Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային տոնավաճառ՝ արցախցիների համար

Հոկտեմբեր 31,2023 21:05

«Որոշեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ աշխատանք փնտրող արցախցիները կկարողանան հանդիպել գործատուներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Artsakh Career Expo-ի համահիմնադիր Իսկուհի Ստեփանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանում անցկացվեց Artsakh Career Expo աշխատանքային տոնավաճառը, որին մասնակցեցին 54 կազմակերպություններ տարբեր ոլորտներից։ Իսկուհի Ստեփանյանն ասաց՝ նախաձեռնության գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ Արցախում իրավիճակը վատթարացավ․ «Որոշեցինք այնպիսի մի բան անել, որ կարողանանք օգտակար լինել արցախահայությանը, և առաջացավ այս էքսպոյի գաղափարը։

Տարբեր անհատներ, կազմակերպություններ փորձում են օգնել արցախահայերին, որոշեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ կմիավորենք մեծ թվով գործատուների և կկարողանանք հնարավորություն տալ աշխատանք փնտրող մարդկանց գալ, ներկայանալ, հանդիպել գործատուների հետ, շփվել, ստեղծել կապեր ու գտնել աշխատանք»։

Նաև արցախցիներին տրամադրվում են տարբեր անվճար դասընթացներ, նրանց օգնում են կազմել մրցունակ CV-ներ, օգնում պատրաստվել հարցազրույցներին։ Իսկուհի Ստեփանյանը տեղեկացրեց՝ նախապես հայտագրմանը մասնակցել է 700-ից ավելի արցախցի․ «Մասնագիտությունները տաբեր են՝ սկսած սպասարկման ոլորտից, մինչև ինժեներներ, ուսուցիչներ, վարորդներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, բժիշկներ։ Ի սկզբանե նախապայման ենք ունեցել, որ այն կազմակերպությունները, որոնք կմիանան մեզ, պետք է ունենան նվազագույնը 20 ազատ հաստիք։ Բայց ունենք ավելի խոշոր կորպորացիաներ, որոնք բնականաբար, ավելի մեծ թվով հաստիքներ ունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Food republic» կազմակերպության մարքեթինգի տնօրեն Էլինա Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Մենք ներկայացնում ենք վեց տարբեր ռեստորաններ՝ եվրոպական, ասիական և ամերիկյան ոճի։ Մեր տարբեր ռեստորաններում մոտ 15-20 արցախցու կկարողանանք ապահովել աշխատանքով։ Այժմ բավականին մեծ ակտիվություն է գրանցվում տարբեր ոլորտներից․ մարդ կա, որ փորձ ունի խոհանոցային ոլորտում և դիմում է շարունակելու իր կարիերան, բայց նաև մարդիկ կան, որ որոշել են նոր ոլորտ սկսել։ Մենք էլ պատրաստ ենք իրենց հետ աշխատել, մասնագիտական հմտություններ փոխանցել, սովորեցնել և զրոյից միասին սկսել»։

Էլինա Սահակյանն ասաց, որ անպայման սկզբից որոշակի թրեյնինգ կանցկացնեն՝ գիտելիքներ կփոխանցեն, որից հետո փոքրիկ քննական գործընթաց կլինի, և երբ որակավորումը կարողանան հաստատել, այդ ժամանակ անձը պատրաստ կլինի աշխատանքի անցնել․ «Դա բավականին արագ է տեղի ունենում, և միաժամանակ կարողանում են արդեն որոշակի աշխատանքներ կատարել։ Այնպես չէ, որ գալիս երկու ամիս չեն աշխատում և աշխատավարձ չեն ստանում։ Մարդիկ միանգամից վճարվում են, փոքրիկ գործով օգնում են, որ արագ ինտեգրվեն և տեղում գործի վրա գործնականորեն կարողանան այդ հմտությունները ձեռք բերել»։

Մանրամասները՝  տեսանյութում

GG ընկերությունից Կարինա Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ այս պահին քանի՞ արցախցու կարող են իրենց թիմ ընդունել, նա պատասխանեց՝ այսպիսի նախաձեռնությամբ իրենք էլ են հանդես եկել, քանի որ Արցախում հենց GG-ն մեծ թիմ ուներ․ «Մեծ թվով մարդիկ ունեինք Արցախում, որոնք համագործակցում էին իրենց մեքենաներով մեզ հետ։ Ինքներս էլ այսպիսի բան էինք նախաձեռնել, որ այն մարդիկ, որոնք Արցախից տեղափոխվել են ՀՀ, մեր մեծ թիմին միանան՝ որպես վարորդ գործընկերներ մի փոքր այլ պայմաններով՝ ավելի ճկուն։

Նաև կա հնարավորություն մեր ներքին թիմին միանալու․ որպես ծրագրավորման կազմակերպություն՝ տարբեր թափուր հաստիքներ ունենք, որոնք էլ տոնավաճառի ընթացքում ներկայացնում ենք։ Մեծ թիմին՝ որպես վարորդ ներգրավվել կարող են անսահմանափակ թվով մարդիկ․ սիրով պատրաստ ենք համալրել, ներքին թիմի մասով միանալու հնարավորություններն էլ են շատ։ Երկար ժամանակ է՝ ինչ հարցազրույցների փուլն ենք սկսել, արդեն ունենք ինթերնշիփի փուլում գտնվող արցախցիներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031