Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ում, ցավոք, չկա միասնական կոնսենսուս Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ». Վիկտոր Ռիխտեր

Հոկտեմբեր 31,2023 17:47

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը, որոնք նաեւ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ են, հոկտեմբերի 31-ին ընդունել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին:


Ռուստամ Բաքոյանն ընդգծել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումն ու բարեկամական հարաբերությունները: Հանձնաժողովի փոխնախագահը դեսպանին տեղեկացրել է վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած գործընթացների մասին՝ նշելով, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը կանգնած են դժվարությունների եւ մարտահրավերների առջեւ: «ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար հայեր եկել են Հայաստան: 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար հարձակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, եւ այդ ռիսկերն այսօր էլ գոյություն ունեն»,-ասել է Ռուստամ Բաքոյանը եւ հավելել, որ ավելի քան 9 ամիս Ադրբեջանը շրջափակման մեջ է պահել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությանը, որից հետո՝ սեպտեմբերի 19-ին, տեղի է ունեցել ռազմական ագրեսիան՝ իր բոլոր հետեւանքներով: Հանձնաժողովի փոխնախագահի տեղեկացմամբ ռուս խաղաղապահների զորախումբն այդ իրավիճակում չի կատարել եռակողմ պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները, ինչի հետեւանքով զոհվել են հարյուրավոր հայեր, իսկ նրանցից շատերը ենթարկվել են անդամահատումների եւ անարգումների: Այսինքն՝ տեղի են ունեցել մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներ: «Այս առումով անհրաժեշտ եմ համարում Ադրբեջանի հանցավոր եւ անթույլատրելի գործողությունների վերաբերյալ մեր միջազգային գործընկերների հասցեական արձագանքը: Իր հանցավոր վարքագծով Ադրբեջանը խաթարում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքները, գոյաբանական սպառնալիք հանդիսանալով ամբողջ հայության համար»,-ասել է Ռուստամ Բաքոյանը՝ նշելով նաեւ պաշտոնական Ադրբեջանի ցինիկ հռետորաբանությունը՝ կապված, այսպես ասած, «Արեւմտյան Ադրբեջանի» հետ՝ նկատի ունենալով Հայաստանի տարածքները՝ Սեւանից մինչեւ Սյունիք: «Կարծում եմ, որ Ադրբեջանի տարածքային ակնկալիքներն ու հանցավոր գործողությունները պետք է զսպել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ»,-նշել է հանձնաժողովի փոխնախագահը:

Դեսպան Վիկտոր Ռիխտերը նույնպես բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունները՝ շեշտելով, որ Գերմանիան մշտապես Հայաստանի կողքին է, եւ բարեփոխումների ճանապարհին աջակցում է Հայաստանին: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Վիկտոր Ռիխտերն ընդգծել է, որ Գերմանիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը ԼՂ բնակչության նկատմամբ եւ իր աջակցությունն է հայտնում բռնի տեղահանվածներին: «Գերմանիան աջակցում է նաեւ խաղաղության գործընթացին եւ աջակից է խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին: Գերմանիան հույս ունի, որ երկու կողմերը կհասնեն արդար խաղաղության, որը երկարատեւ կայունություն կապահովի տարածաշրջանում»,-ասել է դեսպանը: Նրա խոսքով Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական դիրքորոշումներն ու ագրեսիաները եւ կարծում է, որ ուժի կիրառումը չպետք է անհետեւանք մնա: «ԵՄ-ում, ցավոք, չկա միասնական կոնսենսուս պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ»,- հայտնել է գերմանացի պաշտոնյան:

«Չափազանց կարեւորում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանը եւ ամենակարեւորը՝ խաղաղության գործընթացին: Եվ չափազանց կարեւոր էր վերջերս Գրանադայում ստորագրված հայտարարության տեքստը, որտեղ, ըստ էության, Գերմանիան իր աջակցությունը հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը, եւ իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների պահպանմանը»,- իր խոսքում նշել է հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, որ հանդիպումն ավելի արդյունավետ կլիներ, եթե հանդիպմանը մասնակցեր նաեւ Ադրբեջանը, ինչպես նախատեսված էր:

Արթուր Հովհաննիսյանը դեսպանին ներկայացրել է նաեւ մեր երկրի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը, ինչի նպատակով էլ նախաձեռնվել եւ մշակվել է «Խաղաղության խաչմերուկ» անվանումը ստացած նախագիծը, որում ներկայացվում է կոմունիկացիաների բացման վերաբերյալ Հայաստանի առաջարկը:

Այս համատեքստում դեսպան Ռիխտերը տպավորիչ է համարել Հայաստանի ջանքերը՝ նշելով, որ հայկական կողմը, իսկապես, կառուցողական մոտեցում ունի խաղաղության գործընթացին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031