Անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Գյումրու Հովսեփյան փողոցի տնակներից մեկում։ Այս փողոցում է գտնվում Գյումրու տարածքային հարկային տեսչությունը։
Տարածքում գիշերային հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել դանակահարության մասին։ Ոստիկանները բացահայտել են, որ գիշերը ժամը 02․00-ի սահաններում թաղի տղաների մասնակցությամբ մեծ վիճաբանություն է տեղի ունեցել այդ փողոցում։
Վիճաբանություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության «Կումայրի» բաժին են տարել երեք հոգու, տուժողին էլ շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։
Նրա մոտ ախտորոշվել է «աջ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք՝ արյունահոսող եզրերով»։
Կարդացեք նաև
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ հիվանդը համապատասխան բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Ոստիկանությունից լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են:
Գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ վճաբանությունը ծագել է աղջկա պատճառով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ