Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆեյսբուքում հրապարակում են տվյալ, սկսում են մեղադրել՝ ո՞նց եղավ, որ մեր կողքի երկրում բենզինի գինն այսքան է». Գեղամ Գեւորգյանը՝ բենզինի շուկայի մասին

Հոկտեմբեր 31,2023 18:35

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը այսօր 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ իրենք կարգավորել են «զեղչերի» հարցը. «Զեղչերի իրականացումը տնտեսվարող սուբյեկտների կողմից այսօր, կարելի է ասել, որ էական փոխվել է: Զեղչերի հայտարարություններն ու իրականությունը բազմաթիվ դեպքերում իրար հետ դարձել են համահունչ»:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը խնդրեց ներկայացնել, թե ինչ է կատարվում բենզինի, դիզվառելիքի շուկայում, հակամրցակցային պայմանավորվածություն է: Գեղամ Գեւորգյանը պատասխանեց, որ ամեն անգամ, երբ ինքը խոսում է բենզինի շուկայից, գնային տատանումներ են լինում ու լրագրողները կարծում են, թե իր հարցազրույցը նշանակություն ունի:

Եթե իսկապես իր ասելով է գինը որոշվում, ուրեմն ասում է՝ բենզինը թող 200 դրամ լինի. «Ուսումնասիրություն ենք կատարում, արդյունքները գրեթե պատրաստ են: 2022-ի հունվարից մինչեւ 2023-ի սեպտեմբերի ամբողջ տեղեկատվությունը վերլուծել ենք, անցած անգամ ասած իմ խոսքերը կարծես այս պահին հաստատվում են, որ ՀՀ-ում գնային տատանումները գերազանցապես կապված են եղել ներմուծման ծավալի եւ գների հետ, որովհետեւ 2022-ի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին եղել է բարձր գին, հետո նույն բանը տեղի է ունեցել 2023-ի վերջին ամիսներին: Որ նայում ես ներմուծման արժեքները 1լ/դոլար համամասնությամբ, գրեթե նույնական են: Ընդ որում, դոլարի փոխարժեքը վերցնում ենք տվյալ օրը բիզնեսի կողմից ձեռք բերված դոլարի փոխարժեքը, ոչ թե ԿԲ-ի տված միջին գինը եւ գումարում ենք ծախսեր: Մենք տեսնում ենք ծախսագրման հետ կապված մի փոքր խնդիր, որոնք էլի կարգավորվում են: Եվ մանրածախ գնի մարժաները  էլի առնվազն բարձր լինելու տեսքով մտահոգիչ չեն: Եթե բորսայում գինը բարձր է, չի կարող ՀՀ-ում էժան լինի: Մյուս հարցը, որը մամուլում տարածվում է, ես չգիտեմ, թե տարբեր երկրների վերաբերյալ վերլուծությունները որտեղից են հայտնվում եւ այդ վերլուծությունները ինչ արժեք ունեն, տպավորություն է, որ մեկը ֆեյսբուքյան էջում հրապարակում է տվյալ եւ դա  դառնում է բացարձակ ճշմարտություն, սկսում են մեղադրել՝ ո՞նց եղավ, որ մեր կողքի երկրում գինն այսքան է:

Ձեզ հավաստիացնում եմ, վերցրեք Վրաստանի պաշտոնական տվյալները, համեմատեք այն նույն բենզինը, որը գնվում է Ռուսաստանից, եւ համեմատեք Վրաստանից ձեռք բերված մանրածախի գինը ՀՀ-ի գնի հետ: Մեկ բան հաշվի առեք՝ Վրաստանից Հայաստան գալու համար տնտեսվարողները վճարում են բավականին լուրջ գին՝ տեղափոխման, պահպանման եւ այլնի համար: Գումարած դրան՝ ՀՀ երկաթուղիները եւս ծախս են, որովհետեւ տեղափոխում են, բենզինը տանում են Չարբախ, Չարբախից՝ պահեստներ, այդ բոլոր ծախսերը, խնդրում եմ, նստենք իրար հետ հաշվենք ու հասկանանք՝ արդյոք ՀՀ-ում բենզինի կամ դիզվառելիքի գինը թանկ է: Ինչ վերաբերում է համեմատությունը Իրանի կամ Բելառուսի հետ, դա անօգուտ աշխատանք է, որովհետեւ ես, օրինակ, չեմ համեմատում Շվեյցարիայի կամ Գերմանիայի հետ, անհամեմատելի բաներ են: Հիմա մենք ամեն անգամ պետք է ասենք՝ ո՞նց եղավ, որ Ղազախստանում բենզինն էժան է, Ղազախստանն ունի բենզին, ժողովուրդ ջան եւ դիզվառելիք:

Մեր երկրի խնդիրը ոչ թե էժան կամ թանկ գին ապահովելն է, այլ ապահովել արդար մրցակցային գներ: 2018-ից սկսած՝ շատ կարեւոր մի պրոցես է տեղի ունենում՝ ՀՀ-ում էականորեն փոխվել է դերակատարների ծավալն այդ շուկայում, դա եւս փաստ է, կարող եք հանգիստ ստուգել եւ այդ պրոցեսը չի բերել առաջին, երկրորդ տեղ ներմուծողի վերացման, շուկայից դուրս գալու, մենք արհեստական ճանապարհով ինչ-որ մեկին չենք մտցնում ու հանում շուկայից, թողնում ենք, որ շուկան ինքը աշխատի: Դա նշանակում է՝ այն տնտեսվարողը, որը տարիների ընթացքում ստեղծել է իր տնտեսությունը, այսպես թե այնպես մնում է շուկայում, բայց միեւնույն ժամանակ շուկայում ավելանում են նոր խաղացողներ, առաջինի մասնաբաժինը քչացել է, երկրորդինը փոխվել է, երրորդինը՝ ձեւափոխվել է: Սա է ամբողջ մրցակցության իմաստը»: Գեղամ Գեւորգյանը զարմանք հայտնեց, թե ինչու է Հայաստանում այդքան ուռճացվում բենզինի, դիզվառելիքի գինը, որովհետեւ ավելի շատ սպառում ունի գազը, հեղուկ գազը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031