Գիտական ֆանտաստիկայի ո՞ր կանխատեսումներն են իրականություն դառնալու
«Մարդկությունը բաժանվելու է երկու ոչ հավասար մասի՝ մեզ անհայտ չափանիշով, դրա փոքր մասը արագացված ձեւով եւ ընդմիշտ առաջ է անցնելու մեծ մասից, եւ դա տեղի կունենա գերքաղաքակրթության ջանքերով եւ կամքով՝ գերքաղաքակրթություն, որը միանգամայն խորթ է մարդկությանը»: Այդպիսի կանխատեսում է անում մի գիտնական Ստրուգացկիների «Ալիքները հանգցնում են քամին» վիպակում: Այդ՝ «Բրոմբերգի հուշագիր» կոչվող փաստաթղթում հնչեցված «ինսայթներները» տվյալ վիպակում մասամբ ճիշտ են դուրս գալիս, մասամբ՝ սխալ: Իսկ եթե մենք նայենք այսօրվա տեսանկյունից, ապա կարելի է ասել, որ զարգացումների որոշ առանձնահատկություններ գրողները մոտ 50 տարի առաջ կարողացել են կանխատեսել:
Նախ՝ ասենք, թե ինչն է այսօրվա տեսանկյունից մաքուր ֆանտաստիկա թվում: Մարդկությունն, այո, բաժանվում է երկու անհավասար մասի, բայց այդ մասերը զուտ ֆիզիկապես, կենսաբանորեն իրարից չեն տարբերվում: Երկրորդ՝ մեզնից դուրս գտնվող ինչ-որ «գերքաղաքակրթության» նշաններ, կարծես, թե չեն երեւում: Երրորդ՝ այդ բաժանումն, ըստ էության, միշտ էլ կար, սակայն 21-րդ դարում անդունդն, ինձ թվում է, խորանում է:
Հիմա ասեմ, թե ինչն է, իմ կարծիքով, շատ հավանական: Դրա համար արժե, թերեւս, հիշել վիպակից մի դրվագ: Մարդկությունը «տարբերակելու» նպատակով «գերքաղաքակրթությունը» մի բնակավայր է ուղարկում ֆանտաստիկ ու առաջին հայացքից վախենալու կերպարներին: Մեծամասնության ներկայացուցիչների արձագանքը ստանդարտ է՝ նրանք խուճապահար փախչում են: Բայց մի տղա եւ մի տարեց կին չեն վախենում, նրանք կարծում են, որ այդ էակները կա՛մ շատ դժբախտ են, կա՛մ էլ ցանկանում են, որ իրենց հետ խաղան: Մի քանի հոգի էլ, թեեւ սկզբից փախչում է, բայց հետո վերադառնում է. հետաքրքրասիրությունը հաղթում է վախին:
Ահա այն չափանիշը, որով տարբերվում է մեծամասնությունն ու փոքրամասնությունը, սովորական եւ ոչ սովորական, ստանդարտ եւ ոչ ստանդարտ մարդիկ: Արձագանքների այս տարանջատումը («դիսպերսիան»՝ այդ բառն է օգտագործվում վիպակում) հստակ երեւում է մեր ամենօրյա կյանքում: Բերեմ մի պարզունակ օրինակ. մտնում եք մետրոյի վագոն եւ տեսնում եք, որ մի քանի տասնյակ մարդ նստած է՝ հեռախոսների մեջ ընկղմված, բայց մեկը կամ երկուսը նստած է գրքով: Ստանդարտ են խաղերը (երբեմն շատ դաժան) եւ սոցիալական կայքերը, որոնց միջոցով մարդիկ հիմնականում ժամանակ են սպանում. փորձում են խուսափել ձանձրույթից: Դա նույն ալկոհոլն է, թմրամիջոցը կամ ինքնամոռաց շոփինգը: Ոչ ստանդարտը՝ գիրք կարդալն է կամ լսելը: Մի դեպքում «ուրախությունը» չակերտավոր է եւ ժամանակավոր, անընդհատ նոր «դոզա» է պահանջում: Մյուս դեպքում ուրախությունն իրական է, որովհետեւ հիմնված է հետաքրքրասիրության վրա:
Կարդացեք նաև
Մեկ այլ օրինակ է քաղաքականությունը: Կոնկրետ Հայաստանի դեպքում մեծամասնությունն այժմ ծամում է «ռուսամետության – արեւմտամետության», «նիկոլականության – հականիկոլականության» անհամ ծամոնը: Արդյո՞ք այդ օրակարգը պատահական, տարերային կերպով է ձեւավորվում՝ պարզապես ստատուսների, արձագանքների եւ «էմոջիների» համադրման միջոցով: Կարծում եմ, որ՝ ոչ. այդ գործընթացը վերահսկվում է, բայց՝ ոչ թե ինչ-որ ֆանտաստիկ «գերքաղաքակրթության», կամ ինչ-որ մի տեղ հավաքված պայմանական «մասոնների», այլ ալգորիթմների միջոցով, որոնք դրդում են մարդկանց մնալ ստանդարտների, կարծրատիպերի մեջ: Այդ ալգորիթմերը, բնականաբար, կային նաեւ թվային դարաշրջանից առաջ, պարզապես այլ տեսք ունեին ու գործ չունեին զանգվածների հետ:
Ռուսաստանցի հոգեբան եւ աստղաբան Ավեսալոմ Պոդվոդնին տարբերակում էր անձի հասունության մի քանի մակարդակ՝ ոչ հասուն (ինֆանտիլ, դեռահաս, պատանեկան), հասուն եւ ինտեգրալ: Ամեն մի երկրում կա մի քանի հարյուր հասուն մարդ, որը կուլ չի գնում տարբեր տեսակի «ալգորիթմների»: Ինտեգրալ մակարդակը մեզ՝ սովորական մահկանացուներիս, հասանելի չէ: Հայերի մեջ, անշուշտ, եղել են ինտեգրալ անձնավորություններ՝ օրինակ, Գրիգոր Նարեկացին կամ Ներսես Շնորհալին: 20-րդ դարում նույնպես հանդիպում էին այդպիսի մարդիկ՝ միլիոնից մեկը: Այդպիսիք են, իմ կարծիքով, գերմանացի փիլիսոփա, երաժիշտ եւ բժիշկ Ալբերտ Շվեյցերը եւ ամերիկացի կաթոլիկ աստվածաբան ու բանաստեղծ Թոմաս Մերթոնը:
Բայց մեզ՝ սովորական մարդկանց, բաժին է ընկել լինել լավագույն դեպքում հասուն անձնավորություն: Այդ մակարդակը ոչ միայն հետաքրքրասիրությունից առաջացող ուրախություններ է պատճառում (իսկական, ոչ «թմրանյութային» ուրախություններ), այլեւ որոշակի պարտականություններ: Այդպիսի պարտականություններից առաջնայինն է, ըստ իս, մեծամասնության ճնշման տակ չընկրկելը, տհաս չձեւանալը եւ հնարավորինս շատ մարդկանց հասունության մակարդակին հասցնելը:
Այդ առիթով վերջում հիշեցնեմ այն խոսքերը, որոնցով ինտեգրալ անձը՝ Պողոս առաքյալը, դիմում էր հասուն մարդկանց՝ կորթնացիների քրիստոնեական համայնքին. «Մի՛ այլայլվեք ո՛չ փառքից, ո՛չ անարգանքից, ո՛չ գովասանքից եւ ո՛չ մեղադրանքից: Մարդիկ թող մեզ ասեն մոլորվածներ, մենք գիտենք, որ չենք շեղվել ճշմարտությունից: Թող չուզենան մեզ ճանաչել, մենք գիտենք, որ լավ են ճանաչելու մեզ… Թող կարծեն, որ տխուր է մեր կյանքը, մենք միշտ ուրախ ենք: Աղքատ թող համարեն մեզ, մենք շատերի կյանքն ենք ճոխացնում: Այո՛, թվում է, թե ոչինչ չունենք, մինչդեռ ունենք ամեն ինչ» (Բ Կորթնացիներին, 6:8-10):
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.10.2023
Great article. It is the responsibility of a country’s elite (not necessarily government) to make sure that proportion of mature/integral individuals in society is above a critical level. I think the soviet Armenia of the 1980s had such a critical mass, today’s Armenia does not. Yes, times and technologies are different but a critical mass of mature individuals adapts to any circumstance and finds optimal solutions. If they are too few in numbers, society at large will essentially behave like a blind person.