««Հյուսիս-հարավ» ծրագրի հետ կապված դրականն այն է, որ մի շարք հատվածներում մենք վերջապես մտանք շինարարության փուլ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Մասնավորապես, երկար տարիներ կառուցված էին Արտաշատից Երեւան եւ Երեւանից Աշտարակ հատվածները: Ընդ որում, Երեւանի որոշ հատվածներում կան տարբեր դատական հարցեր, ինչի համար էլ աշխատանքները կամ դանդաղ են առաջ գնում, կամ առաջ չեն գնում, բայց կարծես դրանք էլ են լուծում ստանում: Հիմա մենք շինարարության փուլ ենք մտել Աշտարակից Թալին հատվածում, որը բավական կարեւոր հատված է։ Գիտեք, որ գործող փոխարինող ճանապարհը շատ ոլորաններ ունի, հաճախ նաեւ վթարներ են լինում, անհարմար է երթեւեկել, եւ մենք երկու շինարարական ընկերություն ունենք, մեկն աշխատում է, մյուսն էլ առաջիկայում շինարարության մեջ կմտնի, եւ յուրաքանչյուրը 18 ամիս ժամկետ ունի՝ այդ աշխատանքներն ավարտելու։ Լանջիկից Գյումրի հատվածի հիմնական մասն այս տարի կավարտվի, կմնան ճանապարհի կահավորման կամ որոշ այլ փոքր աշխատանքներ: Եթե եղանակները թույլ տան, ասֆալտապատումը գրեթե ամբողջությամբ կավարտվի: Եվ մենք վերջապես սկսել ենք հարավի առաջին՝ Ագարակից մինչեւ Քաջարան հատվածի աշխատանքները: Շինարարական մրցույթն իրականացրել ենք, հաղթող իրանական ընկերություն ունենք: Եվ վերջերս պայմանագիրը շնորհել ենք, այնտեղ նույնպես 2024 թվականին արդեն շինարարական աշխատանքներ կսկսվեն»,- ասաց նախարարը։
Գնել Սանոսյանը հավելեց․ «Այսինքն՝ մենք տրամադրված ենք «Հյուսիս-հարավը» իրականացնել, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Ընդ որում, խնդիրը ֆինանսականը չէ, խնդիրը տարբեր տեսակի քննարկումներն ու բարդություններն են, երբեմն դոնորների հետ կապված հարցերում կան անհամաձայնություններ»։ Նա հավելեց, որ հատվածներ կան, որոնց շինարարությունը 5-6 տարի ժամկետ է պահանջում։
Գնել Սանոսյանը խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր նաեւ ասել էր, որ «Հյուսիս-հարավ» ծրագրի համար 2024 թվականին նախատեսված է 42,5 մլրդ դրամ ֆրինանսավարում՝ տարբեր հատվածներում շինարարություն սկսելու կամ շարունակելու համար։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ