեմբեր 01,2023 12:30

Սերժ Սանդորը եկել է Երեւան եւ դիտել իր պիեսի՝ Ղազանչյանական մեկնաբանությունը

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում հերթական պրեմիերան է՝ «Կանացի կերպարանքները»՝ ըստ Սերժ Սանդորի: Բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումն իրականացրել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, պարերը՝ Արտյոմ Գեւորգյանինն են: Ներկայացման մեջ ներգրավված են Հասմիկ Մխիթարյանը, Լարիսա Ղեւոնդյանը, Նելլի Ճաղարյանը եւ Տիգրան Նահապետյանը:

Հակոբ Ղազանչյանն ասում է, որ երբ 3 տարի առաջ գործը կարդացել է ռուսերենով ու շատ է հավանել, դրա համար էլ բեմադրել է: Կապվել է նաեւ հեղինակի՝ Սերժ Սանդորի հետ, որը եկել է Երեւան եւ դիտել ներկայացումը:

«Ներկայացման պրեմիերան պետք է ավելի շուտ լիներ, սակայն վերջին տխուր իրադարձությունները ստիպեցին հետաձգել ներկայացումը… Սերժ Սանդորն, ի դեպ, եկավ Երեւան, միայն իր համար ցույց տվեցինք… Շատ տպավորված գնաց, զարմացած էր, չէր սպասում, որ Հայաստանում իր պիեսները ինչ-որ մեկի ձեռքը կընկնեն եւ կբեմադրվեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հակոբ Ղազանչյանը:

Հավելում է, որ ամառային արձակուրդի ընթացքում են աշխատել բեմադրության վրա, երբ մեծամասնությունն արձակուրդում էր. «Ներկայացումը պատրաստել ենք ամառային արձակուրդի ժամանակ, օգոստոս ամսին, ես պահեցի դերասանախմբին, եւ մենք մեկ ամսվա ընթացքում իրականացրինք… Պիեսն ավելի կատակերգական ժանրին է հարում, բայց ես դրամա տեսա, միայնակ կանանց դրամա ու ողբերգությունը տեսա… Տարբեր ճակատագրեր, տարբեր մարդիկ՝ իրենց տեսակով, իրենց բնույթով, հանկարծ հայտնվում են նույն բարում… Բոլորը փախչում են ինչ-որ տեղից, ինչ-որ մեկից ու ինչ-որ բանից… Ու ինչ-որ առումով մեղքերի թողության պես մի բան է տեղի ունենում՝ հոգեբանական առումով ազատագրում, կատարսիս: Ողբերգական ճակատագրերով այս կանայք գտնում են իրար, կարծես կառչում են մեկը մյուսից, եւ նոր կյանք սկսելու, նորից վերածնվելու գաղափարն է արծարծվում»:

Հակոբ Ղազանչյանն ասում է, որ կուզենար տղամարդկանց խոսքեր ուղղել այն մասին, որ կինն ուղղակի շնչավոր արարած չէ, ծաղիկ չէ, իր չէ, մարդ է, որի հետ պետք է հաշվի նստել. «Եթե որոշել ես կյանքդ կապել մի կնոջ հետ, ուրեմն պետք է այնքան տղամարդ լինես, որ գնահատես նրան ու հարմարվես՝ եթե անգամ շատ բաների հետ համաձայն չես… Այն ստորացուցիչ վիճակը, որի մեջ հայտնվել էին ներկայացման հերոսուհիները, ուրիշ բան չէր թողնում իրենց, քան փախչել ու գոռալ… Ներկայացման մեջ մի դրվագ կա, որ կանայք երեքով գոռում են, պոռթկում են»:

Ռեժիսորը գոհ է դերասաններից, ասում է՝ լավ են աշխատել: Հերոսուհիներից մեկին հրաշալի մարմնավորել է իր տիկինը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի՝ ձեռագիր ունեցող դերասանուհիներից Լարիսա Ղեւոնդյանը:

Հակոբ Ղազանչյանի ձեւակերպմամբ, ոչ միայն կանայք, այլ ընդհանրապես մարդ արարածը հանելուկ է, եւ կյանքն է մարդկանց դարձնում այնպիսին, ինչպիսին նրանք կան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930