Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակ իրավիճակ է, սա անթույլատրելի է ու անարդար է». Պատգամավորները բողոքում են «Վեոլիա ջրից»

Հոկտեմբեր 31,2023 17:25

Այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվեց՝ 5G-ի մասով զարգացումներ կա՞ն: Նա պատասխանեց. «Որոշակի առաջաղացում ունենք, վերջերս իրականացրեցինք 700 եւ 800 ՄՀց մրցույթներ: Նախատեսված է 5G տեխնոլոգիաների ներդրում, մրցույթի հաղթող օպերատորներին նման պահանջ է ներկայացվել: Ով հաղթել է, կա նաեւ պահանջ, որ ստեղծվեն լաբորատորիաներ, նաեւ Ակադեմիական քաղաքում, որ պետք է կառուցվի, այդ քաղաքում պետք է ներդրվի 5G տեխնոլոգիայով ինտերնետ ծածկույթ»: Արշակյանը պարզաբանեց, որ դա ոչ թե տեսանյութերի, սոցցանցերի համար է, այլ՝ ավելի շատ մեքենաների կապի, արտադրական գործընթացների համար է, որտեղ արագ ու մեծ թողունակության կապի կարիք կա:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը դժգոհեց խմելու ջրի հետ կապված «Վեոլիա ջրից», որ մի տեղ կորուստ է ունենում, ծախսում ջրի քանակ ու հետո ասում՝ դե այդ ծախսը հավասարապես պետք է բոլորդ փակեք. «Գյուղում մեկը ոռոգման տակ է օգտագործում այդ ջուրը, մյուսը՝ դույլով կրում է: Սա անթույլատրելի է, անարդար է, սա ճիշտ չի եւ սա 21-րդ դարին, առավել եւս՝ ֆրանսիական ընկերությանը չսազող բան է: Մենք ունենք պետություն, չե՞նք գնում այդ մարդկանց ասենք՝ պետք է այդ ներդրումները անեք, եթե չանեք, կշարունակենք ունենալ ծայրահեղ անարդարություն նույն բնակավայրում տարբեր մարդկանց մեջ»:

Բաղրամյանը պատասխանեց, որ «Վեոլիա ջուրը» վարձակալել է ջրամատակարարման համակարգը եւ ունի պարտադիր կատարման ենթակա ներդրումներ շուրջ 3,7 մլրդ դրամ տարեկան, բայց հիմնականում դա հասցնում է 4-5 մլրդ-ի. «Սա, կարելի է ասել, կաթիլ է ծովի մեջ: Հիմնական ներդրումային պարտավորությունը՝ ինքը վարձել է ենթակառուցվածքը եւ վարձակալություն է մատուցում, ներդրումները պետք է ուղղվեն հրատապ լուծում պահանջող, վթարների արդյունքում խնդիրների լուծմանը, իսկ հիմնական ներդրումային պահանջը դրված է Ջրային կոմիտեի եւ պետության վրա: Մոնիտորինգի արդյունքում մենք արձանագրել ենք, որ մի ամբողջ գյուղում ընդհանրապես  ջրաչափ դրված չի եղել ու բացատրությունը սա է՝ քանի որ գյուղում իրականացված չեն ներքին ցանցի համապատասխան ներդրումներ, ջրաչափերի տեղադրումը բերելու է խողովակների պայթեցման»:

Պապոյանն արձագանքեց. «Ես ձեզ դեպքերով կներկայացնեմ, իրականում խայտառակ իրավիճակ է: Մասնավորապես, կարող են հաշիվներ գալ մարդկանց, ասենք, 2010 թվականից սկսած, երբ գյուղի այդ հատվածում վերջին անգամ  ջուր եղել է 1989 թվականին: Չգիտես ինչու, որոշել են, որ 2010-ից պետք է գյուղ մտնող ամբողջ ջուրը բաժանեն մարդկանց ու տրամաբանությունը, երբ ասում ես՝ ջուր չի եղել, ասում են՝  դե հիմա ինչ-որ տեղից վերցրել ես, չէ՞, թեկուզ դույլով, ուրեմն պետք է վճարես, սա՝ մեկ խայտառակություն: Ես սրա հետ կապված ձեզ կոնկրետ դեպքերով կնկարագրեմ: Երկրորդը՝ Երեւան քաղաքից եմ այս բողոքը ստացել, «Վեոլիա ջուրը» սա արել է երկար ժամանակ ու հիմա խնդիրներ են առաջանում հատկապես ամռանը: 4-5 հարկանի շենքերից մատոռները հանում են, տանում ու դնում են 14 հարկանի շենքերի տակը: Այսինքն, 14 հարկանի շենքի մատոռը վառվում է, 4 հարկանի շենքի տակից են հանում տանում: Եվ 4-5 հարկանի շենքերի 4-րդ, 5-րդ հարկերում ջրի ճնշում չկա եւ Երեւանում շատ տարածված դեպք է դա հիմա արդեն, երբ մարդիկ իրենք իրենց համար քաշող նասոսներով են ջրի հարցը լուծում: Այստեղ ի՞նչ ունի անելու հանձնաժողովը, թե՞ սա էլ «Վեոլիային» կարելի է, ու այդ վարքագիծը էլի նորմալ է իրենց համար»:

Գարեգին Բաղրամյանը հորդորեց կոնկրետ հասցեներն ուղարկել. «Այդ ամբողջը մեր իրավասության շրջանակում է, գործիքակազմը կա դրա: Կա ֆիքսված, թե բազմաբնակարան շենքի առաջին հարկում որքան պետք է ապահովեն ջրի ճնշումը»: Պապոյանը խոստացավ ուղարկել ոչ միայն հասցեները այլեւ բողոքողների անունները՝ մեկ առ մեկ:

ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը միացավ «Վեոլիա ջրից» բողոքողներին ու ասաց, որ փողոցները երկար ժամանակ քանդած են մնում, մարդիկ փոշու ու կեղտի մեջ, որովհետեւ այդ ընկերությունն անհասանելի է լինում, օրինակ՝ Փարաքար համայնքում. «Արարատյան փողոցը անցյալ տարի նոյեմբերին ես այց եմ ունեցել, դեռ 3 ամիս քանդած է եղել, պարզվել է, որ կա հորերի խնդիր, պետք է «Վեոլիան» գա կարգավորի, անցել է մեկ տարի, ու խնդիրը լուծված չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031