Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ու ռազմարդյունաբերության ոլորտը մրցակից չունի»․ Հակոբ Արշակյան

Հոկտեմբեր 31,2023 17:43

«Ակնհայտ է, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ու ռազմարդյունաբերության ոլորտն ուղղակի մրցակից չունի»,-  այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Առաջին հերթին պետք է նշել, որ նախորդ տարի 60 տոկոսից ավելի աճ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, աշխատակիցների քանակը 43 հազարը գերազանցում է, իսկ ՀՆԱ-ում կշիռը 5,1 տոկոսն է գերազանցում, որը, կարծում եմ, շատ լավ ցուցանիշ է։ Հուսով եմ, որ մենք կունենանք ոլորտի շարունակական աճ, եւ պետական աջակցության ծրագրերից երկուսով շուրջ 12 մլրդ դրամ աջակցություն է տրվել արտահանող այն ընկերություններին, որոնք դոլարի փոխարժեքի պատճառով կամ տուժել են իրենց կնքած պայմանագրերի մեջ, կամ կարող էին ռիսկ ունենալ, եւ այն ընկերություններին, որոնք նոր են մտել շուկա։ Կարծում եմ, որ երկմտանքի տեղիք չի տալիս այն փաստը, որ մրցակցային առավելության տեսանկյունից Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտն ուղղակի չունի մրցակից։ Այսինքն` Հայաստանն այլ երկրների հետ մրցակցելու, արդյունաբերությունը, տնտեսությունը զարգացնելու տեսանկյունից մրցակցային բոլոր պարամետրերով բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջին տեղում է։ Եվ դա նաեւ ցույց է տալիս ոլորտի շարունակական աճը։ Սա նշանակում է, որ մենք ապագայում ավելի ու ավելի մեծ ներդրումներ պետք է անենք ոլորտում, որովհետեւ դրված մեկ դրամ փողի դիմաց մենք ստանում ենք շատ ավելի մեծ արժեք, քան այլ ոլորտներում»,- ասաց Հակոբ Արշակյանը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ ոլորտի ֆինանսավորումը նվազել է։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց․ «Ես կդժվարանամ բոլոր դետալներով մեկնաբանել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բյուջեի տարբեր ծրագրերն ու միջոցառումները, եւ թե ինչ պատճառներով են դրանց մեջ տեղի ունենում նվազումներ, բայց բնականաբար մենք դա շատ մանրակրկիտ քննարկել ենք ու ստացել ենք այս փաստաթուղթը։ Բոլոր լավ ցանկություններն ունեն գին։ Եվ մենք, երբ խոսում ենք այդ արդյունքներից, պետք է նաեւ խոսենք այն գնից, որը մենք պետք է վճարենք՝ այդ ավելացումներն անելու համար։ Իսկ այդ գինը կամ պետք է լինի եկամուտների ավելացումը, կամ այլ ոլորտներում ծախսերի կրճատումը, կամ պարտքի ավելացումը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031