Լրահոս
Օրվա լրահոսը

Տա Աստված, չլինի, բայց եթե իրականում ճիշտ է, դա խոսում է Լեւոն Մնացականյանի կամքի, հայրենասիրության, ըմբոստ կեցվածքի մասին. Սեյրան Օհանյան

Հոկտեմբեր 31,2023 23:13

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղեկություններ չունի ՊԲ գխավոր շտաբի նախկին պետի տեղակալ, Բաքվի բանտում պահվող Լեւոն Մնացականյանի հնարավոր մահվան մասին լուրերից:

«Համապատասխան տեղեկություններ, որ մեր ընկերները իրենց հարազատների հետ կապ են պահպանում կամ թույլատրվում է մերթընդմերթ հեռախոսով զանգել իրենց հարազատներին, ստանում եմ լրատվամիջոցներից: Խորհուրդ կտայի մեր հանրությանը՝ եթե ստույգ տեղեկություններ չկան, որովհետեւ գիտենք՝ ինչ պայմաններում են նրանք գտնվում, որ հնարավոր էլ չէ առանց միջնորդավորված, նկատի ունեմ առանց Կարմիր Խաչի տեղեկություններ ստանալ, չտարածել չճշտված տեղեկություններ:

Տա Աստված, որ այդ տեղեկությունն իրականությանը չհամապատասխանի, չլինի, բայց եթե իրականում ճիշտ է, դա խոսում է Լեւոն Մնացականյանի կամքի ու հայրենասիրության, ըմբոստ կեցվածքի մասին, դա կարող է պատճառ լինել, որ նրան խոշտանգեին կամ ծեծի ենթարկեին: Ճիշտ կլինի, որ պետական մարմինները փորձեն կապ պահպանել, կարծում եմ՝ ՀՀ իշխանություններն այսօր հնարավորություն ունեն կապ հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, նաեւ ճշտել այդ տեղեկությունները»,- Aravot.am-ին ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, միջազգային հանրությունը պետք է գնահատական տա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեւարմանը. «Ամբողջ հայ ժողովուրդը, ես եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր ընկերները ցավ են ապրում, որ նրանք հայտնվել են Ադրբեջանի բանտերում: Կարծում եմ՝ սրա գնահատականը մեկն է, այս ամենը իրականացվել է Ադրբեջանի ապօրինի գործողությունների շնորհիվ, որովհետեւ Արցախը խորհրդային միության փլուզումից հետո դուրս է եկել Խորհրդային միության կազմից, ինքնորոշվել ու վերահաստատել հայ մնալու իր ռազմավարական նպատակն ու ընդհանրացված կամքը: Այնուհետեւ, կերտել է պետություն եւ այդ պետությունն ունեցել է ե՛ւ իշխանություններ, ե՛ւ կառավարություն, ե՛ւ ռազմական ղեկավարություն:

Ընդ որում՝ ռազմական ղեկավարությունը պարտադրված հանգամանք է , որովհետեւ ստեղծվել է Պաշտպանության բանակ, որն իր հիմնական խնդիրն իրականացրել է Արցախի ժողովրդի պաշտպանության համար: Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշմանը պատասխանել է պատերազմով: Այնուհետեւ, հետպատերազմյան տարիներին բոլոր սադրանքների ժամանակ էլ հիմնական ագրեսորը եղել է Ադրբեջանն իր հանցագործ գործունեությամբ: Ինչի համար եմ սա ասում, որովհետեւ Արցախը, որպես օրինական հայկական միավոր, սուբյեկտ, առանձին պետություն օրինական կերպով իրականացրել է իր գործունեությունը: Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները՝թե՛ հարձակողական, թե՛ հակաահաբեկչական, անօրինական են: Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն են գործել, ինչի արդյունքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մնացել է մինչեւ վերջ ու հայտնվել Ադրբեջանի բանտերում: Միջազգային հանրությունը սրա գնահատականը պետք է տա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031